09:44 | 24.08.18 | Հոդվածներ | exclusive 76856

Smart Green. նոր համակարգը կօգնի կառավարել ջերմոցը

Հայ մասնագետները մշակել են ջերմոցի ավտոմատացման համակարգ, որը կարող է ապահովել 30-50% բերքատվության աճ եւ մինչեւ 20% էներգախնայողություն:

Smart Green ջերմոցի ավտոմատացման համակարգի համահիմնադիր Մհեր Երզնկանյանը Itel.am-ին պատմել է, որ ներկայումս ամբողջ աշխարհում զարգանում է ճշգրիտ գյուղատնտեսությունը, որտեղ բույսերի աճի օպտիմալ պայմանների ապահովման շնորհիվ հաջողվում է հասնել մինչեւ 70% բերքատվության աճի։

«Մեր կողմից մշակված համակարգը ունենալու է մոդուլային կառուցվածք եւ ցանկության դեպքում կարող է համապատասխանեցվել պատվիրատուի պահանջներին»,- նշել է նա:

7-հոգանոց թիմի մշակած համակարգի կարգավորումները թույլ են տալիս յուրաքանչյուր բուսատեսակի համար չափել եւ ապահովել օպտիմալ ջեռուցման, ոռոգման եւ օդի բաղադրության ռեժիմներ:

«Այս պահին պատրաստ է համակարգի գործող նախատիպը, որը 2 ամսվա ընթացքում կփորձարկվի գործող ջերմոցային տնտեսությունում։ Ընթացքում կիրականացնենք շտկումներ ու բարելավումներ եւ գործընթացի ավարտին կունենանք ամբողջական պրոդուկտ»,- նշել է Մհեր Երզնկանյանը:

Նրա խոսքով, համակարգն առավելագույնս հեշտ կլինի կառավարել եւ ֆերմերը համակարգը շահագործելու համար հատուկ մասնագետ հրավիրելու կարիք չի ունենա:

Ջերմոցի ավտոմատացման նախատիպը ներկայացվել է Sevan Startup Summit -ում՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն։

«Առաջիկա 3-4 տարիներին մեր թիրախում Հայաստանի ջերմոցային տնտեսություններն են: Տեղացի ջերմոցատերերից ստացած կարծիքները կօգնեն մեզ կատարելագործել մեր համակարգը: Համակարգի վաճառքը սկսելու համար մեզ հարկավոր է $15 հազ. ներդրում»,- նշել է Մհեր Երզնկանյանը:

Նրա հաշվարկներով, 3 տարի Հայաստանի շուկայում աշխատելու պարագայում ստարտափը կկարողանա շուրջ $80 հազ. վաստակել:

Նարինե Դանեղյան
Լուսանկարը՝ Մեդիամաքս