11:09 | 22.01.20 | Նորություններ | 8270

Բեռլինում աշնանը «Թումո» կբացվի

Այս տարվա հոկտեմբերից Բեռլինի արեւմտյան հատվածում՝ պատմական Շառլոտենբուրգ թաղամասում, իր դռները կբացի «Թումո» կենտրոնը՝ անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի:

Կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 21-ին:

«Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարեւոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարեւոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


KfW բանկի գործադիր խորհրդի անդամ Ինգրիդ Հենգսթերն էլ շեշտել է, որ աջակցությունը կրթական ոլորտին KfW-ի հիմնական առաջնահերթություններից է.

««Թումո»-ի հետ իրականացվող այս նորարարական ծրագրով նպատակ ունենք տարածել թվային կրթությունը այն երկրներում, որտեղ KfW-ն ունի համագործակցություն»:

Թումո Բեռլինի ուսանողները մասնագիտանալու են ծրագրի 10 ոլորտներում:

«Այն կրթական ծրագիրը, որը KfW-ի ու «Թումո»-ի ջանքերով մեկնարկում է Բեռլինում, հավակնոտ է: Այն ընդգրկելու է տեխնոլոգիաների եւ դիզայնի ամենաարագ զարգացող ոլորտները, ինչպես նաեւ իրականացնելու է արհեստական բանականության, հաշվողական գրաֆիկայի, ալգորիթմային երաժշտության նախագծեր. այն տալու է բազմաթիվ հնարավորություններ հայտնաբերելու ապագայի մասնագիտությունները եւ պատրաստ լինելու դրանց»,- հավելել է «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Թումո»-ի կրթական ծրագիրն արդեն գործում է Փարիզում եւ Բեյրութում, նախապատրաստվում է նաեւ կենտրոններ բացել Մոսկվայում, Տիրանայում, Տոկիոյում եւ այլ քաղաքներում: