10:26 | 07.08.15 | Հարցազրույցներ | exclusive 184636

Ֆրանսիս Ժելիբտեր. ՀՀ հեռահաղորդակցության շուկայում մրցակցությունը շուտով ավելի կթեժանա

Հուլիսի վերջին հայտարարվեց, որ «Օրանժ» եւ «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ:

Itel.am-ը զրուցել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ, որը մանրամասներ է հայտնել գործարքի եւ ընկերության ապագայի մասին:

-Պրն Ժելիբտեր, հուլիսի վերջին «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերը «Յուքոմ»-ին վաճառելու մասին արած Ձեր հայտարարությունից հետո շատ հարցեր առաջացան: Մեծ հարց, եթե ոչ մտահոգություն է առաջանում երկրից «Օրանժ Արմենիա»-ի հեռանալու հետ կապված: Ի՞նչ է տեղի ունենալու գործարքի ստորագրումից հետո:

-Իրականում մենք չենք խոսում ինչ-որ մեկի անհետացման մասին: «Օրանժ Արմենիա»-ն որպես ցանց շարունակում է մնալ եւ կմնա: Փոխվելու է «Օրանժ Արմենիա»-ի բաժնետերը, ինչը տեղի կունենա գործարքի ստորագրումից եւ ՀՀ պետական մարմինների կողմից վերջնական վավերացումից հետո: 
 
Երկու քայլ է լինելու: Գործարքը կստորագրվի առաջիկա օրերին, որին կհաջորդի վավերացումը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է քննի մեր տրամադրած փաստաթղթերը եւ արդյունքում վավերացնի կամ չվավերացնի գործարքը: Սովորաբար այդ գործընթացը տեւում է 1-3 ամիս:

Միաժամանակ, մենք շարունակում ենք առաջարկել մեր ծառայությունները: Վերջին օրերին ընկերության վաճառքների ցուցանիշները հրաշալի են, եւ հուսով եմ, որ դա շարունակական կլինի: Մենք որոշ նորարար անակնկալներ ունենք մեր հաճախորդների համար եւ դրանք կներկայացնենք մոտ ապագայում:

Ցանկանում եմ ընդգծել, որ գործարքի վերջնական վավերացումից հետո «Օրանժ» բրենդը կպահպանվի մեկ տարի շարունակ:

-Դո՞ւք եք «Յուքոմ»-ին առաջարկել, թե՞ նախաձեռնողը մյուս կողմն է եղել: Ե՞րբ են մեկնարկել բանակցությունները:

-Ժամանակ առ ժամանակ «Օրանժ Արմենիա»-ն իր ներդրումների հանձնաժողովում գնահատում է իրավիճակը: Այդ հանձնաժողովում ընդգրկված են Orange Group -ի գլխավոր դեմքերը՝ տարբեր երկրներում գործող ընկերությունների կառավարիչների հետ միասին, որոնք մտածում են խմբի եւ նրա մասնաճյուղերի ապագայի մասին:
 
Մենք մեզ հաճախ հարց էինք տալիս՝ ավելի լավ է միայնա՞կ գործել հայկական շուկայում, թե՞ համագործակցել որեւէ մեկի հետ: Եվ այդպես հնարավորություն առաջացավ քննարկումներ սկսել «Յուքոմ»-ի հետ: Կարծում եմ՝ նրանք եւս ունեցել են նմանատիպ մտքեր՝ միայնա՞կ գործել եւ զրոյից մոբայլ ընկերություն հիմնել, թե՞ համագործակցել: Քննարկումները հենց այդպես են շաղկապվել:

Ավելի քան մեկ տարի առաջ մենք «Յուքոմ»-ի, ինչպես նաեւ այլ ընկերությունների հետ սկսեցինք քննարկել կոմերցիոն պայմանագրեր կնքելու հնարավորությունը, սակայն դա հաջող ավարտ չունեցավ: 2015թ. սկզբից սկսած՝ «Յուքոմ»-ի հետ համագործակցության տարբեր քննարկումներ են եղել, որոնց հաջորդեց հուլիսի 22-ի հայտարարությունը:

- «Օրանժ Արմենիա»-ն կարեւոր գործատու է Հայաստանում՝ շուրջ 500 մարդ է աշխատում Ձեր ընկերությունում: Ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ:

-Որքանով ես եմ տեղյակ պոտենցիալ նոր բաժնետիրոջ մտադրությունների մասին, նրանք գնում են այս գործարքին, որպեսզի խոշորացնեն իրենց ծառայությունները: Գաղափարը մարդկանց կամ ծախսերը կրճատելը չէ:

Այս պահին հստակ է, որ «Օրանժ Արմենիա»-ն եւ «Յուքոմ»-ը միասին մտադիր են ծածկել տեղական շուկայի 20%-ը, ինչն արդեն բավական ազդեցիկ դիրք է: Հնարավոր կլինի տրամադրել հեռահաղորդակցության ոլորտին առնչվող ցանկացած ծառայություն՝ թե բիզնեսին, թե անհատ հաճախորդներին: Եվ եթե մտադրություն կա խոշորացնել գործունեությունը, ապա դա նաեւ դրական կազդի աշխատատեղերի եւ այն աշխատակիցների վրա, որոնք աշխատում են երկու ընկերություններում: 

-Ինչո՞ւ «Օրանժ»-ը որոշեց լքել Հայաստանը:

-Առաջին հերթին, Orange Group-ի ռազմավարությունը բոլոր երկրներում համակցված ծառայությունների, այսպես կոչված «4-ը 1-ում» փաթեթների (մոբայլ եւ ֆիքսված կապ, ֆիքսված ինտերնետ եւ հեռուստատեսություն) առաջարկումն է, որոնք շատ հարմար են բաժանորդների համար, քանի որ նրանք կարող են այս 4 ծառայություններից օգտվել մեկ փաթեթում՝ հարմար գնով:

Հարցն այն էր, թե արդյոք մենք կարող ենք այսպիսի ծառայություններ առաջարկել մեր բաժանորդներին այն դեպքում, եթե միայնակ գործենք շուկայում: Դա շատ ավելի մեծ թվով ներդրումներ կպահանջեր Orange-ից նման ծառայություններ առաջարկելու համար, այդ նպատակով էլ որոշեցինք այլ ընկերության հետ համագործակցել:

Գործարքի կայացման գլխավոր արդյունքը նոր օպերատորի ստեղծումն է: Այն կկարողանա հարմար գնով եւ մեկ փաթեթով այդ ծառայություններն առաջարկել հայ հաճախորդներին:

Բացի այդ, մենք գիտենք, որ շուկայում ավելի ուժեղ դառնալու կարիք ունենք` նպաստելով Հայաստանում ներդրումների ավելացմանը:  

- Ինչպե՞ս են արձագանքել ձեր բաժանորդները գործարքի մասին հայտարարությանը:

-Իհարկե, լրջորեն ուսումնասիրել ենք մարդկանց արձագանքը, քանի որ ցանկանում էինք վստահ լինել, որ մեր հաճախորդները գիտակցում են՝ «Օրանժ Արմենիա»-ն գոյություն ունի եւ կշարունակի գոյություն ունենալ:

Գործարքի մասին հայտարարությունից հետո երեք օրվա ընթացքում մենք մեր սպասարկման կենտրոններում շուրջ 45 զանգ ենք ստացել, որն այնքան էլ մեծ թիվ չէ 650 հազ. բաժանորդ ունենալու պարագայում: Բայց դա չի նշանակում, որ մարդիկ չունեն հարցեր: Մենք պատասխանում ենք բոլոր հարցերին: «Օրանժ Արմենիա»-ն այստեղ է եւ կշարունակի գործել: Հիմա հնարավորություն կա խոշորանալ եւ նոր ու ավելի նորարար ծառայություններ առաջարկել:

-Արդյոք հիասթափություն չե՞ք նկատում:

-Միգուցե, կա հիասթափություն կապված այն հանգամանքի հետ, որ մեկ տարի անց Orange բրենդն այլեւս չի լինի հայկական շուկայում: Մենք այս որոշումը թեթեւ սրտով չենք կայացրել, այլ որովհետեւ կարծում ենք, որ «Յուքոմ»-ի հետ ընկերությունը եւ նրա անձնակազմը լավ ապագա կունենան:

-Այս ընթացքում կարծիքներ էին հնչում, որ Orange Group-ի որոշման վրա ազդել են քաղաքական գործընթացները (օրինակ՝ Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը): Որպես պատճառ նշվում էր նաեւ «Օրանժ Արմենիա»-ի «վատ մենեջմենթը»: Ձեր մեկնաբանությունները:

-Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «վատ մենեջմենթին», կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական կարծիքը: Իմ տպավորությունն այն է, որ որոշ մարդիկ կարծում են, որ եթե մենք չենք խոսում վատ մենեջմենթի մասին, ռիսկ կա, որ գործարքը կարող է դիտարկվել քաղաքական տեսանկյունից: Պարզապես ցանկանում եմ հիշեցնել մի քանի բան: Մենք համար առաջինն ենք մոբայլ ինտերնետի շուկայում՝ զբաղեցնելով շարժական կապի շուկայի 62% մասնաբաժինը: Շուկայում այս մասնաբաժինը շարունակաբար ավելանում է:

2013թ. վերջից սկսած՝ հետվճարային համակարգի բաժանորդների քանակով մենք 2-րդն ենք ձայնային տիրույթում: Հայկական շուկայում իր գործունեության մեկնարկից 4 տարի անց մեր ընկերությունն արդեն դրական գործունեություն էր ծավալում, ինչը հազվագյուտ երևույթ է հարաբերականորեն փոքր երկրում գործող 3-րդ օպերատորի համար: Բացի այդ, արդեն 6-րդ անգամ անդընդմեջ P3 գերմանական անկախ աուդիտորական ընկերությունն Օրանժ Արմենիայի տվյալների ցանցը լավագույնն է ճանաչել Հայաստանում:

Վատ արդյունքների մասին խոսող մարդիկ չեն հասկանում հեռահաղորդակցության ոլորտից: Ես նաեւ հաստատում եմ, որ որոշումը կայացնելիս Orange Group-ի վրա որեւէ քաղաքական ճնշում չի գործադրվել:

- Ձեր կարծիքով, France Telecom-ի մուտքը հայաստանյան շուկա արդարացվա՞ծ էր՝ հաշվի առնելով այն, որ շուկան այդ ընթացքում արդեն հագեցած էր:

- Հայաստանում ներդրումներ կատարելու որոշումը կայացրել է Orange Group-ը, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտ փոփոխություն բերելու նպատակով: Առաջին հերթին, մենք ցանկանում էինք զարգացնել Հայաստանում մոբայլ ինտերնետի շուկան, որովհետեւ 2009թ. այն գրեթե գոյություն չուներ, իսկ գները շատ բարձր էին: 

Մենք մտանք շուկա եւ մեր լուման ներդրեցինք այդ շուկայի զարգացման գործընթացում: Այսօր արդեն ոչ ոք չի զարմանում, երբ խոսում ենք անսահմանափակ առաջարկների մասին: Սակայն այդ մենք էինք, որ մի քանի տարի առաջ ներկայացրինք այդ ծառայությունները:

Մենք առաջինը Հայաստանում ներկայացրինք որոշ նորարարություններ, ներառյալ մարքեթինգ, հաճախորդների սպասարկում, խանութների մշակույթ եւ այլն:

-Արդյոք պե՞տք է ձեր մրցակիցներն անհանգստանան երկու ընկերությունների միավորման արդյունքում բջջային եւ օպտիկամանրաթելային ցանց ունեցող նոր ընկերության ստեղծման առնչությամբ:

-Տպավորություն ունեմ, որ մեր մրցակիցները որոշակիորեն զգոնացել են՝ տեսնելու, թե այս նոր «Օրանժ Արմենիա»-ն «Յուքոմ»-ի հետ համատեղ ինչ է անելու:

Մինչեւ գործարքի մասին հայտարարությունը՝ ես խոսել եմ մեր մրցակից ընկերությունների կառավարիչների հետ եւ տեղեկացրել որոշման մասին:

Երբ գործարքը վավերացվի, մրցակցությունը կաճի, կապված այն հանգամանքի հետ, որ կլինեն բազմաթիվ նորարար լուծումներ, ինչի արդյունքում կշահեն բաժանորդները:

- Խորհուրդ կտայի՞ք ոչ հայ ձեռնարկատերերին ապագայում այստեղ ներդրումներ անել:

-Կախված է ներդրումների ոլորտից: Հայտնի է, թե որքան մոտ հարաբերություններ ունեն Հայաստանն ու Ֆրանսիան, եւ դա ոչ միայն պաշտոնական, այլեւ սվորական մարդկանց մակարդակում: Սա ստեղծում է Հայաստանում ներդրումներ կատարելու բարենպաստ միջավայր:

100 ներդնելու դեպքում ցանկանում ես իմանալ, թե 101 ես հետ բերելու, թե՞ 98: Ամեն ինչ կախված է նախագծից: Այն, ինչը Հայաստանում իսկապես պետք է լինի եւ գրավի ներդրողներին, կայունությունն է եւ կանխատեսումներ անելու հնարավորությունը:

Ռիսկ կա ամենուր, սակայն ներդրողի համար առավել կարեւորը ռիսկը չափելու կարողությունն է: Ամենակարեւոր բանն օրինական համակարգի առկայությունն է, որ եթե ես դժվարություն ունենամ, կարող եմ դիմել եւ անաչառ որոշում ստանալ: Գիտեմ, որ ՀՀ իշխանությունները եւս աշխատում են հարկային եւ մաքսային ծառայությունները բարելավելու նպատակով, ինչը, իմ կարծիքով շատ կարեւոր է՝ ներդրումների ներգրավման տեսանկյունից:

- Հուլիսին կայացած մամուլի ասուլիսում Դուք նշում էիք, որ սա ֆինանսական որոշում չէ, այլ բիզնես գործարք: Ո՞րն է դրանց տարբերությունը: 

-Իմ կարծիքով՝ ֆինանսական գործարք նշանակում է, որ քեզ չի հետաքրքրում գործարքի լավ կամ վատ լինելը ընկերության տեսանկյունից, քեզ միայն փողն է հետաքրքրում: Այս գործարքի որոշումը կայացվել է՝ հիմնված մի շարք հետազոտությունների վրա. ի՞նչ կարող էինք միայնակ առաջարկել եւ ի՞նչ կկարողանայինք առաջարկել՝ համագործակցության դեպքում:

Հայաստանը համեմատաբար փոքր երկիր է, եւ այստեղ հարցն այն չէ, որ Orange-ը գումար է վաստակում, որի արդյունքում Խումբը հարստանում է: Սա իսկապես բիզնես որոշում է՝ կայացված բիզնես մարդկանց կողմից եւ բիզնես նպատակներով:

-«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ բացթողումը:

-Բավական երկար ժամանակ մենք մեծ ուշադրություն էինք հատկացնում ինտերնետին եւ ոչ բավարար ժամանակ տրամադրում կանխավճարային բաժանորդներին: Մենք քայլ առ քայլ ուղղեցինք դա՝ 2013-ից սկսած, սակայն դա չընկալվեց հայ բաժանորդների կողմից: Կարծում եմ՝ բիզնեսի տեսանկյունից դա իմ ամենամեծ բացթողումն էր:

- Դուք վերադառնում եք Ֆրանսիա օգոստոսի վերջին: Ի՞նչ կցանկանայիք ասել ձեր բաժանորդներին Հայաստանը լքելուց առաջ:

- Ամեն պարագայում՝ անձնական պատճառներով պայմանավորված, ես այս ամսվա վերջին պետք է վերադառնայի Ֆրանսիա՝ հանձնելով ընկերության ղեկն այլ մարդու:

Հեռանում եմ Հայաստանից դրական եւ հուզառատ: Այս 3 տարիները թերեւս ամենաբուռն ու հետաքրքիրն էին իմ պրոֆեսիոնալ կարիերայում: Ընտանիքս եւս շատ է հավանել Հայաստանը, երեխաներս էլ հայերեն են սովորել:

Ինչպես ասել եմ «Օրանժ Արմենիա»-ի անձնակազմին, անձնապես ամեն ինչ կանեմ, որ անցումային այս շրջանը հաջող ընթանա, եւ ես համոզված եմ, որ նոր «Օրանժ Արմենիա»-ն կսկսի իրականացնել իր խոստումները գործարքի հաստատումից անմիջապես հետո:
 
Կցանկանայի հավելել, որ համակցված ծառայությունները, որոնք այսօր Արեւմտյան Եվրոպայում ամենապահանջվածն են, 2-3 տարվա ընթացքում հասանելի կդառնան հայ
հաճախորդներին:

Ֆրանսիս Ժելիբտերի  հետ զրուցել է Նարինե Դանեղյանը