12:00 | 06.12.19 | Նորություններ | 2571
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին եւ նշել, որ նրա փորձը գիտության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում:
Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար եւ ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:
Այնուհետեւ կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Պարոն Կանադեի հեղափոխական նորարարությունները նշանակալից զարգացում ապահովեցին գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր հորիզոններ բացելով համաշխարհային գիտական հանրույթի, հետեւաբար նաեւ՝ ողջ մարդկության առջեւ։ Եվ զարմանալի չէ, որ դոկտոր Կանադեն արժանացել է ու, վստահ եմ, դեռ արժանանալու է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների։
2019 թվականը հեղափոխական զարգացման տարի էր նաեւ մեր երկրի տեխնոմիջավայրի համար: Հայաստանն իր դիրքերն ամրապնդեց միջազգային հարթակներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի եւ տասնյակ այլ միջոցառումների շրջանակներում Հայաստանն իր հարկի տակ հավաքեց տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային դերակատարում ունեցող ընկերությունների, իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված հազարավոր գիտնականների ու ոլորտի առաջատար մասնագետների:
Այս տարի լրանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին:
Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին եւ ողջ անձնակազմին, ինչպես նաեւ նախորդ տարիների մրցանակակիրներին: Նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն է կատարել Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի, ճանաչման ու առաջխաղացման գործում: Այս մրցանակաբաշխությունը տեխնոլոգիական ոլորտում յուրատեսակ հնարավորություն եւ առաջնորդություն է դարձել մեզ համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Տակեո Կանադեն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Նա ընդգծել է, որ Հայաստանը լավ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու համար եւ ընդգծել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում: Կանադեի խոսքով՝ Հայաստանում կան մեծ էներգիա եւ ներուժ ունեցող երիտասարդներ, որոնք իրենց գաղափարներով կարող են նպաստել ոլորտի առաջընթացին ու զարգացմանը: