11:50 | 05.10.15 | Հարցազրույցներ | exclusive 182427

Ալեքսանդր Գալիցկի. Սփյուռքի ներուժը ՏՏ ոլորտում պետք է օգտագործել

Ձեռնարկատեր Ալեքսանդր Գալիցկին Almaz Capital Partners վենչուրային ֆոնդի հիմնադիրն է ու կառավարիչը, ինչպես նաեւ ղեկավարում է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ:

2011թ. ռուսական Forbes-ը նրան անվանել է «Ռուսական ՏՏ եւ ինտերնետ բիզնեսի ազդեցիկ դեմք»: 

Ալեքսանդր Գալիցկին հոկտեմբերի 3-ին Երեւանում մասնակցել է ԴիջիԹեք էքսպոյին եւ որպես բանախոս հանդես եկել «Գրանատուս Վենչուրս»-ի կազմակերպած «Վենչուրային կապիտալն ըննդեմ ստարտափների» քննարկմանը:

Քննարկումից հետո նա հարցազրույց է տվել Itel.am-ին:

-Ինչպես կգնահատե՞ք Հայաստանի ստարտափ էկոհամակարգը:

-Ինձ համար բավական դժվար է տեսակետ արտահայտել, քանի որ նոր եմ ծանոթանում եմ հայկական ստարտափներին: Գիտեմ, որ Հայաստանում կան մի շարք հաջողակ ստարտափներ, որոնք գլոբալ են մտածում: Նախկինում ներդրում եմ կատարել ամերիկյան մի ընկերությունում, որի թիմը կազմված է ուկրաինացիներից եւ հայերից: Այդտեղից եմ տեղյակ հայկական ստարտափների որակի մասին:

-Ո՞ր ամերիկյան ընկերության մասին է խոսքը:

-Չեմ կարող ասել (ժպտում է – խմբ.): Էքսպոյի ընթացքում ծանոթացա մի շարք ընկերությունների հետ, որոնք ստացել են «Գրանատուս Վենչուրս»-ի աջակցությունը: Այն, ինչ հասցրեցի տեսնել, արդեն իսկ հետաքրքրեց ինձ:

- Որքանո՞վ են ռիսկային հայկական ստարտափներում ներդրումները:

- Ներդրումները ռիսկային են այնքանով, որ դրանք օտար երկրում են կատարվում: Ավելի կարեւոր է, որ տեսնես թիմ, որն ունի գլոբալ ձգտումներ: Տարածաշրջանի բոլոր երկրները տեխնոլոգիական փոքր շուկաներ են, որոնց հիմնական նպատակն այսօր ամերիկյան շուկան է: Այս տեսանկյունից կարծում եմ, որ եթե կան խելացի մարդիկ, ապա լավ գաղափարները կարող են հավաքվել ցանկացած վայրում: Ես մի քանի հայ ընկերներ ունեմ, ծանոթ եմ նրանց ձգտումներին: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ինչ-որ բան այստեղ կարող է տեղի ունենալ:

-Կարո՞ղ եք նշել այն 3 գլխավոր քայլերը, որոնք ստարտափը կվերածեն հաջողակ բիզնեսի:

-Իհարկե, ամեն ինչ սկսվում է գաղափարից: Դրանից հետո գալիս է թիմի հավաքագրումը, խելացի մարդկանց՝ ձեր շուրջը համախմբումը: Անկախ ամեն ինչից, միշտ պետք է գլոբալ մտածել: Եթե անգամ դուք լոկալ ընկերություն եք, որն աշխատում է լոկալ շուկայի համար, գլոբալ մտածեք, հաշվի առեք, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային շուկայում:

-Ձեր խորհուրդը հայկական ստարտափներին:

-Հայաստանն ունի մեծ առավելություն այս ոլորտում, քանի որ հզոր Սփյուռք ունի: Եվ դուք՝ բոլոր հայերդ, աշխարհի տարբեր կետերում ապրելով՝ շատ կապված եք միմյանց հետ: Այնպես որ խորհուրդ եմ տալիս հայկական ստարտափներին աշխարհի տարբեր կետերում գտնել հաջողակ հայերի, նրանցից խորհրդատվություն ստանալ, ընկերանալ: Սփյուռքի ներուժը ՏՏ ոլորտում պետք է օգտագործել:

Ալեքսանդր Գալիցկիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը