15:22 | 21.04.22 | Նորություններ | 2066

Armed eHealth հավելվածում ավելացվել է «Իմ այցերը» բաժինը

 «Armed eHealth» բջջային հավելվածում ավելացվել է «Իմ այցերը» բաժինը, որտեղ մուտք գործելով, քաղաքացին կարող է տեսնել, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ եւ կոնկրետ ո՞ր բժշկի մոտ ինչպիսի՞ ծառայություն է ստացել, ինչպես նաեւ՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից դրա համար որքան է վճարվել:

Հնարավոր է տեսնել նաեւ պետպատվերից եւ սոցիալական փաթեթից դուրս՝ քաղաքացու կողմից վճարված այցերը։

Տեղեկությունը հասանելի է լինելու բացառապես այցը կատարած եւ բուժծառայությունը ստացած անձին: Հավելված մուտք գործելիս անձն անցնելու է լրացուցիչ նույնականացում՝ արդեն դեմքի ճանաչողության միջոցով, որից հետո կթույլատրվի նրան մուտք գործել «Իմ այցերը» բաժին:

Առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Այս գործընթացի նպատակներից մեկը բազաների ճշգրտումն է: Կարեւոր է, որ անձն իր անվան տակ ունենա միայն ճշգրիտ տեղեկություն, քանի որ սխալ այցերի մասին տեղեկությունը կարող է հետագա առողջական խնդիրների դեպքում անձին բուժող բժշկի համար ապակողմնորոշիչ նշանակություն ունենալ:

Քաղաքացին հնարավորություն կունենա տեղեկանալ, թե ինչ այցեր է կատարել եւ ստուգել դրանց իսկությունը: Իրականությանը չհամապատասխանող դեպքեր հայտնաբերելու պարագայում օգտվողը կարող է խնդրի մասին հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն»: