15:02 | 25.12.15 | Հոդվածներ | exclusive 7407

2015-ի թոփ 8 տեխնո դեմքերն ու դեպքերը

2015թ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ բան հասցրեց ասել եւ անել: Իզուր չէ, որ տարվա ավարտին հայտարարվեց ոլորտի 20% աճի մասին: Զարգացման հարցում ներդրում ունեցան բոլորը՝ ինֆորմատիկայի ուսուցչից մինչեւ սփյուռքահայ ներդրող:

Itel.am-ն ամփոփում է տեխնոլոգիական 2015-ը՝ հիշելով այն դեմքերին ու դեպքերը, որոնք աշխուժացրին ոլորտը՝ ավելին անելու լիցքեր հաղորդելով միմյանց: 

Ապրիլին Հայաստան ժամանեցին ՏՏ հայազգի հսկաները

«Թվիթեր»-ի նախկին փոխնախագահ, ներկայում ամերիկյան Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով ղեկավար Րաֆֆի Գրիգորյանը եւ ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանն ապրիլի 25-ին Երեւանում մասնակցեցին HIVE ճարտարագիտության առաջնորդների համաժողովին:



Երեւանում կայացած համաժողովի շրջանակում հայկական ՏՏ համայնքն ունկնդրեց Google, Facebook, Prezi եւ Issuu ընկերությունների ներկայացուցիչների ելույթները: 

2015-ը Shadowmatic-ինն էր

Այս տարվա հունվարին Triada Studio ընկերության Shadowmatic խաղը հայտնվեց App Store-ում, ինչին հաջորդեցին խաղի գլխապտույտ հաջողությունները: Այն ոչ միայն միանգամից հայտնվեց բոլոր երկրների App Store-ի Editor's Choice բաժնում, այլեւ Apple-ի կողմից ճանաչվեց որպես հունվարի լավագույն խաղ:

Ապրիլի 4-ին արդեն Երեւանում կայացած ArmNet Awards 2015-ի շրջանակում Shadowmatic-ը ստացավ գլխավոր մրցանակ՝ հաղթելով նաեւ «Նորարարություն, ինչպես նաեւ «Դիզայն եւ հարմարավետություն» անվանակարգերում:



Ապրիլի վերջին արդեն Shadowmatic-ը 12 այլ լեզուների հետ ուներ նաեւ հայերեն տարբերակ, իսկ մայիսի մայիսի 16-ին Մոսկվայում կայացած DevGAMM 2015 Awards-ում այն հաղթող ճանաչվեց միանգամից երկու անվանակարգում՝ Excellence in Visual Art եւ Media Choice Award:

Գալիս է հունիսի 8-ը՝ իր հետ բերելով մյուս գլխապտույտ հաջողությունը՝ Shadowmatic-ի համար Triada Studio-ն արժանանում է Apple-ի ամենամյա Apple Design Awards մրցանակին, սեպտեմբերին էլ՝ Free app of the week:

Արդեն դեկտեմբերին Apple-ը Shadowmatic-ը ճանաչում է 2015թ. լավագույն հավելված միանգամից մի քանի երկրում՝ Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան եւ այլն:  

ՏՏ-ի հայկական շունչը Web Summit-ին

Նոյեմբերի 3-5-ը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած ամենահեղինակավոր ՏՏ կոնֆերանսներից մեկից՝ Web Summit-ից, անմասն չմնացին նաեւ հայկական ՏՏ ընկերությունները:



Հայաստան վերադարձից հետո Teamable-ը, ggTaxi-ն, SFL-ը, Truthly-ն, Ucraft.me -ն ու Develandoo-ն Itel.am-ի հետ կիսվեցին կոնֆերանսից ստացած իրենց տպավորություններով: Նրանց մի մասը ներդրողներ էին գտել, ոմանք էլ կապեր էին հաստատել վենչուրային ֆոնդերի եւ աքսելերատորների հետ:

ԴիջիԹեք 2015-ը՝ ավելի շատ ընկերություններով

Այս տարվա Դիջիթեքն առանձնանում էր տաղավարների հետաքրքիր դիզայնով եւ մասնակից ընկերությունների մեծ թվով՝ 170: Ուշագրավ է, որ ակտիվ էին հատկապես ստարտափները:



Երկօրյա տեխնոլոգիական տոնին, տեղական եւ միջազգային շուկայում հաջողություններ գրանցած ընկերություններից բացի, մասնակցում էին միջազգային ընկերություններ:

Հաքաթոնների ու մրցույթների շքերթ

Տարվա ընթացքում միանգամից մի քանի խոշոր տեխնոլոգիական մրցույթներ եւ հաքաթոններ կազմակերպվեցին:

Հայաստանի 2015թ. ամենամասշտաբային տեխնոլոգիական մրցույթը դեկտեմբերի 13-14-ին Վանաձորում կայացած «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթն էր՝ 70 թիմով (250 ներկայացուցիչ):



Մարտի 29-ին «Թումո»-ում կայացավ UltraLight Startup հաքաթոնը (խաղերի եւ մոբայլ հավելվածների ստեղծման մրցույթ), որին 6 թիմ մասնակցեց: Հաքաթոնի կազմակերպիչներից էր Բեյրութի գլխավոր ստարտափ կենտրոններից մեկը հանդիսացող լիբանանյան AltCity-ն:

Հոկտեմբերի 5-6-ին էլ Երեւանում անցկացվեց #createTogether («Ստեղծենք միասին») տեխնոլոգիական միջոցառումը՝ իր շուրջ համախմբելով նորարարների, տեխնո աշխարհի ներկայացուցիչների, ձեռնարկատերերի: Դրան հաջորդեց 24-ժամյա #createTogether հաքաթոնը:

Մրցույթներից  ուշադրության է արժանի նաեւ SeedStars Yerevan-ը, որը կայացավ մայիսի 28-ին: Հաղթող ճանաչվեց Eye Care Plus-ը, որը 2016թ. փետրվարին կմասնակցի Շվեցիարիայում կայանալիք Seedstars World մրցույթին:

Ապրիլի 26-ին Դեմո օրվա (Demo Day) շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) Աքսելերացիոն ծրագրի մասնակից 7 ստարտափները12 շաբաթ տեւած աքսելերացիայի ծրագրի ավարտին իրենց պրոդուկտները ներկայացրին ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն (ՁԻՀ) էլ անցնող տարվա ընթացքում, Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության աջակցությամբ, պարբերաբար իրականացված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում ֆինանսական աջակցություն տրամադրեց 32 ստարտափի:

Դռները բացեցին Գյումրիի եւ Ստեփանակերտի «Թումո»-ները

Այս տարի միանգամից 2 նոր «Թումո» բացվեց: Մայիսին իր դռները բացեց Գյումրիի «Թումո»-ն, իսկ սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության օրը, բացվեց Ստեփանակերտի «Թումո»-ն:



Գյումրիի «Թումո»-ից ստացած Itel.am-ի պավորությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Ուրախալի է, որ արդեն 2016թ. Վանաձորը եւս իր «Թումո»-ն կունենա:

«Յուքոմ»-ը գնեց «Օրանժ»-ին

Հուլիսի վերջին հայտարարվեց, որ «Օրանժ» եւ «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ:



«Օրանժ Արմենիա»-ի նախկին գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ Itel.am-ն այդ օրերին զրուցեց, իսկ արդեն սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ բաժնետիրոջ փոփոխություն, որի արդյունքում ընկերության 100% բաժնետոմսերն օտարվեցին «Յուքոմ»-ին: «Օրանժ Արմենիա»-ի նոր գլխավոր տնօրենը Ալեքսանդր Եսայանն է:

ԱրմԹեք-2015-ը՝ Երեւանում

Հոկտեմբերի 12-ին էլ Երեւանում բացվեց «ԱրմԹեք-2015» 8-րդ գործարար համաժողովը, որի շրջանակում Հայաստան ժամանեց Մայքրոսոֆթի կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը: Համաժողովին մասնակցում էին հյուրեր ԱՄՆ-ից, Մերձավոր Արեւելքից, Հարավային Ամերիկայից, Եվրոպայից եւ հետխորհրդային երկրներից:



«Վերջին անգամ Հայաստան էի այցելել 2008թ., եւ դրանից հետո բավական շատ բան է կատարվել: Երբ հետ ես նայում, թե ինչի ենք հասել վերջին տասնամյակի ընթացքում, ապա դա իսկապես տպավորիչ է»,- նշել էր Վահե Թորոսյանը:

Նարինե Դանեղյան
Տաթեւ Հովհաննիսյան