10:40 | 22.04.22 | Նորություններ | 1690

Մեկ օրվա եկամուտը՝ գիտությանը․մեկնարկել է «Ապրի՛լ» նախաձեռնությունը

reArmenia հարթակում, Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ, նոր նախաձեռնություն է մեկնարկել՝ գիտական նախագծերին աջակցության նպատակով։

«Ապրի՛լ» անունը ստացած նախագծի համաձայն՝ ընկերությունները և անհատներն իրենց մեկ օրվա եկամուտը կարող են փոխանցել Հայաստանում գործող վստահելի ու խոստումնալից գիտական խմբի՝ աջակցելով իրենց գիտական նախագծերի իրականացմանը։

Աջակցության համար առաջարկվող նախագծերն են`

1․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «International Journal of Armenian Genocide Studies» ամսագիրը «Scopus» գիտատեղեկատվական հարթակում ինդեքսավորելու ծրագրի նախագիծը։

«IJAGS»-ը կլինի «Scopus»-ում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության թեմայով առաջին և միակ ամսագիրը և Հայաստանի համար տեղ կապահովի ցեղասպանագիտության ոլորտում։

2․ Հաշվողական ենթակառուցվածք՝ գենոմիկայի և կենսատեխնոլոգիաների համար

Հայաստանում կստեղծվի առաջին կենտրոնացված հաշվողական ենթակառուցվածքը, որը թույլ կտա մեր կենսաբազմազանության ու մարդկանց գենետիկական հատկանիշների տվյալները անվտանգ պահպանել և վերլուծել։

3․ Մոլեկուլյար լաբորատորիա բուսաբանության ինստիտուտում

Ինստիտուտում կգործի բույսերի, սնկերի, մամուռների և քարաքոսերի ուսումնասիրության նպատակով ժամանակակից մոլեկուլային լաբորատորիա։

4․ BIOCER Scientific նախագիծ

«BIOCER»-ը կենսաակտիվ կենսաքայքայվող նյութ է, որը ժամանակի ընթացքում քայքայվում է՝ խթանելով բնական ոսկորի աճը և վնասված ոսկորի ամբողջական վերականգնումը։

5․ Ռադիոհաճախականային ճառագայթում ունեցող անշարժ և շարժական սարքերի ուղղորոշման, տեղորոշման և հակազդման համակարգի պատրաստում և տեստավորում

Նախագծով ստեղծվելիք համակարգի շնորհիվ հնարավոր կլինի արտակարգ իրավիճակների պայմաններում բջջային հեռախոսակապի սարքերի ճառագայթման տեղորոշումով փրկարարական աշխատանքներ և քաղաքային պայմաններում ռադիո մոնիթորինգ իրականացնել։ Նախագծով հնարավորություն է ստեղծվում պաշտպանել մասնավոր և ռազմավարական տարածքները ռադիողեկավարվող սարքերի ներթափանցումից և հեռակա տեսանկարահանումներից։

«Ապրի՛լ» նախաձեռնության հեղինակը վեբ ծրագրավորման ոլորտում մասնագիտացած Էսթերոքս ընկերությունն է։

Նախաձեռնությանը արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել մի շարք ՏՏ ընկերություններ։

«Գաղափարը ծնվեց վերջին պատերազմից հետո։ Անդադար վերլուծելով մեր արած սխալները՝ նկատեցի, որ Ապրիլի 24֊ը մենք չենք օգտագործում որպես երկրի ուժեղացման օր։ Անցած տարի Ապրիլի 24-ին կամավոր կերպով աշխատեցինք և այդ օրվա հասույթը նվիրեցինք ՈՄԱ (Ողջ Մնալու Արվեստը) կազմակերպությանը՝ նպատակ հետապնդելով մեր աշխատանքի արդյունքը ներդնել հայրենիքի ուժեղացմանը նպաստող որևիցե նախագծի մեջ։ Համարում ենք, որ մեր մեկ օրը նվիրելով հայրենիքին՝ կնպաստենք ավելի հզոր հայրենիքի կառուցմանը»,- iTel.am-ին ասել է նախաձեռնության հեղինակ, Էսթերոքս ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ադամյանը։

Նախաձեռնությանը միանալ հնարավոր է այստեղ։