15:12 | 01.10.18 | Նորություններ | 29959

Ամերիկյան DISQO ՏՏ ընկերությունը մասնաճյուղ է բացում Հայաստանում

ՏՏ ոլորտի ամերիկյան DISQO-ն ընկերությունը, որը վերջերս $13.5 մլն ներդրում է ստացել, հայտարարել է Հայաստանում մասնաճյուղ հիմնելու մասին:

Հայ հիմնադիրներ ունեցող DISQO-ն սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում աշխարհի առաջատարներից է:

Նշվում է, որ առաջին փուլով DISQO-ն կհամալրվի 30 ավագ մասնագետով: հայաստանյան մասնաճյուղում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քուչարյանը, ով որպես տեխնիկական տնօրեն, ձեռնարկատեր, խորհրդատու եւ ներդրող 20 տարվա փորձ ունի, մոտ ապագայում կժամանի Հայաստան՝ անձամբ ծանոթանալու ՏՏ համայնքի եւ թիմի նոր անդամների հետ:

«Հատկանշական է, որ DISQO-ն Հայաստանում ստեղծում է հիմնական մասնաճյուղ՝ արտապատվերային (outsource) թիմի փոխարեն: Սա նշանակում է, որ ընկերությունը կրկնապատկում է իր պոտենցիալն ու ուժերը նոր մեծամասշտաբ հետազոտական նախագծերի համար: Հայաստանյան թիմը կշարունակի աշխատել ներկայիս հաճախորդների, ընկերությունների ու կազմակերպությունների հետ, որոնք աշխարհում խոշորագույնն են եւ ընդգրկված են Fortune 500-ի ցանկում»,- նշել են ընկերությունում:

DISQO-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես կգործի հոկտեմբերից՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

«Հայկական ՏՏ համայնքն ունի որակյալ մասնագիտական ներուժ: Ուրախ ենք մեր ընկերության զարգացման վաղ շրջանում թիմն այստեղի տաղանդավոր մասնագետներով համալրելու կապակցությամբ: Վստահ ենք, որ նրանց օգնությամբ կարող ենք ստեղծել նոր գործիքներ ու պրոդուկտներ՝ միասին ընդլայնելով ընկերության մասշտաբները»,- ընդգծել է DISQO-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:

Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը հավելել է, որ հայաստանյան մասնաճյուղը DISQO-ի՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող առաջին հիմնական գրասենյակն է, որը հիմնվել է առաջին խոշոր ֆինանսական ներդրման արդյունքում։

DISQO-ն հիմնադրվել է Լոս Անջելեսում 2015թ.-ին՝ ազգությամբ հայ գործարարների կողմից: Այն սպառողներից ուղղակիորեն հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային ու հետազոտական ընկերություններին: Դրանց օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել սպառողի վարքագիծը, ապահովել ապրանքների ճիշտ դիրքավորումը եւ բրենդի առաջխաղացումը: