17:08 | 28.03.25 | Հոդվածներ | exclusive 2130

Տիգրան Բդոյանի SimCare AI-ը վերափոխում է բժշկական ուսուցումը

AI-ն փոխակերպում է առողջապահական կրթությունը եւ 20-ամյա Տիգրան Բդոյանի SimCare AI-ն այս հեղափոխության առաջնագծում է:

SimCare AI-ը բժշկական կրթություն ստացող ուսանողին օգնելու պարզ գործիքից վերածվել է արագ զարգացող ընկերության, որն անցել է Y Combinator-ի աքսելերացիա եւ արդեն ներգրավել ավելի քան 2 մլն դոլար ներդրում։

Itel.am-ի հետ էքսկլյուզիվ զրույցում Տիգրան Բդոյանը պատմել է ստարտափային վաղ փորձերի, SimCare AI-ի գաղափարի, AI տեխնոլոգիաների կիրառության եւ առողջապահական ոլորտում իր բիզնեսի տեսլականի մասին:

Առաջին ստարտափի փորձառությունը եւ փաստաբան դառնալու փորձը

Ես ծնվել եմ Միացյալ Նահանգներում, դպրոց եմ հաճախել Օհայո նահանգում: Փոքր տարիքից հետաքրքրվել եմ տեխնոլոգիաներով եւ ծրագրավորմամբ։ Ձեռներեցության իմ առաջին ծանոթությունը 14 տարեկանում է եղել, երբ սկսեցի առցանց վաճառել տեսախաղերի հնարքներ:

16 տարեկանում համահիմնադրել եմ իմ առաջին ստարտափը․ ստեղծում էինք սարքեր, որոնք օգնում էին բիզնեսներին վերլուծել իրենց տարածքում շարժի հոսքը: Մենք հավաքագրել էինք գումար, բայց քանի որ դեռ միջնակարգ դպրոցում էինք սովորում եւ ամեն մեկս մեր գործերով էինք զբաղված, վերջնական արդյունքի չհասանք: Այնուամենայնիվ, դա մեծ փորձառություն էր:

Միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ, ծրագրավորող եմ աշխատել փոքր էներգետիկ ընկերությունում: Սկսել եմ որպես պրակտիկանտ, բայց երկրորդ տարում արդեն նրանց ավագ ծրագրավորողն էի:

Այնուհետեւ գնացի Չիկագոյի համալսարան՝ մտածելով, որ ուզում եմ դառնալ իրավաբան, բայց այդ ուղին չստացվեց: Մեքենայական ուսուցման հետազոտություն կատարելիս հանդիպեցի իմ ապագա համահիմնադրին՝ Վրիշանք Սաինիին: Այդ ժամանակ մենք աշխատում էինք տարբեր ստարտափներում՝ հաճախ քննարկելով համահիմնադիրների վեճերը եւ օգնելով միմյանց հաղթահարել մարտահրավերները: Ի վերջո, հասկացանք, որ բիզնես վարելու հարցում մեր փիլիսոփայական տեսանկյունները համընկնում են ու որոշեցինք միասին նոր ստարտափ սկսել, թեեւ սկզբում չգիտեինք՝ ինչ ուղղությամբ:

Ստարտափի հիմնումը եւ գաղափարը

Վրիշանք Սաինին դիմում էր բժշկական ուսումնական կենտրոններ, պետք է հանձներ CASPer քննությունը, որը գնահատում է էթիկական եւ կլինիկական դատողությունը: Քննությունը ներկայացնում է սցենարներ, օրինակ՝ «Երբ տեսնում եք, որ մեկը գողանում է լաբորատոր արդյունքները, ի՞նչ կանեք»: Նա չհաջողեց քննությունը, ինչը նշանակում էր՝ նրա կատարողականը էթիկական դատողության մասով թերի էր:

Վրիշանքին օգնելու համար ստեղծեցի պարզ AI գործիք, որը գեներացնում էր վարժություններ՝ թույլ տալով լուծել դրանք սահմանված ժամանակում եւ ստանալ արձագանքներ: Այլընտրանքը 8,000 դոլարով կրկնուսույցի դիմելն էր, այնպես որ սա շատ ավելի հասանելի լուծում էր:

Մենք այս գործիքը տեղադրեցինք բժշկական ուսումնական հաստատությունների ֆորումներում եւ Reddit-ում։ Այն անսպասելի արագ տարածում գտավ: Մեր ուշադրությունը գրավեց փաստը, որ ոչ անգլախոս երկրների՝ Ֆիլիպինների եւ Հնդկաստանի ուսանողները օգտագործում էին գործիքը շաբաթներ շարունակ՝ ավելի երկար, քան ուսման տիպիկ ժամանակահատվածը: Դա մեզ ստիպեց հասկանալ՝ պահանջարկ կա։

Վրիշանք Սաինին՝ աջից Վրիշանք Սաինին՝ աջից


Հետագա ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերեցինք ոլորտի հիմնական խոչընդոտը. բժիշկների համար ամենամեծ մարտահրավերներից մեկը հիվանդների հետ արդյունավետ հաղորդակցվելն էր, բարդ իրավիճակներում կողմնորոշվելը եւ կրիտիկական տեղեկություններ դուրս բերելը՝ ավելի լավ արդյունքի հասնելու համար:

Այժմ բժշկական ուսումնական հաստատությունները վարձում են դերասաններ՝ հիվանդի փոխազդեցությունները սիմուլյացնելու համար: Այս համակարգը թանկ է եւ անարդյունավետ: Դերասանները առողջապահության ոլորտի մասնագետներ չեն, նրանք պետք է վերապատրաստվեն յուրաքանչյուր սցենարի փոփոխության համար, եւ նրանց արձագանքը հաճախ ընդհանուր է եւ հապճեպ: Բացի այդ, այս մեթոդը պահանջում է բազմաթիվ տեսախցիկներ՝ փորձառությունը ավելի բարդ դարձնելով:

Մենք տեսանք այս գործընթացը բարելավելու հնարավորություն եւ սկսեցինք ստեղծել AI-ուղղորդված լուծում:

AI-ուղղորդված բժշկական պատրաստման մարտահրավերները հաղթահարելը

Առողջապահության ոլորտում AI գործիքների ստեղծումն ունի շատ մարտահրավերներ, հատկապես՝ սիմուլյացիաներում ճշգրտությունն ու իրատեսությունն ապահովելիս: Սեփական AI մոդելներ զրոյից վերապատրաստելու փոխարեն մենք օգտագործում ենք Ընդլայնված որոնումով տեղեկատվության գեներացիայի (RAG) մոտեցումը: Սա թույլ է տալիս մեզ հասնել բարձր ճշգրտության մակարդակի՝ առանց հատուկ մոդելների մեծ ծախսերի եւ բարդության:

Մեր տեխնոլոգիան հիմնված է այնպիսի աշխատանքային ընթացակարգերի վրա, որոնք օգնում են կառուցել AI փոխազդեցությունները՝ իրական բժշկական զրույցներին նմանակելով: Չնայած՝ հետագայում կարող ենք սեփական մոդելներ վերապատրաստել ավելի արագ եւ արդյունավետ լուծումներ ստանալու համար։

Օգտատերերի բազայի ընդլայնումը

Այժմ մեր հիմնական օգտատերերը բժշկական կրթություն ստացող ուսանողներն են, խորհրդատվական ուսանողները եւ սոցիալական աշխատանքի ուսանողները: Մենք արագ ընդլայնվում ենք, եւ առաջիկա վեց ամսվա ընթացքում ակնկալում ենք ներգրավել նաեւ ակտիվ բժիշկների, բուժքույրերի եւ թերապեւտների, որոնք կօգտագործեն մեր հարթակը մասնագիտական միջավայրերում:



Այժմ SimCare AI-ն ակտիվ կերպով օգտագործվում է 30 հաստատությունում, որտեղ 20-ից 60 ուսանող շաբաթական օգտագործում է այն: Մենք սերտ աշխատում ենք նաեւ խոշոր գործընկերոջ հետ, որն առաջիկա ամիսներին կծառայի որպես կամուրջ ԱՄՆ-ի գրեթե բոլոր բժշկական ուսումնական հաստատությունների համար:

Y Combinator-ի փորձառությունը

Կարծում եմ՝ YC-ն արժանի է իր ստեղծված աղմուկին, բայց ոչ այն պատճառով, ինչ սպասում են մարդիկ: Չկա ոչ մի գաղտնիք, հատուկ գործիք կամ մարդիկ, որոնք կփոխեն խաղի կանոնները: YC-ն շատ լավ է անում երկու կարեւոր բան, որոնք անհրաժեշտ են վաղ փուլում գտնվող ստարտափների համար:

Վրիշանք Սաինին և Տիգրան Բդոյանը Վրիշանք Սաինին և Տիգրան Բդոյանը


Առաջինը՝ նրանք ճիշտ սահմանեցին մեր սպասելիքները։ Երկրորդ՝ նրանք օգնեցին կենտրոնանալ այն գործողությունների վրա, որոնք իսկապես կարեւոր են, ինչպես ապրանքի զարգացմանը կամ հաճախորդների հետ կապի հաստատմանը։

Թիմի ընդլայնումն ու A սերիայի ներդրումային փուլին պատրաստվելը

Այժմ մեր հիմնական թիմում ընդգրկված են իմ համահիմնադիրը, խոր տեխնիկական փորձառությամբ ինժեներ, որը նախկինում YC-ի ծրագրով նույնպես անցել է, նաեւ՝ վաճառքի մասնագետ, որը պատասխանատու է շուկա դուրս գալու համար:

Մենք վերջերս ներգրավել ենք 2 միլիոն դոլար ներդրում եւ այժմ կենտրոնացած ենք թիմի ընդլայնման եւ A սերիայի ֆինանսավորման նախապատրաստման վրա:

Հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի հետ կապը

Մենք ֆինանսավորում ենք ստացել հայկական Triple S Ventures ֆոնդից: Չնայած կապի մեջ եմ եղել Սան Ֆրանցիսկոյի հայ հիմնադիրների հետ, բայց դեռ ուղղակի բիզնես համագործակցություն չենք ձեւավորել հայկական էկոհամակարգում:

Շուկային հարմարվելը. բժշկական դպրոցներից մինչեւ առողջապահական արդյունաբերություն

Սկզբնական փուլում գործիքը բժշկական դպրոցներին վաճառելը դանդաղ էր՝ ոչ թե դրանց հավանություն չստանալու, այլ՝ բյուրոկրատիայի ու երկար վաճառքի գործընթացի պատճառով: Մենք հասկացանք, որ պետք է ավելի ճկուն շուկա գտնել ու սկսեցինք պրոդուկտը վաճառել խորհրդատվական դպրոցներին:

Այս մոտեցումը փոխեց ամեն ինչ: Ամեն հանդիպում վերածվում էր պիլոտային ծրագրի, եւ ինտեգրումը կտրուկ աճեց: Հեռաբժշկական ընկերությունները, կլինիկաները, ոլորտային այլ ընկերություններ նույնպես սկսեցին հետաքրքրվել մեր գործիքով։


Այսպիսով, կենտրոնացանք առավել լայն առողջապահական արդյունաբերության վրա՝ որպես մեր հիմնական շուկա: Այս որոշումը հսկայական արդյունք տվեց: Պահանջարկն ահռելի է:

Մենք միակ ընկերությունն ենք, որը ստեղծում է գործիք ամբողջ առողջապահության ոլորտին համապատասխան՝ սոցիալական աշխատանքից մինչեւ բժշկություն: Կարող ենք դրանք հարմարեցնել ցանկացած մակարդակի՝ լինի դա առաջին կուրսի բժշկական ուսանող, թե՝ մասնագիտացված ոլորտի փորձառու մասնագետ:

Այս մասշտաբայնությունը ոչ միայն մեզ տալիս է միաեղջյուր ընկերություն դառնալու հնարավորություն, այլեւ թույլ է տալիս մշակել ավելի զարգացած մոդելներ, որոնք կարող են գործ ունենալ նույնիսկ ամենաբարդ դեպքերի հետ:

Նունե Գրիգորյան