10:53 | 03.09.19 | Նորություններ | 6216

WCIT 2019-ը մեկնարկում է լրագրողների հավատարմագրման գործընթացը

WCIT 2019-ի կազմակերպչական գրասենյակը հայտարարել է լրագրողների հավատարմագրման գործընթացի մեկնարկի մասին:

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը եւ հարակից միջոցառումները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ազատ լրագրողները, բլոգերները կարող են սեպտեմբերի 3-20-ը միջոցառման պաշտոնական կայքում լրացնել հայտը։

Հավատարմագրվող լրագրողների քանակը սահմանափակ է։

ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։

Հավատարմագրման համար անհրաժեշտ է լրացվող հայտին կցել անձը հաստատող վավեր փաստաթուղթ, պաշտոնական լուսանկար, կենսագրություն, պաշտոնական նամակ լրատվամիջոցի ղեկավարից, տեղեկություն նկարահանման սարք(եր)ի մասին։

Փաստաթղթերի ամբողջական ցանկն ու կարգը ներկայացված է միջոցառման կայքում։ Հարցերի դեպքում կարելի է գրել accreditation@wcit2019.org հասցեին կամ զանգահարել +374 11 40 70 00 կամ +374 11 40 70 04 հեռախոսահամարներով։

«Հավատարմագրման հայտերի գործընթացն այնպես ենք մշակել, որ այն սահուն ու առանց խնդիրների ընթանա՝ լրագրողների համար հնարավոր առավելագույն ազատություն ապահովելու նպատակով։ Հաստատված լրատվամիջոցների ներկայացուցիչները հետագա քայլերի մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով»,- նշել է WCIT 2019-ի հանրային կապերի պատասխանատու Արմինե Ուդումյանը:

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա։ WCIT 2019-ի օրակարգն արդեն հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում:

WCIT ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքը 83 երկրների տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները եւ ներդրողները, քաղաքականություն սահմանողները եւ պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են ամենամյա այս միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը եւ դրա նշանակությունը մեր ապագայի վրա։

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։