07:16 | 17.03.16 | Նորություններ | 2123

Այսօր մեկնարկում է «Կենգուրու 2016»-ը

Այսօր Հայաստանի եւ Արցախի ավելի քան 41 000 աշակերտ 1012 դպրոցից կմասնակցի «Կենգուրու 2016» միջազգային մաթեմատիկական մրցույթին:

Մրցույթը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում անցկացվում է «Այբ»-ի ջանքերով արդեն ութերորդ անգամ:

Համաձայն «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou sans Frontières») միջազգային ընկերակցության կանոնների` «Կենգուրուի» խնդիրներն ու ճիշտ պատասխանները հրապարակվում են մրցույթից մեկ ամիս անց: Հայաստանում դրանք կհրապարակվեն 2016թ. ապրիլի 18-ին մրցույթի կայքում:

Յուրաքանչյուր դպրոց մայիսի առաջին կեսին կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Նույն ամսվա երկրորդ կեսին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում եւ Ստեփանակերտում:

«Կենգուրու»-ն ամեն տարի նույն օրն անցկացվում է 63 երկրում: Մրցույթն անցկացվում է անմիջապես դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: