Արշակ Մուրադյանը
Լուսինե Եղյանը
Արամայիս Ավետիսյանը
Նարեկ Աճեմյանը
Նաիրա Նազարյանը
Վահե Թումանյանը
14:42 | 06.07.18 | Հոդվածներ | exclusive 158638
Հայաստանում գործում են մեծ թվով ՏՏ եւ հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք տարբերվում են չափերով, գործունեության ուղղություններով, ինչպես նաեւ աշխատանքային միջավայրով:
Itel.am-ն իր այս շարքում փորձում է ներսից բացահայտել այդ ընկերությունների աշխատանքային առանձնահատկությունները:
«ՎԵՈՆ Արմենիա» (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցության ընկերությունը հիմնադրվել է 1995թ. ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ ՀՀ կապի նախարարության որոշմամբ։
2008-ից ընկերությունը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ամբողջ տարածքում մատուցում է GSM 900/1800, 3G (UMTS) եւ 4G (LTE), ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաեւ ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA, ADSL եւ FTTB տեխնոլոգիաներով:
«ՎԵՈՆ Արմենիա»-ն «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Հայաստանյան գրասենյակում շուրջ 2000 մարդ է աշխատում:
Նաիրա Նազարյան, ընկերության PR ծառայության ղեկավար
Վաղուց եմ աշխատում Beeline-ում: Զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, իսկ վերջին շրջանում ղեկավարում եմ ընկերության PR եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծառայության աշխատանքը:
Նաիրա Նազարյանը
Առավոտյան շատ վաղ եմ գալիս գրասենյակ. ժամը 8:00-ից արդեն աշխատանքի վայրում եմ լինում, եւ այդ ժամերը, կարող եմ ասել, ամենաարդյունավետն են օրվա մեջ։ Իմ աշխատանքը ստեղծագործ է եւ «թարմ ուղեղ» է պահանջում, իսկ open space-ն իր հերթին ապահովում է ստեղծագործ միջավայր: Գաղափարները հնարավոր է տեղում քննարկել գործընկերների հետ ու հետաքրքիր նոր լուծումներ գտնել, եւ այդ ամենն անել շատ արագ։
PR բաժնում աշխատանքը, կարելի է ասել, շուրջօրյա է, հասանելի ենք նաեւ հանգստյան օրերին: Աշխատում ենք ընկերության բոլոր ստորաբաժանումների հետ, ու open space-ը նպաստում է, որ աշխատակիցների հետ կապը լինի առավելագույնս օպերատիվ:
Գրասենյակում բոլորին դեմքով ճանաչում եմ: Աշխատանքի բերումով այնպես է ստացվել, որ շատ եմ շփվում նաեւ գրասենյակից դուրս գործընկերների հետ: Այդ պատճառով երբեմն ինձ թվում է, որ բոլոր անցորդներին ճանաչում եմ, բայց չեմ հիշում, թե որտեղից (ծիծաղում է - խմբ.):
Արշակ Մուրադյան, Տրանսֆորմացիայի ղեկավար
Զբաղվում ենք ժամանակակից բիզնես մոդելների, ինչպես նաեւ նոր թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ներդրմամբ ու զարգացմամբ, ինչպես նաեւ ղեկավարում ենք ընկերության ռազմավարական ծրագրերի պորտֆելը։
Արշակ Մուրադյանը
Հայաստանում եւ ամբողջ աշխարհում բուն հեռահաղորդակցության բիզնեսը բավական մեծ անկում է ապրում, քանի որ միմյանց հետ շփվելու համար բաժանորդներն այլեւս չեն օգտագործում սովորական միջազգային զանգերը, այլ նախապատվությունը տալիս են մեսենջերներին: Այդ պատճառով, հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններն ունեն խնդիր մրցակցելու այդ արագ զարգացող եւ ճկուն ընկերությունների հետ: Սա կարգավորելու համար մեր ընկերությունն իրականացնում է բիզնես մոդելի տրանսֆորմացիա, որպեսզի մեր հաճախորդները կարողանան օգտվել ինչպես Beeline-ի ծառայություններից, այնպես էլ առկա հիմնական կապի միջոցներից, իսկ մենք որպես կապի օպերատոր շատ արագ արձագանքենք մեր հաճախորդների կարիքներին:
Բուն տրանսֆորմացիայի թիմը կազմված է 4 անձից, 7 մասնագետ էլ աշխատում է ընկերությունում գործող Scrum թիմում եւ իրականացնում թվային ծրագրեր:
Տրանսֆորմացիայի թիմում գործում է նաեւ առանձին ՏՏ տարածաշրջանային կենտրոն, որտեղ ոլորտի 15 առաջատար մասնագետներ ծառայություններ են մատուցում տարածաշրջանի 5 երկրի համար:
Ես վաղ եմ արթնանում եւ գալիս եմ աշխատանքի ժամը 8:00-ին: Այդ ընթացքը շատ հաճելի է, լույսը նոր է բացվում, իսկ գործընկերներիցս մի քանիսն արդեն այստեղ են: Հավաքվում ենք, զրուցում տարբեր հարցերի շուրջ:
Օրը սկսվում է իմ թիմի հետ ընթացիկ ծրագրերի եւ օրվա անելիքների քննարկմամբ: Մեր թիմն անընդհատ առնչվում է ընկերության այլ երկրներում գործող գլոբալ թիմերի հետ, երբեմն էլ, ժամային տարբեր գոտիների պատճառով, կարիք է լինում ավելի երկար աշխատել:
Տրանսֆորմացված Beeline-ում ներդրվում է նոր աշխատանքային եւ բիզնես մշակույթ:
Բիզնես մշակույթն այն նոր թվային պրոդուկտներն են, որոնք շարժվում են համաշխարհային միտումներին համահունչ: Աշխատանքային նոր մշակույթը սկսվում է open space միջավայրի գործարկումից, ընկերության արժեքների վերափոխումից՝ քանի որ աշխատակիցների մտածելակերպի (mindset) փոփոխությունն է զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Այն ավելացնում է շփումը ընկերության աշխատակիցների միջեւ եւ բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը:
Լուսինե Եղյան, Compliance մենեջեր
Beeline-ում աշխատում եմ արդեն մեկ ու կես տարի: Compliance ստորաբաժանման գործունեության նպատակն այն է, որ ընկերության գործունեությունը համապատասխանի թե՛ ներքին, թե՛ միջազգային նորմաներին ու օրենսդրական ակտերին։
Մենք, մասնավորապես, զբաղվում ենք բիզնես գործընկերների պատշաճ ուսումնասիրությամբ եւ շահերի բախման դեպքերի կարգավորմամբ, որպեսզի ապահովենք կոռուպցիայից զերծ գործունեությունը։ Հայաստանի բիզնես իրականության մեջ սա նոր պրակտիկա է, եւ հաճախ այս գործառույթը լիարժեք չի ընկալվում: Այսօր արդեն կարող եմ ասել, որ compliance-ի միջազգային փորձը հաջող ներդրվել է Beeline-ում եւ շարունակում է զարգանալ։
Լուսինե Եղյանը
Մեր թիմում 3 հոգի է: Անընդհատ կապի մեջ ենք մեր աշխատակիցների եւ բիզնես գործընկերների հետ: Beeline-ում աշխատելու առանձնահատկություններից կնշեմ, իհարկե, նոր open space-ը, որի շնորհիվ շփումն ու աշխատանքը դարձել են շատ օպերատիվ։ Բացի այդ, գործընկերների հետ ակտիվ շփումը թույլ է տալիս տեղյակ լինել ու արագ արձագանքել իրենց խնդիրներին եւ ճիշտ ժամանակին մեր աշխատակիցներին փոխանցել անհրաժեշտ մեսիջները։
Վահե Թումանյան, FMC (Fixed Mobile Convergence) թիմ
2 ամիս է՝ աշխատում եմ այստեղ: Պատասխանատու եմ պրոդուկտի մշակման համար: Ֆիքսված հեռուստատեսությունն այսօր անցում է կատարում ինտերնետայինի։ Բացի այդ, գաջեթների համար հավելվածներ ենք պատրաստում։
Վահե Թումանյանը
Ինձ դուր է գալիս այստեղ տրված ազատությունը, ճկունությունը: Որոշումներն ինքս եմ կայացնում, պատասխանատվությունը եւս ինքս եմ կրում։
Հիշում եմ՝ երբ առաջին անգամ այստեղ տեսա open space ֆորմատը, ինձ համար շոկ էր, քանի որ սովոր էի աշխատել առանձնացված սենյակում: Մեկ շաբաթ անց հասկացա, որ բաց տարածքն օգնում է կենտրոնանալ, գործընկերներիդ հետ անմիջական շփման մեջ ես գտնվում։ Ամեն դեպքում, եթե կենտրոնանալու մեծ անհրաժեշտություն կա, ունենք նաեւ առանձնացված սենյակներ:
Նարեկ Աճեմյան, Թվային (digital) գրասենյակի պրոդուկտ մենեջեր
Աշխատում եմ հավելվածի եւ վեբ տարբերակի զարգացման ուղղությամբ։
Նարեկ Աճեմյանը
Նախորդ աշխատավայրումս սենյակներում էինք աշխատում: Երբ եկա այստեղ, սկզբում open space-ն անհարմար էր: Բայց կարճ ժամանակ հետո այդ զգացումն անցավ: Ավելի բաց է, քեզ ավելի ազատ ես զգում, թիմային աշխատանքն է հեշտանում:
Beeline-ում աշխատում եմ արդեն 7 ամիս: Աշխատանքից հետո թիմով հաճախ ենք հավաքվում։ Վերջերս ձուկ բռնելու էինք գնացել։
Արամայիս Ավետիսյան, կորպորատիվ վաճառքների ծառայության ավագ մասնագետ,
Ընկերությունում աշխատում եմ մոտ 6 ամիս: Ուսումնասիրում ենք ՀՀ իրավաբանական անձանց պահանջները տելեկոմ շուկայից, փորձում նրանց համար մաքսիմալ հետաքրքիր նորարարական առաջարկներ մշակել:
Արամայիս Ավետիսյանը
Մեր թիմում 15 մարդ է աշխատում: Երիտասարդ կադրերի համար Beeline-ում աշխատելու մի կարեւոր գործոն կա. մի կողմից՝ Beeline-ը կարողանում է մոտիվացիա եւ ամբիցիաներ հաղորդել երիտասարդ աշխատողներին, մյուս կողմից՝ տալիս է հնարավորություններ, գործիքներ՝ այդ ամբիցիաներն իրականություն դարձնելու համար:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի