15:27 | 02.12.19 | Նորություններ | 2633

Siemens-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։

Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր ձեւավորել։

Անդրադարձ է կատարվել նաեւ կրթական, գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ դիտարկվել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունները։