Տեսե՞լ եք երբեւէ ֆիլմից մի տեսարան, բայց չեք կարողացել գտնել դրա անվանումը։ ClipFix-ը ֆիլմերի «Shazam» է ու լուծում է հենց այս խնդիրը: Այն ստեղծել է ՏՏ մասնագետների փոքր թիմ, համատեղ ուժերով մշակվել է նորարարական տեխնոլոգիա՝ օգնելու օգտատերերին պարզ ու արագ ճանաչել ֆիլմերը եւ սերիալները։
Itel.am-ի հետ զրույցում ClipFix-ի հիմնադիր Վարդան Աբրահամյանը պատմել է հավելվածի գաղափարի առաջացման, իրականացման ու նոր գործառույթների մասին։
Գաղափարն ու ClipFix-ի հիմնումը
Մոտ 10 տարի առաջ մուտք եմ գործել ՏՏ շուկա։ Սովորել եմ ԵՊՀ-ի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, բայց այդքան էլ հետաքրքրված չէի այդ ուղղությամբ։ Բանակից վերադառնալուց հետո ծրագրավորում սովորեցի։ Այնուհետեւ ստեղծեցի սեփական ընկերությունը՝ Next Stack-ը, որը պատվերներ է կատարում ու ծառայություններ մատուցում արտասահմանյան կազմակերպություններին։
Առաջին ստարտափը ծովագնացների համար նախատեսված եղանակի տեսության հավելված էր. հաջող կերպով զարգացնելով՝ այն վերջերս վաճառեցինք։
ClipFix-ի գաղափարն առաջացավ, երբ տարբեր սոցիալական հարթակներում կարճ տեսանյութերի էի հանդիպում ֆիլմերից ու չէի կարողանում գտնել դրա անվանումը, փնտրում էի մեկնաբանություններում եւ հաճախ դժվարանում գտնել։
Վարդան Աբրահամյանը
photo © Մեդիամաքս
Ընկերոջս հետ մի օր քայլում էինք ու հարցրի՝ արդյոք ինքն էլ է հանդիպում նման խնդրի: Ստանալով դրական պատասխան՝ սկսեցինք քննարկել լուծում տվող ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։ Սկսեցի ուսումնասիրություններ կատարել, տարբեր հետազոտություններ անցկացնել: Survayman հարթակում 1000 հոգու մեջ հարցում անցկացրինք, մոտ 60%-ը նշել էր, որ շաբաթը գոնե մեկ անգամ նման խնդրի է բախվում, ու ամենազարմանալին այն էր, որ մոտ 53%-ը նշել էր՝ պատրաստ է վճարել նման պրոդուկտի համար։
Գործառույթներ Մենք հեշտացրել են գործածելիությունն օգտատերերի համար՝ մշակելով էկրանի տեսագրման գործառույթի (screen recording feature) հիման վրա տեխնոլոգիա: Այն թույլ կտա էկրանի տեսագրության կոճակի միջոցով տեսանյութը դիտելու ընթացքում լռելյայն աշխատեցնել ծրագիրը։ Մոտ 10 վայրկյանում այն կարող է գտնել ու ծանուցել ֆիլմի անունը։ Սա նրա համար է, որ օգտատերերը հնարավորինս քիչ քայլեր կատարեն ու տեսանյութերը դիտելու ընթացքը չընդհատվի։
photo © ClipFix
Հիմա մարդիկ նախընտրում են հնարավորինս քիչ գործողությունների քանակով ծրագրեր։ Մենք կրճատել ենք դասական որոնում կատարելու քայլերը։ Ֆիլմը գտնելուց հետո հնարավոր է տեսնել դրա մասին ինֆորմացիա, դիտել թրեյլերը, տեղեկանալ, թե որ հարթակում է այն հասանելի տվյալ պահին։
Որոնումն այս պահին ապահովում է 70% ճշգրտություն, ուզում ենք բարելավել՝ հասցնելով 80-85%-ի։
Հեղինակային իրավունքի խնդիրներՄենք օգտագործել ենք հիմնականում հանրային հասանելի տվյալների բազաները, փորձում ենք հեղինակային իրավունքների հետ խնդիրներից խուսափել ու այդ պատճառով որոշ սահմանափակումների ենք հանդիպում։ Հակառակ դրա, հնարավորինս բարելավում ենք մեր ալգորիթմներն ու գործիքները, որպեսզի կարողանանք սահմանափակ տվյալներով ապահովել որոնման առավելագույն ճշգրտություն։
Թիմը Այս պահին թիմը չորս հոգուց է բաղկացած։ Ես հիմնականում զբաղվում եմ ստրատեգիայի ստեղծմամբ ու ընդհանուր հետեւում եմ բոլոր գործընթացներին։ Գուրգենը մշակում է iOS եւ Android հավելվածները, Սամվելը back-end մասով է եւ դիզայներ Տիրուհին, որը UI-UX-ի ամբողջ պատասխանատուն է։
Օգտատերերն ու առաջիկա պլաններըԱյս պահին ամսական մոտ 2000 ակտիվ օգտատեր ունենք, պլանավորում ենք 2.0 բարելավված տարբերակի թողարկումը: Ցանկանում ենք ֆիլմերի հետ կապված կարճ տեսանյութերի ձեւաչափ ներդնել, որ մեր օգտատերերին հնարավորություն կտա դիտել ու բացահայտել նոր ֆիլմեր։ Նախատեսում ենք նաեւ AI օգնական ավելացնել, որն էլ կօգնի նախորդ որոնումների հիման վրա նորերը գտնել։
Վարդան Աբրահամյանը
photo © Մեդիամաքս
2.0 տարբերակում նաեւ փորձելու ենք TV շոուների կարճ հատվածներից ներկայացնել կոնկրետ սեզոնի կոնկրետ էպիզոդը։ Ծրագրում ենք գովազդային արշավներ սկսել, մեծացնել լսարանը, նաեւ բաժանորդագրությունների համակարգ ներդնել։ Հետագայում բացի ֆիլմերից, կարող ենք այլ ժանրի տեսանյութեր նույնպես ներառել ու ընդլայնել հավելվածի գործառույթների շրջանակը։
Նունե ԳրիգորյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի