12:28 | 22.01.20 | Նորություններ | 3210
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել աշխարհի առաջատար ընկերությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական եւ տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։
Նախագահ Սարգսյանը եւ Շունիչի Միանագան հիշել են իրենց նախորդ հանդիպումը Տոկիոյում: Նրանք խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաեւ փորձի կիրառման հնարավորությունների մասին։
Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման եւ մաթեմատիկական մոդելավորման վրա, զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կարող են լինել գործընկերներ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ միջուկային վառելիքի եւ միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ:
Դավոսում Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Siemens-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի եւ Սեդրիկ Նեյկի հետ։
ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում փոխգործակցությանն անդրադառնալով, կողմերը նշել են, որ մեծ հնարավորություններ կան արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում: Ընդգծվել է, որ Siemens-ը եւ ATOM ծրագիրը նշված ուղղությունների շրջանակում կարող են արդյունավետ համագործակցություն ծավալել: