10:55 | 04.09.18 | Հոդվածներ | exclusive 67761

Նիք Սպանոս. Հայաստանի հաջորդ հեղափոխությունը բլոկչեյնով ընտրություններն են

Blockchain Technologies Corporation-ի գործադիր տնօրեն Նիք Սպանոսն օգոստոսին վերադարձել էր Երեւան՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչներին առաջիկա ընտրությունները բլոկչեյն տեխնոլոգիայով անցկացնելու վերաբերյալ խորհուրդներ տալու նպատակով:

Սպանոսը, որն ընտրական գործընթացների 35 եւ բլոկչեյնի ու թվային արժույթների ոլորտում 8 տարվա փորձ ունի, առաջին անգամ Հայաստան էր այցելել հունվարին, որի ընթացքում հանդիպել էր ուսանողների եւ պատգամավորների հետ: Այցի արդյունքներով ոգեւորված՝ նա Հայաստանում իր ընկերության մասնաճյուղը բացելու որոշում էր կայացրել:

Itel.am-ի հետ բացառիկ զրույցում Նիք Սպանոսը պատմել է, որ այս անգամ Հայաստան կոնկրետ առաջարկով է ժամանել:

«Ուրախ եմ վերադառնալ հաղթանակած երիտասարդ հեղափոխականների երկիր: Սկզբում Հայաստանն աշխարհին հայտնի դարձավ խաղաղ, թավշյա հեղափոխությամբ: Հայաստանի երկրորդ հեղափոխությունը պետք է լինի ավանդական քվեաթերթիկներով եւ բլոկչեյնով ընտրական գործընթացի անցկացման հեղափոխությունը»,- նշել է նա:


Սպանոսին է պատկանում ԱՄՆ-ում եւ արտերկրում բլոկչեյնով ընտրական գործընթացի իրականացման առաջին պատենտը: Նրա VoteWatcher/VoteUnits տեխնոլոգիան 2014-ից օգտագործվում է Նյու Յորքում եւ Տեխասում կուսակցական հավաքների, նահանգային ընտրությունների կազմակերպման, ինչպես նաեւ նախագահական ընտրություններում ոչ պաշտոնական հարցումների ժամանակ:

Սպանոսը VoteWatcher/VoteUnits-ը նկարագրում է որպես բլոկչեյնի վրա հիմնված ամբողջովին թափանցիկ համակարգ, որն օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված քվեաթերթիկ սքանավորող մեքենաները: Սա թույլ է տալիս հաշվարկել քվեների թիվը եւ հասնել ընտրության վերջնական արդյունքի անփոփոխելիությանը:

Նիք Սպանոսի խոսքով՝ թղթե քվեաթերթիկները կարեւոր են, քանի որ յուրաքանչյուր մարդու հնարավորություն են տալիս վստահել եւ հասկանալ, թե ինչպես են իրենց ձայները հաշվվում: Միաժամանակ, նա ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները բլոկչեյնի միջոցով արձանագրելը պահպանում է յուրաքանչյուր քվեի անփոփոխելիությունը:

Պատենտի նկարագրության համաձայն ՝ քվեները ստացվում են բարկոդ սքաներով կամ քվեարկելու համակարգով եւ անվտանգ պահպանված են մասնավոր շղթաներում: Յուրաքանչյուր թեկնածուի արդյունքը թարմացվում է ըստ նոր քվեների եւ պահեստավորվում՝ ստեղծելով վերահսկելի ձայների անփոփոխելիության շղթա, որը կանխարգելում է ընտրակեղծիքները եւ հնարավոր սխալները՝ քվեների հաշվարկման գործընթացում:

«Թափանցիկության այս հեղափոխությունը մուտք է դեպի նոր դարաշրջան, որտեղ բլոկչեյն տեխնոլոգիաները քաղաքացիներին տալիս են իրենց կառավարություններին հաշվետու պահելու գործիքներ»,- եզրափակել է Նիք Սպանոսը:

Նիք Սպանոսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը