10:19 | 17.03.16 | Նորություններ | 1928

ՀՀ-ից ՏՏ ոլորտի արտահանումների մոտ 80%-ն ուղղվում է ԱՄՆ եւ Կանադա

2015թ. Հայաստանի ծրագրավորման եւ ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ $425.5 մլն (21% տարեկան աճ` նախորդ տարվա համեմատ):

Այս մասին տեղեկանում ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանում տեղեկատվական եվ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցից, որն ամփոփում է 2015 թվականը:

Տեղական ընկերությունների մասնաբաժինը ոլորտի ընդհանուր եկամուտների մեջ կազմում է 50% (2014թ.՝ 45%):

Զեկույցը փաստում է, որ ծրագրային ապահովման եւ ծառայությունների ոլորտի 44 խոշոր ընկերություններ ($1 մլն եւ ավելի շրջանառությամբ), որոնք կազմում են գործող ձեռնարկությունների ընդամենը 10%-ը, ձեւավորում են ոլորտի ընդհանուր հասույթի 54%:

ՏՏ ընկերությունների գրեթե կեսի տարեկան եկամուտը կազմում է $100 հազ-ից մինչեւ $1 մլն:

Ոլորտի ընկերությունների կեսից ավելին մասնագիտացած են համակարգչային ծրագրերի մշակման գործում:

2015թ. ներքին շուկայի ծավալը հասել է մոտ $344.7 մլն՝ կազմելով ոլորտի ընդհանուր ցուցանիշի 61%-ը: 

2015թ. արտահանման ծավալները զգալիորեն աճել են՝ հասնելով $214.4 մլն, ինչը կազմում է ծրագրային ապահովման եւ ծառայություններ ոլորտի (առանց ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունների) ընդհանուր եկամուտի 50%-ը: 

Արտահանման շուկայում շարունակում են գերիշխել օտարերկրյա ընկերությունները, որոնց՝ արտահանման գծով մասնաբաժինը կազմում է 76%:

ՏՏ ոլորտի ընկերությունների ավելի քան 50%-ը արտահանում է սեփական արտադրանքն ու ծառայությունները, սակայն արտահանման տարբեր ծավալներով. որոշ ընկերությունների համար արտահանման ծավալները քիչ տոկոս են կազմում եկամտի մեջ, մինչդեռ այլ ընկերություններ ամբողջությամբ են (100%) արտահանում իրենց արտադրանքը: 

Զեկույցի համաձայն՝ արտահանումների առավելագույն մասը` մոտ 79.5%-ը, ուղղվում է ԱՄՆ եւ Կանադա, 10.8%-ը` Եվրոպա, իսկ երրորդ տեղում Ռուսաստանն ու ԱՊՀ երկրներն են, որտեղ ուղղվում է արտահանումների 8.4%-ը:

Այլ երկրների շարքում հայկական ծառայությունների նկատմամբ ամենամեծ պահանջարկը ներկայացնում է ԱՄԷ-ն, որը հիմնականում արտապատվիրում է հարմարեցված հաշվապահական, բանկային եւ ֆինանսական ծրագրեր: