Պիեռ Հեննեսը
11:17 | 31.08.15 | Հարցազրույցներ | exclusive 8687
2013թ. հիմնված «Գրանատուս Վենչուրս»-ը Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունն է:
«Գրանատուս»-ը ֆինանսավորում, խորհրդատվություն եւ կապերի լայն ցանց է տրամադրում Հայաստանում հիմնված կամ գործունեություն ծավալող տեխնոլոգիական նորաստեղծ եւ խոստումնալից ընկերություններին: Ընկերությունը գրասենյակներ ունի Հայաստանում, Մեծ Բրիտանիայում եւ Սինգապուրում:
Ծագումով հայ Պիեռ Հեննեսը «Գրանատուս Վենչուրս»-ի կառավարող ընկերության գործընկերներից է: Նա Սինգապուրում հիմնադրել եւ ղեկավարում է երեք նմանատիպ վենչուրային հիմնադրամ եւ մի քանի ստարտափ ընկերություն:
Itel.am-ը զրուցել է վերջերս Երեւան այցելած Պիեռ Հեննեսի հետ:
- Մինչեւ «Գրանատուս Վենչուրս»-ի ստեղծումը, Դուք Սինգապուրում նմանատիպ երեք վենչուրային հիմնադրամ եք հիմնադրել եւ ղեկավարել: Ինչպե՞ս որոշեցիք, որ Հայաստանում նմանատիպ հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտություն կա:
- Շուրջ 15 տարի է՝ Սինգապուրում եմ, որտեղ տեղափոխվել էի որպես ներդրող: Պետք է նշել, որ Սինգապուրը շատ գրավիչ միջավայր է ստեղծել տեխնոլոգիական ձեռներեցության համար, եւ Սինգապուրի կառավարությունը մեծամասշտաբ ներդրումներ է կատարում ստարտափների էկոհամակարգի զարգացման նպատակով: Վերջին 15 տարիների ընթացքում խոսքը շուրջ $10 մլրդ ներդրումների մասին է:
Տեսնելով այս հնարավորությունները՝ գործընկերիս հետ որոշեցինք ֆորմալացնել եւ մասշտաբայնացնել մեր ներդրումային գործունեությունը եւ հիմնադրեցինք վենչուրային հիմնադրամներ, որոնք ներդրումներ են իրականացնում Սինգապուրում եւ այլ ասիական երկրներում: Ֆոնդերից մեկը մենք ստեղծեցին Սինգապուրի կառավարության նշանակալի ներդրումով։
Հայաստանը եւս ունի նորարարության եւ ձեռներեցության մեծ ներուժ. ՀՀ կառավարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, այստեղ եւս նախաձեռնել է համապարփակ ծրագիր տեղական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։ Նմանատիպ ծրագրեր մեծ հաջողությամբ կիրառել են մի շարք երկրներ, մասնավորապես Իսրայելը եւ Սինգապուրը: Հայաստանը եւս որոշ նմանատիպ ծրագրեր է իրականացնում:
Օրինակ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ այժմ իրականացվում է համաֆինանավորող դրամաշնորհների ծրագիրը Հայաստանում:
Մենք էլ որոշեցինք ավելի մեծ քայլի գնալ: Ահա այն ժամանակ էր, երբ իմ գործընկերների հետ տեսանք այդ կարիքը եւ հնարավորությունը եւ ստեղծեցինք առաջին վենչուրային հիմնադրամը Հայաստանում՝ ստարտափների մեջ ներդրումներ իրականացնելու նպատակով:
- «Գրանատուս»-ը հիմնադրվեց 2013թ. հոկտեմբերին: Մինչ այս պահը ի՞նչ հաջողություններ եք արձանագրել:
- Նմանատիպ հիմնադրամները սովորաբար զարգացման երեք փուլ են անցնում: Առաջինը նախաձեռնման շրջանն է. որը շուրջ 2 տարի է տեւում: Դրան հաջորդում է ներդրումների փուլը՝ սովորաբար 4 տարի, երբ կենտրոնանում ես ներդրումային պորտֆել կառուցելու եւ հեռանկարային ստարտափների մեջ ներդրում իրականացնելու վրա։ Վերջին փուլը «բերքի հավաքագրման» փուլն է, որը սովորաբար տեւում է 4-6 տարի, երբ կենտրոնանում ես պորտֆելային ընկերություններում արժեքի ստեղծման եւ «ելքի» վրա՝ ուղղակի վաճառքի կամ բորսայում արժեթղթերի առաջնային տեղաբաշխման միջոցով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այժմ «Գրանատուս»-ը գտնվում է ներդրումների իրականացման սկզբնական փուլում:
Այս ընթացքում մենք արդեն 8 ընկերությունների ենք ֆինանսավորել: Դրանք կամ Հայաստանում ստեղծված ընկերություններ են, կամ էլ Հայաստանում իրենց գործունեության կարեւոր մասը իրականացնող ընկերություններ: Այդ 8 ընկերություների շնորհիվ Հայաստանում այժմ ավելի քան 50 բարձր որակավորմամբ ինժեներական աշխատատեղ է բացվել: Մեր ընկերություններից մի քանիսն արդեն այլ աղբյուրներից ֆինանսավորման ներգրավման երկրորդ փուլն են եզրափակում: Ի դեպ, մեր մի քանի ստարտափների համաֆինանսավորել են Սիլիկոնյան հովտի հայտնի վենչուրային ֆոնդեր եւ անհատ ներդրողներ:
Մտադիր ենք առաջիկա մեկ ու կես տարում ֆինանսավորում տրամադրած ընկերությունների թիվը հասցնել 12-ի եւ ակնկալում ենք, որ միասնաբար նրանք հաջորդ երեք տարիների ընթացքում կունենան մոտ 200 աշխատակից:
- Ո՞ր հատկանիշները ստարտափին կարող են մոտեցնել պոտենցիալ ներդրողին:
- «Գրանատուս»-ում մենք մի քանի կարեւոր գործոն ենք գնահատում, որոնցից են պրոդուկտը, շուկան եւ թիմը: Ինչ վերաբերում է պրոդուկտին, մենք գնահատում ենք, թե որքանով է այն նորարարական եւ արդյոք կան մուտք գործելու արգելքներ առեւտրային գաղտնիքների, դոմենի փորձառության, ինտելեկտուալ սեփականության եւ ներդրման տեսանկյունից: Ինչ վերաբերում է շուկային, էական նշանակություն ունի վերջինիս ծավալը, ինչպես քանակի, այնպես էլ ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից: Մենք նաեւ գնահատում ենք, թե արդյոք ընկերությունը հնարավորություն ունի ստեղծելու բոլորովին նոր շուկա` առաջարկելով այնպիսի լուծումներ, որ զգալիորեն կբարելավեն հաճախորդի ունեցած փորձառությունը:
Ի վերջո, հաշվի ենք առնում թիմի հասուն լինելը, փորձառությունը եւ ներուժը: Հիմնադիրների թիմում, որպես կանոն, պետք է 2-3 հոգի լինի, ովքեր ունեն փոխլրացնող հմտություններ եւ համապատասխան ոլորտում միմյանց հետ համագործակցության փորձ:
- Որո՞նք են հայկական ստարտափների ուժեղ եւ թույլ կողմերը:
- Հայաստանի ՏՏ ոլորտը վերջին 15-20 տարիների ընթացքում հիմնականում կենտրոնացել է outsourcing-ի (արտապատվիրման) վրա: Այս ոլորտում ներկայումս աշխատում է մոտավորապես 10 000 մարդ 400 ընկերություններում եւ կազմում է ՀՆԱ-ի շուրջ 4%-ը: Շատերն են այս ոլորտում զգալի փորձ ձեռք բերել, որոնք այժմ առաջ գնալու նոր ճանապարհներ են փնտրում: Որոշ ընկերություններ կենտրոնանում են հատկապես նորարարության եւ նոր պրոդուկտների մշակման վրա: Ֆոնդի տեսքով ներդրողներ ունենալու դեպքում, ինչպես, օրինակ, «Գրանատուս»-ն է, այս ընկերությունները պատրաստ են բիզնես մոդելը փոխելու ռիսկին գնալու:
Թեեւ կապիտալն ու որակավորված աշխատուժը նվազեցնում են ռիսկը, սակայն այլ խնդիրներ եւս էական են: Առաջինը հաճախորդի հետ կոնտակտն է. էական է հասկանալ հաճախորդի պահանջները: Երկրորդը վաճառքի մասշտաբներն են եւ ելքը դեպի արտաքին շուկաներ: Ի դեպ, «Գրանատուս»-ը ոչ միայն ֆինանսավորում է տրամադրում, այլեւ օգնում է հաստատվել նոր շուկաներում: Մեր պորտֆելային ընկերությունների համար հասանելի են նաեւ մեր ցանցում ընդգրկված համաշխարհային փորձառու խորհրդատուները, որոնք նոր շուկայի զարգացման եւ ռազմավարական ուղղության տեսանկյունից բացառիկ ռեսուրս են հանդիսանում:
- Ո՞ր շուկաների վրա խորհուրդ կտայիք կենտրոնանալ հայկական ստարտափներին:
- Հայկական տեղական շուկան փոքր է, ուստի մենք խրախուսում ենք մեր ստարտափներին, որպեսզի ի սկզբանե գլոբալ մտածեն: Շուկայի չափը, հաճախորդների առկայությունը եւ իրենց արդյունավետ ծառայելու կարողությունը վճռորոշ գործոններ են հասկանալու համար, թե որ շուկան է ընկերության համար թիրախային:
Օրինակ` մեր ընկերություններից ggTaxi-ն լոկալ կամ տարածաշրջանային լուծումներ է առաջարկում` ելնելով իր մատուցած ծառայության տեղական բնույթից: Սակայն կան նաեւ գլոբալ լուծումներ առաջարկող ընկերություններ, օրինակ Sololearn-ը կամ CodeFights-ը, որոնք հասանելի են ավելի լայնածավալ օգտվողների համար՝ անկախ աշխարհագրությունից:
«Գրանատուս»-ը գլոբալ վենչուրային ֆոնդ է: Մենք գրասենյակներ ունենք աշխարհի 3 կետերում՝ Սինգապուր, Լոնդոն, Երեւան եւ մեր գլոբալ խորհրդատվական ցանցը հասնում է Ավստրալիայից մինչեւ Սան Ֆրանցիսկո: Մենք հասկանում ենք, որ արտաքին շուկաներին ինքնուրույն հասնելը ձեռնարկատերի համար շատ խնդրահարույց է, ուստի մենք աջակցում ենք այդ ընկերություններին շուկայական մուտքի ռազմավարությունները իրականացնելու գործում:
- Որո՞նք են հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկայիս միտումները:
- Ամուր եւ խոր ստարտափ էկոհամակարգի ստեղծումը երկար գործընթաց է, որ պահանջում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի ներգրավվածություն, այդ թվում` կառավարության, մասնավոր եւ կրթական հատվածների: Օրինակ` 50 տարի տեւեց, որպեսզի Սիլիկոնյան հովիտը դառնա այն, ինչ տեսնում ենք այսօր, իսկ Սինգապուրից շուրջ 15 տարի պահանջվեց էկոհամակարգ ստեղծելու համար, որոնցից յուրաքանչյուրի հաջողությունը պայմանավորված է եզակի հատկանիշներով: Նույն կերպ մեր շահագրգիռ կողմերին է հարկավոր միասնական աշխատել` բացահայտելու համար, թե որտեղ Հայաստանը կարող է մրցակցային առավելություն ունենալ այլ էկոհամակարգերի նկատմամբ եւ ուղղել անհրաժեշտ ռեսուրսները համապատասխան նախաձեռնությունների ուղղությամբ, որոնք խթանում են զարգացումը:
Հայաստանն այժմ մրցակցում է գլոբալ այլ էկոհամակարգերի հետ եւ պետք է կենտրոնանա ստարտափներին եւ ձեռնարկատերերին լավագույն տաղանդը, ենթակառուցվածքն ու ծառայությունները տրամադրելու վրա: Օրինակ` թեեւ Հայաստանը ուժեղ է տաղանդավոր մասնագետների առկայությամբ, սակայն այն սահմանափակ է մասշտաբի տեսանկյունից: «Այբ», «Թումո», «UWC-Հայաստան» նախաձեռնությունները ապագա ձեռնարկատերերի պատրաստման հիանալի օրինակներ են, ովքեր կտիրապետեն անհրաժեշտ հմտություններին թվային տնտեսության բնագավառում: Մենք նաեւ կարիք ունենք բարելավելու մեր ենթակառուցվածքները՝ կապի եւ տրանսպորտի առումով եւ զարգացնելու ֆինանսական ու իրավական միջավայրը, որոնք կապահովեն ներդրողների վստահությունը:
Երիտասարդ գործարարները տեղական success story-ների օրինակների կարիք ունեն: Հաջողակ տեղաբնակ հայ ՏՏ գործարարների թիվը քիչ է, ուստի հարկավոր է խրախուսել նրանց, որպեսզի ժամանակ եւ ռեսուրսներ տրամադրեն տարբեր նախաձեռնություններում, որոնք արժեք ունեն տեղական էկոհամակարգի համար: Սա վերաբերում է նաեւ հաջողակ սփյուռքահայ ձեռներեցների ներգրավվածությանը: Շատ են նաեւ հաջողած անհատ գործարարները, պարտադիր չէ ՏՏ ոլորտից. նրանք նույնպես կարող են աջակցություն ցուցաբերել ներդրման եւ փորձառության տեսանկյունից:
Ճիշտ նախաձեռնությունների մեջ շարունակական ներգրավվածության ու ներդրումների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից ենթակառուցվածքների զարգացման պատրաս¬տակամության շնորհիվ, Հայաստանը իրական հնարավորություն կունենա ստեղծելու կենսունակ էկոհամակարգ եւ ստարտափերի թիվը 200-ից հասցնելու 1000-ի առաջիկա տասնամյակում: Որքան շատ հաջողված պատմություններ լինեն, այնքան ավելի շատ մյուսները կոգեւորվեն մեր էկոհամակարգում ներդրումներ եւ մասնակցություն ունենալու հարցում:
Պիեռ Հեննեսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը