09:42 | 19.09.15 | Հարցազրույցներ | exclusive 5312

Ալիքս Մըրֆի. WorldRemit-ին ոգեւորել է մուտքը Հայաստան

Օրերս հայտարարվեց, որ մոբայլ դրամական փոխանցումների WorldRemit համակարգը ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերության՝ ՄոբիԴրամ-ի միջոցով այսուհետ հասանելի է նաեւ Հայաստանում:

WorldRemit-ի միջոցով (կենտրոնակայանը` Լոնդոն) ամսական շուրջ 300 հազ. փոխանցում է իրականացվում աշխարհի 52 երկրում:

Հայկական շուկայում իրենց մուտքի եւ առաջարկների շուրջ Itel.am-ը զրուցել է WorldRemit-ի ավագ մոբայլ վերլուծաբան Ալիքս Մըրֆիի հետ:

- Հայաստան մուտք գործելու հիմնական հանգամանքը հայկական մեծ սփյուռքի առկայությո՞ւնն է:

-Այո, Հայաստանի պարագայում առկա է շատ հետաքրքիր իրավիճակ: Ավելի շատ հայեր բնակվում են Հայաստանից դուրս, հետեւաբար՝ արտերկրից դրամական փոխանցումներն այստեղ հսկայական տոկոս են կազմում: Մենք ոգեւորված ենք, որ աշխատում ենք Հայաստանում:

Հավելվածի օգնությամբ այսուհետ կարելի է Հայաստան գումար փոխանցել ավելի քան 52 երկրից: WorldRemit-ի հաշվից գումարը փոխանցվում է ՄոբիԴրամ-ի մոբայլ դրամապանակ:

Փոխանցումները կարելի է կատարել ինչպես կայքի, այնպես էլ մոբայլ հավելվածի միջոցով (App Store, Google Play):

-Իսկ մտադի՞ր եք ընդլայնել ձեր ներկայությունը տարածաշրջանում:

-Ներկայում Հարավային Կովկասում ներկայացված ենք միայն Հայաստանում: Սակայն պետք է նշեմ, որ պարբերաբար նոր երկրներ ենք ներգրավում եւ գումար ուղարկելու նոր տարբերակներ առաջարկում: Ինչ վերաբերում է ԱՊՀ մյուս երկրներին, ապա ներկայում բանակցություններ ենք վարում նրանց հետ: Օրինակ, արդեն կարելի է համակարգի միջոցով Ղազախստան խոսելաժամանակի լիցքավորում (airtime top-up) կատարել:

-Ինչո՞վ է WorldRemit-ը տարբերվում նմանատիպ մյուս համակարգերից:

-Մեր յուրահատկությունն այն է, որ դրամական փոխանցումները բերում ենք օնլայն համակարգ՝ դարձնելով գործընթացն ավելի արագ, դյուրին եւ անվտանգ: Առաջարկում ենք գումար ուղարկել արտերկրի ընկերներին, հարազատներին` համակարգչի, սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ: Գումարը կարող է ստացվել բանկային հաշվի միջոցով, ինչպես նաեւ կանխիկ եւ Mobile Money տարբերակներով: Ի դեպ, շատերն այսօր հենց Mobile Money տարբերակն են նախընտրում:

Հավելեմ, որ Accel Partners եւ Technology Crossover Ventures ընկերությունները, որոնք Facebook, Dropbox եւ Spotify ընկերությունների վաղ փուլի ներդրողներն են, 2014-ից $140 մլն են ներդրել WorldRemit-ում:

Ալիքս Մըրֆիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը