12:29 | 28.10.19 | Նորություններ | 2949
Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 25-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն, որն աշխարհի խոշորագույն արդյունաբերական եւ տեխնոլոգիական ընկերություններից է:
Նա հանդիպել է Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։ Վերջինս նշել է, որ Mitsubishi Heavy Industries-ն սկսել է որպես նավաշինական ընկերություն ու այսօր դարձել արդյունաբերական եւ տեխնոլոգիական խոշորագույն ընկերություն։
Ընդգծելով, որ արագ փոփոխվող աշխարհում իրական արժեքներն են լինելու մարդկային միտքը, ստեղծարարությունը, գաղափարը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը դառնա գիտական ու տեխնոլոգիական հանգույց։
Նրա խոսքով՝ դրան են միտված նաեւ նախագահական մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման եւ մաթեմատիկական մոդելավորման վրա, եւ սա այն ոլորտն է, որտեղ «կարող են լինել գործընկերներ»։
Զրուցակիցները խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաեւ փորձի կիրառման հնարավորությունների մասին։
Արմեն Սարգսյանը հրավիրել է ընկերության ղեկավարությանն այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալ առկա ներուժին եւ համագործակցության հնարավորություններին։