13:06 | 31.07.24 | Հարցազրույցներ | exclusive 8758

Հրաչյա Խաչատրյան. Գիտնականներին շարժող ուժն իրենց չիմացածն է

Հայաստանում ինժեներական ոլորտը զարգացնելու լուրջ նախադրյալներ կան։ Վերջին տասնամյակում տաղանդների բացահայտումն իրականացվում է հենց դպրոցներում՝ ավելի վաղ տարիքում տարբեր խմբակների ու ծրագրերի միջոցով։ Որ Հայաստանը դառնա ինժեներական երկիր ու լավագույն մասնագետները մնան ու աշխատեն մեր երկրում, այդ հարցում մեծ աշխատանք է իրականացնում STEMAR ընկերությունը, որն ընդամենը երկու տարում մասնավոր ներդրումներով ազդեցիկ ծրագրեր է իրականացրել հանրակրթական դպրոցներում։ ԱՐՓԱ ինստիտուտի ֆինանսական ջանքերով Հայաստանի 3 մարզերի 19 դպրոցներում հնարավոր է եղել նախաձեռնությունը կյանքի կոչել` այդպիսով նպաստելով ծրագրի աշխարհագրական ընդլայնմանը։

Ինժեներական ոլորտի երեկն ու ապագան Հայաստանում․ թեմայի շուրջ զրուցել ենք STEMAR-ի գործադիր տնօրեն Հրաչյա Խաչատրյանի հետ։

- Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ստեղծվեց STEMAR-ը։

- Մինչեւ STEMAR-ի ստեղծումը, ասեմ, որ ես եւ ընկերներս ինժեներական ոլորտում մեր քայլերը սկսել ենք 2007-ից։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ռոբոտաշինության մրցույթ էր կազմակերպել։ Այդ ժամանակ մենք աշխատող ինժեներներ էինք ու Հայաստանում շատ քիչ ոլորտներ կային, որ ինժեները կկարողանար  ժամանակակից ինժեներությունն արդյունավետորեն օգտագործել իր աշխատանքում: «Արմռոբոտիքս» մրցույթը մեզ դուր եկավ։ Հետաքրքիր փորձառություն էր, հնարավորություն՝ մեր գիտելիքները ժամանակակից տեխնոլոգիաների գործարկմամբ կիրառելու։ Մրցույթին փորձառու ինժեներներ էին մասնակցում։

Փորձը ցույց տվեց, որ պատրաստի թիմերը, որոնք իսկապես կարողանում են առաջադրված խնդիրը լուծել, շատ քիչ են։ Մեր թիմը, փայլուն արդյունք ցուցաբերելով, առաջին տեղում հայտնվեց։ Մենք ոգեւորվել էինք այդ հաջողությամբ... Որոշեցիինք հաջորդ երկու տարում էլ մասնակցել մրցույթին, սակայն հաջողություն չունեցանք (ժպտում է-խմբ.): Հենց այդ ժամանակ էլ հասկացանք, որ սա ոչ թե մեկ կամ երկու հոգու, այլ թիմային աշխատանք է պահանջում, ու որ մեր ժամանակի 80%-ը պետք է ծախսել մի կողմից սովորելու, մյուս կողմից սովորեցնելու վրա, որ հետո կարողանանք միմյանց հետ ներդաշնակ աշխատող մասնագետներ ունենալ։   

Լուսահոգի Կարեն Վարդանյանի հետ բավականին մտերիմ էինք։ Դպրոցներում ռոբոտաշինության խմբակներ բացելու գաղափարը հենց իրենն էր։ Նպատակն այն էր, որ դպրոցում երեխաներն արդեն սովորած կարողանան բուհ ընդունվել, որ աշակերտը համալսարան մուտք գործի իր հստակ պահանջներով, պարտադրի իրեն գիտելիք տալ։ Ռոբոտաշինության առաջին խմբակը ստեղծվեց 2012 թվականին։ Մենք ընկերներով մեր գաղափարներն էինք կյանքի կոչում, հետո այդ խմբակները դարձան «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։

Այնուհետեւ մենք հանդիպեցինք Ռուբեն Լուսինյանցին (հետագայում նա հիմնադրեց STEMAR-ը)։ Նա հանձնառու էր Հայաստանի աշակերտներին բարձրորակ STEM կրթությունը հասանելի դարձնել: Հետո մենք ծանոթացանք Ելենա Ղուկասյանի հետ։ Նա Տավուշի դպրոցներում մեծ հաջողություն գրանցած փորձնական ծրագրի ներդրման առաջամարտիկն էր:

Ծրագրի նպատակն էր դպրոցական տարիքից աշակերտներին սովորեցնել միջգիտակարգային խնդիրների, հետազոտությունների, նորարարությունների հետ աշխատելու սկզբունքները, թե ինչպես են աշխատում նոր գաղափարների հետ, ինչպես են դրանք հասցնում համապատասխան մակարդակի։

Հրաչյա Խաչատրյանը Հրաչյա Խաչատրյանը
photo © STEMAR


Շատերին թվում է՝ գիտնականն այն մարդն է, որ ամեն ինչ գիտի, մինչդեռ իրականում նրանց շարժող ուժն իրենց չիմացածն է։ Այն փորձը, որ ձեռք բերեցինք ինժեներական լաբորատորիաների հետ աշխատելով, նպաստեց STEMAR-ի ստեղծմանը։

- STEMAR-ն իր ակտիվ գործունեությամբ ներգրավված է նաեւ հանրակրթական ծրագրերի բարեփոխումների ծրագրերում։ Ի՞նչ հաջողություններ եք արձանագրել։  

- Հանրակրթական դպրոցներում մեր պիլոտային ծրագիրը սկսեցինք 2022-2023թթ․-ին։ 2023-2024 ուսումնական տարում Տավուշի մարզի Իջեւանի վարժարանում, Գետահովտի, Աչաջրի, Վազաշենի, Այրումի եւ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցներում մեր ծրագիրն իրականացրել ենք բնագիտամաթեմատիկական բլոկի միջառարկայական նախագծերի ձեւաչափով։ Արձագանքը բավականին ոգեւորող էր։

Այս տարվա սեպտեմբերից ընդլայնում ենք մեր աշխարհագրությունը՝ գործելով արդեն 19 դպրոցում, որոնցից 2-ը՝ Արարատում, 8-ը՝ Տավուշում եւ 6-ը՝ Գեղարքունիքում։ Այս նախագծերը հուսով ենք կկիրառվեն նաեւ «Արմաթ» լաբորատորիաներում, պլանավորում ենք յուրաքանչյուր տարի 1-2 նոր նախագիծ ավելացնել։ Մեր նպատակն է, որ աշակերտներն իմանան, թե օրինակ, դպրոցում սովորած մաթեմատիկան կամ այլ առարկաներ ինչպե՞ս են իրար հետ առնչվում կյանքում, ինչպե՞ս են տեխնոլոգիա դառնում։

Գիտեք, կրթությունն ամբողջ աշխարհում է կոնսերվատիվ ոլորտ։ Նոր տեխնոլոգիաները շատ դժվարությամբ են կարողանում իրացվել հանրակրթական ոլորտում։ Բոլոր կառավարություններից մշտապես ստացել ենք դրական արձագանքներ։ Միաժամանակ պետք է նշեմ, որ փորձը ցույց է տալիս, որ ցանկացած համագործակցություն երկարաժամկետ չի ստացվում, իսկ կրթությունն ինքնին երկարաժամկետ գործընթաց է։

Անկախ ամեն ինչից՝ մենք շարունակում ենք աշխատել եւ՛ հանրակրթական, եւ՛ մասնավոր դպրոցների հետ։ Հուսով ենք, որ ինչ-որ փուլում այդ համագործակցությունը կդառնա ավելի արդիական ու ժամանակակից մեր երկրի համար։

- Պարոն Խաչատրյան, STEMAR-ի նպատակը նաեւ գիտության նկատմամբ երիտասարդների շրջանում հետաքրքրության բարձրացումն է։ Իսկ բնագիտամաթեմատիկական ուղղությունը Հայաստանում այսօր ի՞նչ վիճակում է։

- 2012 թվականին, երբ «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը կյանքի կոչվեց, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) շահագրգռված էր իր համար մասնագետներ պատրաստել, կադրերի կարիք ունեին։ Մարդիկ կային, որ իսկապես ուզում էին, որ Հայաստանն այս ոլորտում ինքնաբավ դառնար, աշակերտները մնային մարզերում ու մարզերը զարգացնեին տեխնոլոգիական կրթության միջոցով։

Տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է իրականացվել։ Համեմատության համար ասեմ, որ ավելի քան 600 դպրոցում արդեն «Արմաթ» լաբորատորիա կա, որտեղ աշակերտները ստանում են ինժեներական կրթություն, չնայած որ տարբեր գնահատականներով արդյունավետությունը կասկածի տակ է դրվում, բայց հազարավոր երեխաներ հնարավորություն ունեն ինչ-որ չափով ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին։ Այդ փորձը հաջողված եմ համարում։ Օրինակ, երեխաներն իրենց մարզային դպրոցների համար ավտոմատացված զանգեր, անվտանգային համակարգեր են ստեղծում։ «Արմաթ» լաբորատորիաների հիմնական նպատակն այն է, որ ձեռք բերած գիտելիքները կարողանան մարզում իրացնել ու հենց մարզում մնալ։

STEMAR-ը հաջորդ քայլն է, որը թույլ է տալիս մարզից դուրս գալու միջոցով մարզը զարգացնել։ Ռուս մի գործարար մի անգամ իր եզրահանգմամբ կիսվեց՝ ասելով, որ ֆանտաստիկ է տեսնել, թե ինչպես են հայերը մասնավոր ներդրումներ անում կրթության ոլորտում։

- Կրթության ոլորտում ներդրում կատարելը երկարաժամկետ արդյունավետություն է ենթադրում։ Եթե ամփոփելու լինենք, ե՞րբ եք արդյունքների գնահատում ակնկալում։

- Այս ոլորտում պտուղ քաղելու համար շատ կարեւոր է, որ տնտեսությունն ու կրթությունը զուգահեռ զարգանան։ Մասնագետներին պահելու կարիք կա։ Տարիներով մեզ մոտ այնպես է ստացվել, որ մենք կրթությունն արգելակում ենք, որովհետեւ մեր տնտեսությունը թույլ չի տալիս ռեալիզացնել մասնագետներին։ Այո՛, մասնավորը լուրջ աշխատանքներ է իրականացնում, բայց պետությունն այստեղ ավելի կարեւոր անելիքներ ունի։

Մենք նպատակ ունենք Հայաստանի բոլոր մարզերում STEMAR-ի ծրագրերը ներդնել։ Հանրակրթական դպրոցներում STEMAR-ի հիմնական գործընկերը «ԱՐՓԱ» ինստիտուտն է, որն արդեն 33 տարվա պատմություն ունի։ Մեր առաջնային նպատակը նաեւ նախագծերի արտահանումն է։

Կարծում եմ՝ վաճառքից ստացված միջոցները կօգնեն զարգացնել ոչ միայն մեր նախագծերը, այլեւ աջակցել կրթական հաստատություններում ԳՏՃՄ (Գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) ճյուղի զարգացմանն ու այն Հայաստանում ավելի մատչելի դարձնելուն։

- Եթե ավելի առարկայորեն խոսենք՝ ի՞նչ հմտություններ են ձեռք բերում աշակերտները։

- Ըստ իս՝ կրթությունը մարդուն պետք է տա սովորելու նկատմամբ սեր, որ մի կողմից  հաճույք ստանա սովորելիս, մյուս կողից՝ հետազոտական հմտություններ ձեռք բերի, տեղյակ լինի նոր բան սովորելու համար ի՞նչ հերթականություն պետք է անցնել, որտեղի՞ց սկսել, ինչպե՞ս գործը ավարտին հասցնել։

Հրաչյա Խաչատրյանը Հրաչյա Խաչատրյանը
photo © STEMAR


Մեր նախագծերը կազմված են միջգիտակարգային իրական նախագծերից, որտեղ երեխան քայլ առ քայլ սովորում ու տեսնում է սովորածի արդյունքը, թե ինչպես է այն կիրառվում գործնականում։ Սրա հետ մեկտեղ չափազանց կարեւոր է նաեւ առաջնորդությունը, որովհետեւ այսօր Հայաստանում ունենք հետազոտությունից մինչեւ ռեալիզացիա հասկացող առաջնորդների կարիք։
 
- Ծրագրերը կազմելիս արդյո՞ք տարածաշրջանային, միջազգային փորձը հաշվի է առնվում։

Մեր բովանդակային թիմն առաջնորդվում է միջազգային չափանիշներով։ Դրանք ադապտացվում են մեր ծրագրերում։ Առավել հայտնի է հատկապես ֆիննական փորձը։ Ամեն դեպքում պակաս կարեւոր չեն նաեւ տեղական առանձնահատկությունները։ Օրինակ, չենք կարող չինական փորձն ամբողջությամբ կիրառել Հայաստանում, քանի որ նյութատեխնիկական լուրջ խնդիրներ կան մեր երկրում, ինչը Չինաստանի պարագայում որպես արտադրող երկիր լուծված է։ Մեր նախագծերն արդեն երրորդ տարին անընդմեջ վերանայվում, հետադարձ կապի միջոցով հղկվում, ավելի լավն են դառնում։

- Եվ վերջում, ի՞նչ նորությունների սպասել նոր ուսումնական տարում։

- Անցած տարի մենք դպրոցներում երեք նախագիծ ներդրեցինք՝ մանիպուլատորներ, խելոք կամ էկո ջերմոցներ եւ եռաչափ մոդելավորում։ Այս տարի այդ նախագծերին ավելացնում ենք նաեւ  SolvX ռոբոտաշինության ծրագիրը։ Բացի հանրակրթական ոլորտում եւ այլ ծրագրերի ուղղությամբ աշխատանքից, STEMAR-ն ունի նաեւ իր հեղինակային՝  «Եռաչափ մոդելավորումից ինժներական աշխարհ», «Մասնագիտական կողմորոշում», «Հիպոթեզից եզրակացություն», «Ինչպե՞ս լուծել ցանկացած խնդիր», «Հաշվարկներն իրական աշխարհում» եւ «Ավտոմատացված համակարգեր. Python ծրագրավորում» ծրագրերի հիման վրա ստեղծված SolvX ակադեմիայի կոնցեպտը։

Հուլիսի 11-ին մենք փորձնական մի դասընթաց կազմակերպեցինք, երեք դասընթացավարները ներկայացրին մոդուլները։ Բոլոր ծրագրերը միջառարկայական են՝ գրեթե նույնը, որոնք իրականացնում ենք հանրակրթական դպրոցներում։ Դասընթացներն անցկացվելու են «Մերգելյան» ինստիտուտում, որին կարող են մասնակցել 12-17 տարեկանները։ Խմբերն արդեն ձեւավորման փուլում են։ Դասընթացներին մասնակցելու եւ այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374(99) 357-920 հեռախոսահամարով կամ գրել solvx.academy@gmail.com էլ․ հասցեին։