14:30 | 09.02.15 | Հարցազրույցներ | exclusive 37446

Ալ Եսայան. ՏՏ ոլորտում կարեւորը գլխի պարունակությունն է

ԱՄՆ-ում գործող «Այքոնէփս» (IconApps) ընկերության համահիմնադիր եւ Integrien ընկերության հիմնադիր, ճանաչված գործարար Ալ Եսայանը Itel.am-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ՏՏ ոլորտում իր փորձի, Հայաստանում բիզնես միջավայրի ձեւավորման առանձնահատկությունների եւ ապագա ծրագրերի մասին:

Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, նա դասախոսությամբ էր հանդես եկել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ում:

Itel.am-ի հարցազրույցը Ալ Եսայանի հետ ներկայացված է ստորեւ:

-Հաճախ ենք լսում տեսակետներ, թե Հայաստանի ներդրումային միջավայրը արտասահմանցի ներդրողների համար այնքան էլ հրապուրիչ չէ: Դա իսկապե՞ս այդպես է:

-Չէի ասի, որ Հայաստանը ներդրումների համար վատ վայր է: Ինչեւէ, ամեն ինչ կախված է ներդրումների տեսակից: Օրինակ, ՏՏ ոլորտում ներդրումներ կատարելու համար հիանալի վայր է: Խելացի մարդիկ Հայաստանում շատ են: Իհարկե, մի շարք ուղղություններով դեռ շատ անելիք կա, բայց փաստ է, որ Հայաստանում իրագործված հիանալի նախագծերի կոնկրետ օրինակներ կան, ինչպես Joomag-ը, Teamable-ը, Lionsharp-ը, Plexonic-ը: Այլ հարց է, թե ինչպես կարող ենք օգտագործել դրանց հաջողությունը եւ զարգացնել հայկական մյուս ստարտափները:

Գոյություն ունի հայկական երկու վենչուրային հիմնադրամ, այնպես որ փող կա: Այլ հարց է, թե ընկերությունները որքանով են այդ գումարը ստանալու համար իրենց դրական իմաստով ագրեսիվ դրսեւորում: Շատ հաճախ վատ թիմին ֆինանսավորում հատկացնելը կարող է դառնալ քո երբեւէ արած վատթարագույն քայլը: Այն թիմը, որն արժանի է ֆինանսավորման, պետք է ինքնավստահ լինի եւ չամաչի ի ցույց դնել իր ներուժը:

-Որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք խոչընդոտում կամ դանդաղեցնում են բիզնես միջավայրի ձեւավորումը Հայաստանում:

-Առաջնայինը մարդկային ռեսուրսների սակավությունն է. քիչ են տեխնիկական կրթություն ստանալ ցանկացողները: Հայաստանը ընկերություն ստեղծելու համար լավ վայր է, քանի որ այստեղ ծախսերը շատ ավելի տանելի են եւ պատճառաբանված: Շատերն այստեղ ոչնչից կամ նվազագույն ռեսուրսներով ($25-30 հազ.) են սկսել, եւ հասել են մեծ բարձունքների: Ստարտափներին խորհուրդ կտամ գրանցվել Hive վիրտուալ ցանցում: Սա զրոյից ամեն ինչ սկսելու համար հիանալի հարթակ է:

Կարեւոր է, որ ծնողներն իրենց երեխաներին խրախուսեն տեխնիկական մասնագիտություններ ընտրել: Սա ոչ կառավարության խնդիրն է, ոչ էլ աշխարհագրական դիրքով է պայմանավորված: Պետք է ընտրել այնպիսի մասնագիտություն, որը պահանջված է շուկայում:

Մենք ունենք 19 հազ. տնտեսագետ, հետաքրքիր է՝ ինչ են անում այդ երիտասարդներն ուսումն ավարտելուց հետո: Ամենայն հավանականությամբ, տեխնիկական կրթություն ձեռք բերելու պարագայում նրանք աշխատանք կգտնեին:

Եթե դիտարկենք Էստոնիայի փորձը, ապա այն տարեկան 13-14 հազ. ՏՏ ոլորտի մասնագետ է շուկա ուղարկում: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ի ամբողջ տարածքում նրանց թիվը տարեկան 47 հազ. է: Այս համատեքստում համեմատելով Էստոնիայի եւ ԱՄՆ-ի բնակչության թվերը, կտեսնենք, թե ինչու է Էստոնիան այդքան հաջողակ այս բնագավառում: Պատկերացրեք, եթե Հայաստանում մենք կրկնապատկենք, եռապատկենք մեր մասնագետների թիվը, քանի՞ նոր աշխատատեղ կստեղծվի:

-Ո՞րն է ներդրումներ անելու ամենալավ տարիքը:

- Ինձ տարիքն այնքան էլ չի հետաքրքրում, կարեւորը գլխի պարունակությունն է: Ես ունեմ թե՛ դեռահաս, թե՛ 60 տարեկան աշակերտներ: Պետք է սկսել ինչքան հնարավոր է շուտ եւ սովորել սեփական սխալների հիման վրա:

-Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ ընկերությունը:

-Ես ինձ ավելի շատ գործարար եմ համարում, քան ներդրող: Ես ստեղծում եմ ընկերություններ: Մի քանի ամիս առաջ եմ ստեղծել իմ նոր ընկերությունը, բայց մանրամասներ դեռ չեմ կարող պատմել: Արդեն զգում եմ, որ այն դառնալու է իմ կյանքի լավագույն նախագիծը:

-Փաստորեն ստեղծում եք ընկերությունը, զարգացնում այն, վաճառում, եւ հետո նո՞րը ստեղծում: Սա՞ է ռազմավարությունը:

-Փորձում եմ ամեն երեք տարին մեկ նոր ընկերություն հիմնել: Այն կարող է լինել ցանկացած ուղղվածության. մի բան, որն ինձ հրապուրում է, կամ ինչ-որ նորություն, որը ցանկանում եմ աշխարհին մատուցել: Դա է բիզնեսի գեղեցկությունը՝ դու ես որոշում՝ երբ սկսել, եւ որոշ ժամանակ անց սկսում ես ավելի լավ աշխատել:

-Ամեն նորաստեղծ ընկերության համար նոր թի՞մ եք հավաքում, թե՞ նախորդ ընկերության անձնակազմն ամենուր գալիս է Ձեզ հետ:

-Կան որոշ թվով մարդիկ, որոնք մի ընկերությունից մյուսն են տեղափոխվում: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունները տարբեր ոլորտներից են, միշտ չէ, որ թիմերը հնարավոր է տեղաշարժել: Ես եւս չեմ կարող ինձ հետ տանել ամբողջ թիմը, քանի որ դա ազնիվ չի լինի այն մարդկանց նկատմամբ, որոնք գնել են իմ նախորդ ընկերությունը:

-Նոր ընկերությունում հայեր աշխատելո՞ւ են:

-Այո, իհարկե: Ներկայում երկու հայ է աշխատում: Սկզբունք է՝ հայերը պետք է աշխատեն իմ ստեղծած բոլոր ընկերություններում: Ես սիրում եմ իմ հայրենիքը: Ազգայնամոլ չեմ, բայց ազգասեր եմ: Նշեմ, որ իմ նոր նախագիծը Հայաստանի հետ կապ կունենա: 

-Ո՞րն է Ձեր խորհուրդն այն հայկական ստարտափներին, որոնք ներկայում ֆինանսավորում են փնտրում:

-Մի՛ վախեցեք եւ առա՛ջ շարժվեք: Միշտ կա փող, այլ հարց է, թե որքանով եք դուք պատրաստ այն ստանալ: Իմ բոլոր նախորդ ընկերությունների դեպքում 100 հանդիպումներից միայն մեկն էր իր հետ ռեալ ներդրում բերում: Իրականում, եթե ստեղծած ընկերությունը հրապուրիչ է, ապա ներդրողը շահագրգռված է այնտեղ գումար ներդնել: Չեմ լսել Հայաստանում որեւէ դեպքի մասին, երբ ընկերությունը եւ լավ թիմը ներդրում չեն ստացել: 

Դժվար է ամեն ինչ նախապես իմանալ: Պետք է շուկան ուսումնասիրել, եւ ընդհանրապես ժամանակ է պետք խաղի մեջ մտնելու համար: Խաղում հաղթելու համար պետք է խաղի մեջ լինել, մարդկանց աշխատանքի վերցնել, եւ քեզ հաղթող թիմով շրջապատել:

Հաճախ եմ ստարտափներին խորհուրդ տալիս որոշ ժամանակով այցելել Սիլիկոնյան հովիտ եւ տեսնել, թե որն է իրական մրցակցությունը եւ սթրեսը: Այնտեղ լրիվ այլ մակարդակ է: Այդ այցից հետո ավելի լուրջ ես դառնում եւ մանրուքներին ավելի մեծ ուշադրություն դարձնում:  

Առաջիկայում, հնարավոր է, մտածեմ հայկական ստարտափներում ներդրում կատարելու մասին, բայց չեմ կարող կոնկրետ ժամանակահատված նշել: Ամեն ինչ կախված է տեղական ստարտափների որակից:

Ալ Եսայանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը