12:26 | 06.12.19 | Նորություններ | 8943

«Ռոստելեկոմ»-ի աշխատակիցներն այցելել են հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների հատուկ խնամքի կենտրոն

Դեկտեմբերի 4-ին «Ռոստելեկոմ»-ի մի խումբ աշխատակիցներ այցելեցին «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների բարեգործական հասարակական կազմակերպություն, ուր ներկա գտնվեցին շահառուների մասնակցությամբ ներկայացմանը։

Ներկայացումը, որը վերնագրված էր «Իմ սիրո հանգրվան՝ Երեւան», արտացոլում էր հասարակության մոտեցումներն ու կարծրատիպերը հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների նկատմամբ, շահառուների կողմից առաջարկվում էին պարզ, մարդկային մեկնաբանություններ եւ լուծումներ։ Այն նպատակ ուներ բարձրաձայնելու եւ հուշելու հանրությանը, որ հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է եւ իրավունք ունի հավասարապես ինտեգրվելու, ապրելու, երջանիկ լինելու՝ պարզապես անհրաժեշտ է մի փոքր ջերմություն ու խնամք շրջապատի կողմից։

«Մենք միշտ պետք է հասարակության յուրաքանչյուր անդամի կողքին լինենք, ով այս կամ այն կերպ սահմանափակ կամ հատուկ կարիքներ ունի։ Համոզված եմ՝ մեր յուրաքանչյուր աջակցություն իր արտացոլումն է գտնում շահառուների աչքերում եւ կյանքում։ Իմ խորին համոզմամբ՝ մենք ոչ միայն դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը պետք է հիշենք ու բարձրաձայնենք նրանց խնդիրների մասին, այլ պետք է միշտ հիշենք ու աջակցենք հասարակության՝ մեզ պես, բայց մի փոքր տարբերվող ու մտածող մարդկանց։ Այսպես է գործում նաեւ «Ռոստելեկոմ» Հայաստանը իր սոցիալական պատասխանատվության ծրագրերով ու ռազմավարությամբ»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ»-ի կողմից հասարակական կազմակերպությանը տրամադրվել էր գումար շահառուներին ձմեռային տաք հագուստ գնելու նպատակով, ինչպես նաեւ ամանորյա քաղցրեղեն, որն այցի շրջանակներում ընկերության աշխատակիցները բաժանեցին բոլոր երիտասարդներին։

Ընկերության աշխատակիցները նաեւ շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան խմբակներին (ձեռագործի, կավագործության, համակարգչային հմտությունների զարգացման, ամանորյա նվերների ու բացիկների պատրաստման, այլ), մասնագիտական աջակցության ուղղություններին ու անհատական աշխատանքին, որը տարվում է կենտրոնի շուրջ վեց տասնյակ շահառուներից յուրաքանչյուրի հետ։

«Ուրախ ենք եւ շնորհակալ աշխատակիցների այցելության համար, քանի որ նման այցերից շահառու երեխաներն ու երիտասարդները միմիայն ոգեւորվում են, իրենց աշխատանքը գնահատված է լինում։ Աշխատակազմի հետ համատեղ մենք ջանում ենք շահառուներին դարձնել հասարակությանը հնարավորինս ինտեգրված անդամներ։ Համոզված եմ, որ մեր ջանքերն իզուր չեն, քանի որ «Փրկություն»-ը միակ ցերեկային կենտրոնն է, որը խնամք ու հոգածություն է տրամադրում մտավոր հաշմանդամություն ունեցող երիտասարդներին»,- նշեց «Փրկություն» ՀԿ տնօրեն Արփինե Աբրահամյանը։