14:14 | 28.12.15 | Հոդվածներ | exclusive 6475

    2015-ի լավագույնը՝ Itel-ում

    Երբ գարնանը որոշեցինք սկսել «Ամենանորաձեւ IT գրասենյակներ» շարքը, չէինք էլ կարող ենթադրել, որ դրանց թիվը տարեվերջին կանցնի մեկ տասնյակից: Տիեզերանավ հիշեցնող ԱրմԹաբ գործարանից մինչեւ SFL-ի «լոնդոնյան հեռախոսային խցիկներ»:

    Տարվա ընթացքում ներկայացրինք 12 նորաձեւ ՏՏ գրասենյակներ, որոնք գործում են Երեւանում եւ որտեղ իսկապես հաճելի է աշխատել: Իսկ ամեն ինչ սկսվեց, երբ հերթական հարցազրույցի նպատակով այցելեցինք Zangi-ի գրասենյակ… Արդյունքում` վերջինս դարձավ շարքի անդրանիկ հերոսը:

    ***
    Տարին հարուստ էր նաեւ բացառիկ հարցազրույցներով: Մեր զրույցները հայազգի եւ արտասահմանցի ձեռնարկատերերի, ներդրողների եւ ոլորտի գիտակների հետ ունեին մեկ նպատակ՝ օգնել հայաստանյան ստարտափներին անելու ավելին:

    Տարեսկզբին զրուցեցինք Երեւան ժամանած ամերիկահայ ճանաչված գործարար եւ ներդրող Ալ Եսայանի հետ:

    «Միշտ կա փող, այլ հարց է, թե որքանով եք դուք պատրաստ այն ստանալ: Իմ բոլոր նախորդ ընկերությունների դեպքում 100 հանդիպումներից միայն մեկն էր իր հետ ռեալ ներդրում բերում: Իրականում, եթե ստեղծած ընկերությունը հրապուրիչ է, ապա ներդրողը շահագրգռված է այնտեղ գումար ներդնել: Չեմ լսել Հայաստանում որեւէ դեպքի մասին, երբ ընկերությունը եւ լավ թիմը ներդրում չեն ստացել»,- ասել էր Ալ Եսայանը:

    Իսկ ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը մեզ հետ զրույցում հայկական ստարտափներին խորհուրդ տվեց «Ավելի լա՛յն մտածել՝ հայկական սահմաններից դուրս»:



    «Այս դեպքում միշտ բերում եմ Էստոնիայի օրինակը. Skype-ը հիանալի ընկերություն է, որը ստեղծվել է Էստոնիայի պես երկրում, սակայն իրապես գլոբալ հարթակ է եւ իրար է կապում ամբողջ աշխարհը: Ընկերության հիմնադիրները շատ ավելի լայն են մտածել եւ ստեղծել են մի բան, որը կօգտագործեն ոչ միայն էստոնացիները, այլեւ աշխարհը: Իհարկե, կարող եք Հայաստանի համար աշխատող պրոդուկտներ ստեղծել, սակայն միշտ նկատի՛ ունեցեք, որ դա մի օր կարող է դուրս գալ Հայաստանի սահմաններից…»,- ասել էր նա:

    2015-ի հարցազրույցներից առանձնահատուկ էր մեր զրույցը Twitter-ի նախկին փոխնախագահ, ամերիկյան Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով ղեկավար Րաֆֆի Գրիգորյանի հետ, որը լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում:



    «Ազնվորեն ասեմ, եթե դուք հայ եք, ապա, ամենայն հավանականությամբ, ես կօգնեմ ձեզ: Պարզապես հայկական ինքնություն ունենալը բավարար է իմ կողմից ուշադրության արժանանալու համար: Իրականում շատ են այն ստարտափները, որոնք իմ օգնությանն են դիմում, եւ դժվար է բոլորին ընդառաջել, սակայն եթե դուք հայ եք, ես ամեն պարագայում կխոսեմ ձեզ հետ»,- նշել էր Րաֆֆի Գրիգորյանը:

    Google Now-ի թիմում աշխատող ծրագրավորող ինժեներ (Software Engineer) Արա Ավանեսյան

    «Ծրագրավորումն անընդհատ զարգացում է պահանջում, քանի որ ամեն րոպե այն փոփոխությունների է ենթարկվում: Խորհուրդ կտայի հատուկ չնստել եւ պատրաստվել աշխատանքի ընդունվելու հարցազրույցին: Պարապելու ամենալավ ձեւը աշխատանքն է, որը հնարավորություն է տալիս անընդհատ ամրապնդել գիտելիքները, զարգանալ ու ռեալ փորձ ձեռք բերել, որի առկայությունը անգնահատելի է թե՛ հարցազրույցների, թե՛ հետագա կարիերայի համար»: Ամբողջական նյութը՝ այստեղ:

    UX (User Experience) մասնագետ, Smashing Magazine ինտերնետ ամսագրի համահիմնադիր, գերմանաբնակ Վիտալի Ֆրիդման

    «Կարծում եմ՝ պետք է կարողանալ ճիշտ գաղափարը ճիշտ ժամանակին ներկայացնել: Այստեղ շատ մեծ չափաբաժնով հաջողություն է հարկավոր: Երբ նախագիծ եք սկսում, սկզբում մտածեք բովանդակության մասին: Իսկապես կարեւոր է լավ պատկերացում ունենալ բովանդակության եւ կառուցվածքի մասին, որի վրա հետագայում պետք է աշխատեք…»: Ամբողջական նյութը՝ այստեղ:

    Almaz Capital Partners վենչուրային ֆոնդի հիմնադիրն է ու կառավարիչ, ձեռնարկատեր Ալեքսանդր Գալիցկի

    «Հայաստանն ունի մեծ առավելություն այս ոլորտում, քանի որ հզոր Սփյուռք ունի: Եվ դուք՝ բոլոր հայերդ, աշխարհի տարբեր կետերում ապրելով՝ շատ կապված եք միմյանց հետ: Այնպես որ խորհուրդ եմ տալիս հայկական ստարտափներին աշխարհի տարբեր կետերում գտնել հաջողակ հայերի, նրանցից խորհրդատվություն ստանալ, ընկերանալ: Սփյուռքի ներուժը ՏՏ ոլորտում պետք է օգտագործել…»: Ամբողջական նյութը՝ այստեղ:

    ՆԱՍԱ-ի Jet Propulsion Laboratory (JPL)-ի ինժեներ Ռիչարդ Օհանյան

    «Սփյուռքը, իհարկե, կարող է նպաստել Հայաստանի տեխնոզարգացմանը: Թեկուզ անձնական կապերի միջոցով Սփյուռքի մասնագետները կարող են կիսվել իրենց լավագույն փորձով: Սակայն Հայաստանի մասնագետները պետք է պատրաստակամ լինեն եւ քայլեր ձեռնարկեն այդ կապը հաստատելու համար»: Ամբողջական նյութը՝ այստեղ:

    ***
    Գարնանը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ)-ի հետ համատեղ ներկայացրինք «Demo Day-ին ընդառաջ» շարքը՝ պատմելով «ՄԻԿ Աքսելերացիա»-ին մասնակից 7 ստարտափների զարգացման պատմությունը:

    ***
    Տարին ակտիվ էր նաեւ մոբայլ գեյմինգի եւ հավելվածների համար: Գրեթե ամեն շաբաթ մենք նոր հայկական խաղ կամ այլ հավելված ենք ներկայացրել: Ի դեպ, առաջինն էինք, որ Հայաստանում պատմեցինք Zangi եւ Jeltee մոբայլ հավելվածների մասին: Իսկ «Մոբայլ գեյմինգը Հայաստանում» շարքում բացահայտեցինք խաղերի արտադրությամբ զբաղվող մի շարք հայկական ընկերությունների:



    ***
    2016թ. Itel.am-ը նոր թափով կշարունակի իր գործունեությունը: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ առաջիկա ամիսներին կգործարկվի նոր դիզայնով եւ նորարար լուծումներով Itel.am-ը, որը խոստանում է ուշիուշով հետեւել ՏՏ ոլորտի զարգացումներին եւ բացահայտել նոր ու հետաքրքիր հայկական ստարտափների:

    Մաղթում ենք տեխնոլոգիական հաղթանակներով լի տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

    Նարինե Դանեղյան
    Տաթեւ Հովհաննիսյան