13:10 | 28.12.18 | Նորություններ | exclusive 16220

2018-ի զարգացումները՝ հայաստանյան ՏՏ-ում

Itel.am-ը, ամփոփելով տեխնոլոգիական 2018-ը, ներկայացնում է տարվա կարեւորագույն դեպքերն ու դեմքերին:

Նոր հետաքրքրություն՝ բլոկչեյն եւ կրիպտո

Բլոկչեյնի եւ կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր դեռեւս 2017թ. վերջից, երբ բիթքոինի փոխարժեքը հասավ $20.000-ի: Հունվարին Հայաստան այցելեց բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսը՝ ծանոթանալու երկրի բլոկչեյն եւ կրիպտո ներուժին ու հեռանկարներին:

Այցի արդյունքներով ոգեւորված՝ նա որոշեց Հայաստանում իր ընկերության մասնաճյուղը բացել:

Սպանոսը նաեւ Երեւանում առաջին անգամ անցկացվող Yerevan Blockchain Hackathon-ի ժյուրիի կազմում էր: Հաքաթոնին մասնակցեց 7 թիմ, որից 4-ն արժանացավ մրցանակի:

Օգոստոսին Սպանոսը նորից վերադարձավ Հայաստան՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչներին առաջիկա ընտրությունները բլոկչեյն տեխնոլոգիայով անցկացնելու վերաբերյալ խորհուրդներ տալու նպատակով:

Այս շրջանում ակտիվացան Հայաստանում բլոկչեյնին եւ կրիպտո աշխարհին նվիրված լոկալ միջոցառումները: Ներկայում հայկական ՏՏ-ում գործում է զարգացման տարբեր մակարդակ ունեցող մեկ տասնյակից ավելի ստարտափ, որոնք նմանատիպ լուծումներ են առաջարկում:

Նոյեմբերին էլ Երեւանում կայացավ Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որին մասնակցեց շուրջ 350 մասնակից եւ 35-ից ավելի խոսնակ՝ 20 երկրից:

Միջազգային ընկերությունների մուտքը Հայաստան

Հոկտեմբերի սկզբին Հայաստանում գրասենյակ բացելու մասին հայտարարեց ՏՏ ոլորտի ամերիկյան DISQO ընկերությունը:

Ամռանը $13.5 մլն ներդրում ստացած ընկերությունն ունի հայ հիմնադիրներ: DISQO-ն սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում աշխարհի առաջատարներից է:

Հայաստանում մասնաճյուղ բացելու մասին գրեթե միաժամանակ հայտարարեց նաեւ տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերությունը: Itel.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը:

Նրա խոսքով՝ նպատակը պրոդուկտի զարգացմամբ զբաղվող թիմի մեծացումն է:

Կանադական ISB ընկերությունը եւս արտասահմանյան այն ընկերությունների թվում է, որոնք այս տարի ներկայություն հաստատեցին Հայաստանում: ISB-ն արդեն գործում է Ինժեներական քաղաքում:

1972-ից գործող ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում էլեկտրոնային անվտանգության եւ ավտոմատացման արտադրանքի, մետաղի դրոշմման եւ արտադրության մեջ:

Հայաստանի «հետքը» միջազգային ՏՏ ոլորտում

Փետրվարին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովում Հայաստանին փոխանցվեց 2019թ. համաժողովը Երեւանում անցկացնելու էստաֆետը:

Արդեն հայտնի են համաժողովի անցկացման օրերը: 2019թ. հոկտեմբերի 6-ից 9-ը Երեւանում կայանալիք համաժողովը կհամախմբի տեխնո ոլորտի 2500 ներկայացուցչի ավելի քան 80 երկրից:

Հնդկաստանում կայացած միջոցառման ժամանակ նաեւ հայտնի դարձավ, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի Հնդկաստանի դպրոցներում։

Նույն միջոցառման ժամանակ «Թումո» կենտրոնն արժանացավ համաժողովի նախագահ Իվոն Չյուի մրցանակին՝ «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։

Սեպտեմբերին էլ Փարիզում բացվեց «Թումո Փարիզ»-ը՝«Թումո»-ի առաջին միջազգային կենտրոնը: Այնտեղ սովորում է շուրջ 1500 պատանի:

«Բարի գալուստ, Հայաստան»

Hanson Robotics ընկերության արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆյան հոկտեմբերին ժամանեց Երեւան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:

Սոֆյան որպես խոսնակ մասնակցեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում կազմակերպված բիզնես ֆորումին եւ մի շարք այլ միջոցառումների:

Աշնան վերջին Հայաստան ժամանեց «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդը՝ ստանալու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը:

Նա նաեւ մասնակցեց «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը:

Ինչպես ամեն հոկտեմբերին, այս տարի էլ ավանդաբար Երեւանում կայացավ HIVE Ventures-ի ամենամյա տեխնո համաժողովը: Այն միավորեց հայաստանյան ՏՏ համայնքի ներկայացուցիչներին եւ Սիլիկոնյան հովտից խոսնակների:

Դրամաշնորհներ՝ ստարտափներին

Հունիսին Վանաձորում կայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը:

Ծրագրի նախնական փուլում ընդգրկված էր 16 թիմ, որոնցից 6-ը ստացավ €35 հազ. դրամաշնորհ՝ նախատեսված 9 ամիս տեւողությամբ ծրագրերի համար։

Նոյեմբերի 27-ին հայտնի դարձան ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) հաղթողները։

Ծրագրի հաղթող դարձավ 15 ստարտափ՝ արժանանալով €6 հազ.-ից €15 հազ. արժողությամբ եւ 6 ամիս տեւողությամբ դրամաշնորհի:

Դեկտեմբերին էլ հայտնի դարձան STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի վենչուրային համաժողովի հաղթողները:

Ստարտափ էկոհամակարգը եւ բուհերը

Աստիճանաբար, Հայաստանի բուհերը եւ ՏՏ-ն սկսում են ավելի ակտիվ համագործակցել: Այդ համագործակցության շրջանակում բացվում են ինկուբատորներ հենց բուհերի ներսում, որոնք աջակցում են սաղմնային փուլում գտնվող ստարտափներին:

Այդ ծրագրերից էին՝

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի ինկուբացիոն ծրագիրը:

Հունիսին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացված Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը:

Startup Boost Weekend միջոցառումն այս տարի անցկացվեց երկու անգամ: Նախ Հայաստանի ամերիկյան համալսարանում, ապա դեկտեմբերին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Նպատակն էր խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը ուսանողների շրջանում։

ՏՏ միջոցառումներ

ԲարՔեմփ Երեւան - արդեն 10-րդ տարին կազմակերպվող երկօրյա (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

ԴիջիԹեք 2018, որն ունեցավ 80 հազ. այցելու եւ 120 մասնակից ընկերություն:

DevFest ամենամյա տեխնոլոգիական կոնֆերանս – միջոցառումը 7-րդ անգամ միավորեց Google-ի եւ բաց կոդով տեխնոլոգիաներով հետաքրքրված ՏՏ ոլորտի շուրջ 250 մասնագետի եւ ներդրողի։

«Սեւան Ստարտափ Սամմիթ, որը Սեւանում հյուրընկալեց ավելի քան 1000 մասնակցի՝ աշխարհի 35 երկրից:

Seedstars միջազգային մրցույթի հայաստանյան եզրափակիչ, որի հաղթող D'efekt ստարտափը 2019թ. Հայաստանը կներկայացնի մրցույթի միջազգային փուլում:

«ՆերՈւժ» ստարտափ ծրագիր, որին մասնակցեց 70 ստարտափ, որոնցից 50-ը՝ Սփյուռքից:

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողով, որի նպատակն էր ներկայացնել բարձր տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի մարզերը հզորացնելու հեռանկարը:

«Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» երկօրյա գիտաժողով, որի շրջանակում հոկտեմբերին ներկայացվեցին զեկույցներ, անցկացվեցին նիստեր՝ վերականգնվող էներգետիկայի, կիբեռանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի, մեքենայական ուսուցման եւ քվանտային հաշվարկների թեմաներով։

JavaScript Conference Armenia 2018, որին մասնակցեց ոլորտի 700-ից ավելի մասնագետ, ինչպես նաեւ ավելի քան 20 խոշոր ՏՏ ընկերություն՝ Հայաստանից, Գերմանիայից, Ֆինլանդիայից եւ ԱՄՆ-ից։

Այլ իրադարձություններ

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարեց Հեռանկարային լուծումների կենտրոնի (ASCENT) գործարկման մասին: FAST-ը անցնող տարում նաեւ ՀՀ-ում հրեշտակ ներդրողների ցանց գործարկեց:

Այս տարի նաեւ բացվեց Beeline Ստարտափ Ինկուբատորը, որի գլխավոր նպատակն է օգնել հայկական ստարտափներին առաջին քայլերն անել շուկայում։

Armenia Startup Academy - նախաաքսելերացիոն ծրագրի մի քանի շրջաններին այս տարի մասնակցեց երկու տասնյակից ավելի ստարտափ՝ 12 շաբաթների ընթացքում զարգացնելով իրենց պրոդուկտը:

Նարինե Դանեղյան