14:58 | 27.12.18 | Նորություններ | 21360

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Արփի գյուղը Նոր տարին կդիմավորի լուսավորված փողոցներով

Վայոց ձորի մարզի Արփի գյուղը Նոր տարին կդիմավորի լուսավորված փողոցներով: Դրան աջակցել են Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների եւ էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Արփի գյուղում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել էին ամռան երկրորդ կեսին: Արդեն լուսավորվել են հիմնական փողոցները՝ գրեթե 2կմ տարածք: Կառուցվել է ամբողջությամբ նոր համակարգ: Տեղակայվել է 51 LED լուսարձակ:

Կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերում, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումն էկո-գյուղերի ցանցի ստեղծման քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել կարեւոր գործընթացում, որի հիմքում դրված են բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչները:

Լուսավորության ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը եւ գյուղի բնակիչները:

«Լուսավոր մտքեր ունենալն իհարկե լավ է, սակայն հարկավոր է ունենալ նաեւ լուսավորված փողոցներ: Ցանկացած դրական տեղաշարժ կարող է նպաստել նոր ձեռքբերումների ձգտելուն: Մենք կանգնում ենք մեր հայրենակիցների կողքին՝ այդ ամենն ապահովելու համար: Ուզում ենք, որ մարզերում բնակվողները վստահ լինեն, որ իրենք անտեսված չեն: Հավատում ենք նաեւ, որ այս ծրագիրը կփոխի հանրային սեփականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը: Եվ այն պահին, երբ յուրաքանչյուրն իր գյուղն ու զբաղեցրած տարածքը համարի իր սեփականը, ձեռքբերումներն ավելի շատ կլինեն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: