10:11 | 16.07.15 | Հարցազրույցներ | exclusive 8627

Ռիչարդ Օհանյան. ՀՀ-ում տիեզերական արդյունաբերության ներուժ կա

Օրեր առաջ Երեւանում էր ՆԱՍԱ-ի Jet Propulsion Laboratory (JPL)-ի Ռիչարդ Օհանյանը, որը JPL-ի թռիչքների կապի, հաղորդակցման եւ ռադարի բաժնին է միացել 2010թ.՝ որպես ինժեներ:

Աշխատել է բազմաթիվ տիեզերական թռիչքների նախագծերի վրա՝ ներառյալ Մարսի գիտական լաբորատորիան (Curiosity Rover), Mercury Ion Deep Space Atomic Clock, FINDER եւ Deep Space Optical Communication նախագծերը: 

Ռիչարդ Օհանյանը նաեւ էլեկտրոնիկա եւ ռոբոտիկա է դասավանդում Գլենդել քաղաքի քոլեջում:

Itel.am-ը Երեւանում բացառիկ զրույց է ունեցել Ռիչարդ Օհանյանի հետ:

- Կներկայացնե՞ք JPL-ի գործունեությունը եւ կպատմե՞ք կենտրոնում հայերի ներգրավվածության մասին: 

- JPL-ի մեկնարկը տվել է ԱՄՆ-ի տիեզերական ծրագիրը: 1958թ. JPL-ի ինժեներների եւ գիտնականների կողմից կառուցվել է ԱՄՆ-ի առաջին արբանյակը՝ Explorer 1-ը:

JPL-ն աշխարհում միակ վայրն է, որտեղ ստեղծվում են յուրահատուկ տիեզերական ռոբոտներ, օրինակ, Curiosity մարսագնացը, որը գրավեց աշխարհի ուշադրությունը 2012թ. օգոստոսին, երբ վայրէջք կատարեց Մարսի վրա:

JPL-ն այսօր աշխարհում տիեզերք ուղարկվող «deep space» նախագծերի համար ռոբոտաշինության եւ արբանյակների պատրաստմամբ առաջին տեղն է գրավում (օր. Voyager1 & 2, Viking 1& 2 եւ այլն): Գաղափարից մինչեւ իրագործում՝ գիտական հետազոտության ամբողջ գործընթացը կատարվում է JPL-ում:

Կենտրոնն ունի շուրջ 5000 աշխատող: Գտնվում է հայաշատ Գլենդել եւ Փասադենա քաղաքների մոտ, ինչը իր հերթին նպաստել է, որ կենտրոնում մեծ թվով հայեր աշխատեն՝ շուրջ 150:

JPL-ի կարեւոր կողմն այն է, որ կազմակերպչական հիշողությունը (organizational memory) արդեն 50-60 տարվա փորձ ունի: Մարսի վրա վայրէջք կատարած Curiosity-ն, օրինակ, պատրաստվել է 4-5 տարում, սակայն մինչ այդ JPL-ը 3 մարսագնաց էր պատրաստել եւ հաջողությամբ Մարս ուղարկել:  Եվ այդ փորձառությունն օգնեց, որ նոր արբանյակների մոդելներն ավելի կատարյալ, արագ եւ արդյունավետ ձեւով պատրաստվեն:

-Տիեզերական արդյունաբերությունը թանկ հաճույք է: Ինչպե՞ս կարող են փոքր երկրները մասնակցել ոլորտի զարգացմանը:

-Որքանով տեղյակ եմ, Հայաստանում այդ ոլորտում գրեթե ոչինչ չի կատարվում: Հետեւաբար, կարելի է սկսել աշխատել այդ ուղղությամբ:

Այո, մեկ ընդհանուր տիեզերանավի ստեղծումը բավական թանկ է՝ ժամանակ եւ գիտելիք է պահանջվում: Կարելի է, օրինակ, դիտարկել CubeSat-երի արտադրման հնարավորությունը:

Դրանք փոքրիկ արբանյակներ են՝ նման փոքրիկ տուփերի, որոնք տիեզերքում մեկ կամ մինչեւ երեք ֆունկցիա են կատարում: Ի տարբերություն տիեզերանավերի՝ դրանք կարելի է պատրաստել համեմատաբար կարճ ժամանակում: Դրանց արտադրությամբ կարող են զբաղվել տեղի համալսարանները՝ փոքր թիմեր կազմելով:

Օրինակ, ԱՄՆ-ում կան բազմաթիվ համալսարաններ, որտեղ ուսանողական խմբերը համագործակցում են ՆԱՍԱ-ի հետ ու պատրաստում CubeSat-եր: Այնուհետ դրանք ամերիկյան հրթիռների միջոցով տիեզերք են ուղարկվում:

-Որքա՞ն ժամանակում կարելի է մեկ CubeSat պատրաստել:

-Հիմնականում՝ 1-3 տարում: Եթե փորձառություն չկա, ապա՝ ավելի երկար ժամանակում: Բայց դա խնդիր չէ, պետք է սկսել եւ փորձել, թեկուզ 5 անգամ ձախողել եւ 6-րդ անգամ հաջողության հասնել:

Կարծում եմ՝ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի ստեղծումը ռազմավարական արժեք ունի, իսկ CubeSat-երի պատրաստումը կարող է նպաստել այդ կենտրոնի ստեղծմանը:

-Իսկ որքա՞ն կարժենա մեկ CubeSat-ի պատրաստումը:

-Մի քանի 100 հազար դոլարից մինչեւ մի քանի միլիոն դոլար: Հաշվի առնելով այն, որ արբանյակները, օրինակ, պատրաստելու համար 100-ավոր մլն դոլարներ են ծախսվում, ապա դրա համեմատ CubeSat պատրաստելը բավական էժան է:

-Իսկ որտեղի՞ց ներդրողներ գտնել:

-Ես կարծում եմ, որ ցանկացած երկրի տիեզերական ծրագիրը պետք է պետական աջակցություն ստանա: Հետեւաբար, Հայաստանի պետական համակարգը եւս պետք է ակտիվություն ցուցաբերի այս հարցում: 

- Ենթադրենք, Հայաստանում պատրաստված CubeSat-ը պատրաստ է եւ տիեզերք է ուղարկվում: Ի՞նչ կտա դա Հայաստանին:

-Տեխնոլոգիա, փորձ եւ հեղինակություն: Այդ տեխնոլոգիան հետո կարելի է նաեւ այլ բնագավառներում կիրառել: Կարծում եմ՝ Հայաստանում կա մարդկային ներուժ եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ CubeSat պատրաստելու համար: Հարկավոր է ռազմավարական ծրագիր մշակել եւ գործի անցնել:

-Հայաստանում հետաքրքրվա՞ծ են գաղափարով:

- Հանդիպումներ եմ ունեցել մի շարք համալսարաններում: Փորձում եմ հասկանալ, թե Հայաստանում գիտելիքների եւ փորձառության ինչ մակարդակ կա:

Հետաքրքրությունս չափազանց մեծ էր, իսկ այցելությանս ժամանակը կարճ էր եւ չհասցրի համապարփակ տպավորություն կազմել: Երեւի նշածս գաղափարով հետաքրքրված մարդկանց թիվն այդքան էլ մեծ չէ: Հայաստանը դեռ այնքան էլ պատրաստ չէ «system level»՝ «գաղափարից մինչեւ իրականացում» մոդելով աշխատել:

Կցանկանայի, որ Հայաստանում մասնագետներն ավելի մեծաքանակ «system level» տեխնոլոգիաներ մշակեն, եւ տարեցտարի դրանք կատարելագործեն:

-Դրսից փորձի փոխանցումն անհրաժեշտ չէ՞:

-Սփյուռքը, իհարկե, կարող է նպաստել Հայաստանի տեխնոզարգացմանը: Թեկուզ անձնական կապերի միջոցով Սփյուռքի մասնագետները կարող են կիսվել իրենց լավագույն փորձով:

Սակայն Հայաստանի մասնագետները պետք է պատրաստակամ լինեն եւ քայլեր ձեռնարկեն այդ կապը հաստատելու համար: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Սփյուռքի մասնագետներն ունենան այդ համագործակցության իրավունքը: Օրինակ, շատ հայ ինժերներներ աշխատում են արտասահմանյան ընկերություններում եւ իրավունք չունեն իրենց ընկերության արտադրանքի տեխնոլոգիական տվյալների մասին խոսել, քանի որ դա ընկերության գաղտնիքն է: Գոյություն ունեն հեղինակային իրավունքի հետ կապված բազմաթիվ հարցեր:

Միաժամանակ, այն ամբողջ տեղեկատվությունը, որը բաց է հասարակության համար, արդեն իսկ ահռելի չափերի է, եւ այն կարելի է օգտագործել: Կան բազմաթիվ գիտական ամսագրեր եւ հրապարակումներ, որոնք եւս օգտակար կարող են լինել եւ դրա հիման վրա տեղական տեխնոլոգիա ստեղծել:

Այս ոլորտում կարեւոր է շարունակականությունը, ուղղակի պետք է, որ ինչ-որ մեկը սկսի: Օրինակ, Հնդկաստանն իր տիեզերական ծրագիրը սկսել է 40 տարի առաջ, սակայն այսօր արդեն բավական առաջընթաց է գրանցել եւ Մարս ուղարկած արբանյակ ունի, որի վրա նրանք շուրջ $80 մլն են ծախսել:

Ստեղծած տեխնոլոգիան կարելի է այլ ոլորտներում եւս օգտագործել: Տեղական տեխնոլոգիայի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի: Օրինակ, արդեն կան հայկական պլանշետներ, հետեւաբար դրանց տեխնոլոգիան, փորձը կարելի է կիրառել այլ ոլորտներում:

Կարծում եմ՝ տեխնո զարգացման համար կրթությունը չափազանց կարեւոր է: Հարկավոր է Հայաստանում բարելավել կրթության մակարդակը եւ ավելի կիրառական դարձնել ոլորտը: Խոսքը բնակչության միայն 10%-ի ներգրավվածության մասին չէ, այլ ուսանողության եւ աշակերտության բոլոր շրջանակների: Նման կրթություն ստանալու հնարավորություն պետք է բոլորն ունենան:

Հայաստանի կրթական համակարգում նորարարության եւ կրեատիվության մշակույթը պետք է ավելի զարգանա, եւ այդ գործընթացին պետք է կարեւորություն տալ:  Պետք է վերանայել ուսուցման ծրագրավորված ոճը:

Կարեւոր է դպրոցներում եւ համալսարաններում նորարարության եւ կրեատիվության ոգի մտցնել: Դպրոցներում կարելի է maker-space-ներ ստեղծել՝ վայրեր, որտեղ հավաքվում են նմանատիպ հետաքրքրություններ ունեցող մարդիկ՝ շփվելու եւ համատեղ ստեղծագործելու համար:

Ռիչարդ Օհանյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը