15:33 | 31.10.18 | Նորություններ | 20070

ISB կանադական ընկերությունը հետազոտական կենտրոն է հիմնել Հայաստանում

ISB ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Կանադայում, հետազոտական կենտրոն է հիմնել Ինժեներական քաղաքում:

1972թ.-ից գործող ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում էլեկտրոնային անվտանգության եւ ավտոմատացման արտադրանքի, մետաղի դրոշմման եւ արտադրության մեջ:

Այս ամիս Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած տնտեսական ֆորումից տպավորված, ISB ընկերության ներկայացուցիչ, կանադահայ Գեւորգ Թորոսյանը հայտնել էր Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրում կատարելու եւ ISB ընկերության հետազոտական կենտրոն հիմնելու իր մտադրության մասին:

Գործարարն այցելել է Ինժեներական քաղաք, ծանոթացել այնտեղ գործող ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեությանը, քննարկել Հայաստանում բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչի արդյունքում որոշվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի աջակցությամբ մասնաճյուղ հիմնել Երեւանում։

«Չափազանց տպավորված եմ ինժեներական աշխատանքով եւ շատ առաջադեմ մտքերով, ինչպես նաեւ խանդավառված եմ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով»,- նշել է Գեւորգ Թորոսյանը։

«Հայաստանն աշխարհում դիրքավորվում է որպես ինժեներական լուծումներ տրամադրող առաջադեմ երկիր եւ մեզ համար չափազանց կարեւոր է սփյուռքահայերի ներգրավմամբ հենց ինժեներական ոլորտի միջազգային ընկերությունների հիմնումը մեր երկրում»,- ընդգծել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«ISB ընկերության հետազոտական կենտրոնն արդեն այսօրվանից տեղակայված է ինժեներական քաղաքում: Ընտրվել են մասնագետներ, աշխատանքային միջավայրը համապատասխանում է ընկերության պահանջներին, միասնական ջանքերով նպաստելու ենք ընկերության ընդլայնմանը Հայաստանում»,- իր հերթին նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը: