10:57 | 08.02.18 | Հարցազրույցներ | exclusive 112484

Նիք Սպանոս. Կրիպտոարժույթները կարող են փոխակերպել Հայաստանի ապագան

Բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսը հունվարի վերջին բիթքոինի միջազգային փորձագետների պատվիրակության գլխավորությամբ Հայաստան էր այցելել՝ ծանոթանալու երկրի բլոքչեյն եւ կրիպտո ներուժին ու հեռանկարներին:

Նիք Սպանոսը Նյու Յորքում 2013թ. հիմնել էր Բիթքոին կենտրոնը՝ որպես բիթքոինի ֆիզիկական փոխանակման առաջին հաստատություն, որը տեղակայված է անմիջապես Նյու Յորքի ֆոնդային բորսայի հարեւանությամբ:

Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ այցելել Հայաստանի Ազգային ժողով, «Թումո» կենտրոն, Հայաստանի Ամերիկան համալսարան:

Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Նիք Սպանոսի հետ:

- Սա Ձեր առաջին այցն է տարածաշրջան: Եվ Դուք ընտրեցիք Հայաստանը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

-Ինձ այստեղ է բերել հետաքրքրությունը: Հայաստան գալու ցանկություն առաջացավ, քանի որ տեսնում էի, թե ինչպես են հայերը բազմիցս հաղթում շախմատի օլիմպիադաներում: Փոքր երկիր, որտեղ մի քանի միլիոն մարդ է ապրում՝ ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է հայերի մոտ ստացվում նման հաջողությունների հասնել:

-Կարճաժամկետ հեռանկարում ի՞նչ պլաններ ունեք կապված Հայաստանի հետ:

- Ցանկանում եմ բիթքոինի բանկոմատ ներմուծել Հայաստան: Ամբողջ աշխարհում բիթքոինի կանխիկացման հազարավոր բանկոմատներ են գործում:

Ես ինքս բանկոմատ արտադրող գործարան ունեմ: Մենք փնտրում ենք Հայաստանից գործընկերոջ, որի հետ միասին կաշխատենք առաջին բանկոմատը երկիր բերելու ուղղությամբ: Հայաստան իմ այցի ընթացքում այս թեմայով բազմաթիվ հանդիպումներ ունեցանք:

Նիք Սպանոսը եւ Նարինե Դանեղյանը Նիք Սպանոսը եւ Նարինե Դանեղյանը
photo © Մեդիամաքս


Բանկոմատը կատարելու է երկու հիմնական գործառույթ:

Բիթքոին գնելու համար պետք է սարքի մեջ տեղական արժույթ մուտք անել, ստեղծել դրամապանակ եւ գնել բիթքոին, այսինքն՝ այն ներբեռնել ձեր վիրտուալ դրամապանակ:

Բանկոմատը թույլ է տալու նաեւ վաճառել բիթքոինը՝ փոխարենը ստանալով տեղական արժույթ:

- Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը՝ որպես բլոքչեյն եւ կրիպտո երկիր:

- Հայաստանը պատրաստ է բլոքչեյնի եւ կրիպտոարժույթների ապագային: Սա ապագա է, որը միայն հասարակ մարդկանց օրակարգով է առաջնորդվում: Մենք եկել ենք այստեղ բացահայտելու կրիպտոարժույթներով «հավասարը հավասարին» (peer-to-peer) գործարքների ներուժը:

Ես համոզված եմ, որ կրիպտոարժույթները կարող են փոխակերպել Հայաստանի ապագան:

- Ինչպե՞ս է պետք նախապատրաստվել բիթքոին գնելուն:

- Մինչեւ բիթքոին գնելը խորհուրդ կտայի նախ պատկերացում կազմել, թե ինչպես է այն աշխատում: Հարկավոր է անել ավելին՝ կրիպտոարժույթների մասին հասարակությանն իրազեկելու հարցում:

Կրիպտոարժույթները տեխնոլոգիաներ են, որոնք եկել են, որպեսզի մնան: Որքան էլ բիթքոինն անկում ապրի, արդյունքում՝ տատանումներն ավելի շատ դեպի վեր կլինեն, քան վար:

- Երեւան կատարած այցի ընթացքում մասնակցեցիք Yerevan Blockchain Hackathon-ին, որը կազմակերպել էին Hero House-ը, Zap եւ YLedger ընկերությունները: Ձեր կարծիքով, որքանո՞վ էին հայաստանյան ստարտափները պատրաստ այս նոր տեխնոլոգիային:  

- Տպավորված եմ ներկայացրած սմարթ գաղափարներով: Դա է պատճառը, որ նախապես հայտարարված մրցանակային ֆոնդը կրկնապատկեցինք: Իսկապես մի քանի հիանալի գաղափարներ կային: Այդ պատճառով որոշեցինք թիմերին մոտ կես ամիս ժամանակ տալ, ինչի արդյունքում նրանք կզարգացնեն իրենց գաղափարները եւ դրանք ավելի հղկված ձեւով կներկայացնեն:  

- Եվ վերջում չեմ կարող չհարցնել «Թումո» կատարած Ձեր այցի մասին:

- Այնտեղ շուրջ 60 ուսանողների համար ելույթ ունեցա: Խոսեցինք կրիպտո թրենդների մասին: Զարմացած եմ, թե այդ պատանիները որքան տեղեկացված են այդ ամենի մասին: «Թումո»-ի պես վայրում նախկինում երբեք չէի եղել: Ինձ հիացրեց, թե որքան կազմակերպված եւ զարգացած է կրթական համակարգն այնտեղ: Այն մեթոդները, որոնցով այս երեխաները սովորում են, հիանալի են: Նրանք այնքան շատ շանսեր ունեն:

«Թումո»-ն լավ մոդել է, իսկ երեխաները մեր ապագան են: Այնպես որ, ամբողջ աշխարհում «թումոներ» ունենալն իսկապես ներդրում է:

Նիք Սպանոսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը