17:48 | 03.04.25 | Հոդվածներ | exclusive 1880

Հայկական Caselens-ը AI-ով լուծում է իրավական փաստաթղթային «քաոսը»

Հայկական Caselens-ը միաձուլում է իրավաբանությունն ու արհեստական բանականությունը։ Նախկին իրավաբաններ Արամ Աղաբաբյանն ու Արեն Տեր-Բալյանը եւ դիզայներ Շուշան Յազիչյանն ստեղծել են տեխնոլոգիական լուծում, որը վեճերով զբաղվող իրավաբաններին ազատում է հսկայական փաստաթղթային աշխատանքից՝ խնայելով նրանց ժամանակն ու ռեսուրսները։ Հիմնական թիրախը միջազգային արբիտրաժային գրասենյակներն են։

Caselens-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արամ Աղաբաբյանն iTel.am-ի հետ զրույցում պատմել է Caselens-ի գաղափարի ու կարեւոր համագործակցությունների արդյունքում կերտվող պրոդուկտի մասին։

Գաղափարը

Ես եւ Արենը նախկին իրավաբաններ ենք։ Մինչեւ իրավաբան դառնալս երկար տարիներ աշխատել եմ որպես ծրագրային ապահովման մշակող: Այնուհետեւ որոշել եմ իրավաբան դառնալ, սակայն հասկացա, որ իրավաբանությունն այդքան էլ իմ պատկերացրածը չէ։ Երբ առաջին անգամ աշխատանքի գնացի, փաստաթղթերի մեծ ցանկ տվեցին, որ պետք է ուսումնասիրեի ու աշխատանք տանեի։ Ես էլ փաստաթղթերի հետ ընդհանրապես չեմ սիրում աշխատել: Այդպես որոշեցի վերադառնալ տեխնոլոգիական ոլորտ ու սկսեցի իրավական ուղղվածությամբ ստարտափներում աշխատել։

Արամ Աղաբաբյանը Արամ Աղաբաբյանը
photo © Մեդիամաքս


Արենի հետ որոշեցինք համագործակցել ու սկսել մեր ստարտափը։ Մենք ծանոթացել ենք ԱՄՆ-ի Ամերիկյան համալսարանում միջազգային կրթական ծրագրի շրջանակում։ Քանի որ երկուսս էլ ունեինք համապատասխան տեխնիկական կրթություն ու նաեւ հասկանում էինք իրավական ոլորտից, որոշեցինք միանալ ու իրավական ոլորտի խնդիրները լուծել, որոնց նախկինում հանդիպել էինք։

Ի՞նչ է լուծում Caselens-ը

Վեճերով զբաղվող իրավաբանական ընկերությունները մեծ ծավալի շրջանառություն ունեն։ Պետք է բազմաթիվ փաստաթղթեր հատ առ հատ աչքի անցկացնել, վերլուծել ու ներկայացնել դատարանում կամ տրիբունալի առջեւ։ Այդ գործընթացը կարող է տարիներ տեւել, որովհետեւ փաստաթղթերի ցանկը շատ մեծ է ու պետք է մոտ 100-200 էջանոց հայցադիմումներ կազմել։ Սա իրավաբանական գրասենյակների ռեսուրսների 80%-ն է։

photo © Մեդիամաքս


Մենք այդ գործընթացն ավտոմատացնում ենք, այսինքն՝ պետք է փաստաթղթերը ներբեռնել մեր համակարգ եւ ավտոմատ այդ գործը կկատարվի։ Կարելի է ասել՝ արհեստական բանականությամբ իրավաբան ենք տրամադրում, որն այդ նույն գործը սկզբից մինչեւ վերջ ավտոմատացնում է: Սա, սակայն, չատբոտի սկզբունքով չի աշխատում, հարկավոր չէ բազմաթիվ ուղղորդող հարցերի միջոցով ստանալ պատասխաններ ու բերել ակնկալվող արդյունքի։

Թիրախային շուկան ու համագործակցության արդյունքում կերտվող պրոդուկտը

Այս պահին թիրախավորել ենք միջազգային արբիտրաժի շուկան։ Սկսել ենք 2023 թվականից, արդեն ունենք աշխատող տեխնոլոգիա։ Այս ընթացքում հաճախորդներ ենք ձեռք բերել նաեւ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում։ Քանի որ նոր ենք սկսել, չենք մերժում որեւէ հաճախորդի՝ անկախ գտնվելու վայրից։ Ներկայում համագործակցում ենք միջազգային փաստաբանական չորս գրասենյակի հետ, որոնք աշխարհի բազմաթիվ երկրներում ունեն մասնաճյուղեր։

Համագործակցելով գործընկերների հետ՝ մշակում ենք այնպիսի պրոդուկտներ, որ հնարավոր լինի վաճառել այլ գրասենյակների նույնպես։

Արամ Աղաբաբյանը Արամ Աղաբաբյանը
photo © Մեդիամաքս


Օրինակ՝ գործընկերներից մեկը զբաղվում է սպորտային արբիտրաժով, իրենց հաճախորդներ են FIFA-ն, Մանչեսթր Սիթին եւ սպորտային աշխարհում այլ հայտնի անուններ։ Նրանք լուծում են սպորտային վեճեր՝ օգտվելով մեր տեխնոլոգիայից։ Աշխատում ենք նաեւ շվեյցարական փաստաբանական գրասենյակների հետ: Արհեստական բանականությամբ ստեղծում ենք վճռի ժամանակագրություն, որը փոխարինում է ձեռքով գրելու գործընթացին։ Կարելի է ասել՝ հաճախորդի համար խնայում ենք հազարավոր դոլարներ եւ ժամանակ։ Այս ոլորտում ժամավճարը բավականին թանկ է ու կարող է հասնել մինչեւ 6000 դոլարի։

Caselens-ի թիմը

Թիմն ունի երեք համահիմնադիր։ Ես փորձում եմ բիզնեսի առաջխաղացման հարցերը լուծել, Արենը պատասխանատու է տեխնիկական լուծումների համար, իսկ Շուշանը մեր դիզայնի գծով ղեկավարն է։ Մեր հմտությունները շատ են ու բազմակողմանի, երեքով կարողանում ենք գրեթե բոլոր հարցերը լուծել, իհարկե, արհեստական բանականության օգնությամբ։

Ներդրումներն ու առաջիկա ծրագրերը

Մասնակցել ենք Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին, ինչպես նաեւ ներգրավված էինք Plug and Play-ի ծրագրում։ Հաղթել ենք Ամերիկյան համալսարանի EPIC ծրագիրը եւ դրամաշնորհ ստացել։ Սեւան Ստարտափ Սամիթում նույնպես առաջին տեղն ենք գրավել ու գրանտ ստացել։

Արամ Աղաբաբյանը Արամ Աղաբաբյանը
photo © Մեդիամաքս


Այս բոլոր ծրագրերը մեզ օգնել են ավելի լավ հասկանալ՝ ինչ խնդիրներ կան ոլորտում ու մշակել ավելի հստակ բիզնես մոդել։ Բացի այդ, պետությունից դրամաշնորհ ենք ստացել «Գաղափարից բիզնես» ծրագրով։ Այս շրջանում ներդրումների ակտիվ փնտրտուքի փուլում ենք։ Այժմ աշխատում ենք տարբեր AI գործակալների վրա ու կատարելագործում մեր լուծումները։

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի