14:44 | 19.07.19 | Նորություններ | 7939

WCIT 2019-ում ստարտափներն իրենց լուծումները կներկայացնեն միջազգային վենչուրային հիմնադրամներին

«WCIT 2019» - ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում կանցկացվեն «կայծակնային ռաունդներ» (ճեպաքննարկումներ), որոնց ընթացքում սկսնակ ձեռնարկատերերը, նորարարները եւ գիտնականները հնարավորություն կստանան միջազգային վենչուրային հիմնադրամներին ու աշխարհահռչակ գործարարներին ներկայացնել իրենց գաղափարները եւ ներդրումներ ներգրավել դրանց իրագործման համար։

Գաղափարները կգնահատի եւ 15 լավագույններին կընտրի միջազգային մասնագետներից կազմված ժյուրին։

«Իրենց շանսն օգտագործելու համար հայաստանցի եւ արտերկրյա ստարտափերներն արդեն կարող են գրանցվել համաժողովի պաշտոնական կայքում»,- հայտարարել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգն ընդգրկում է ոլորտի արդիական թեմաները։

ՏՏ աշխարհի առաջատարներն ու նորարարները, գլոբալ քաղաքականության առաջնորդները, կառավարությունների ու կորպորացիաների, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարները, խոշոր ներդրողները հոկտեմբերի 6-9-ին երեւանյան զրույցների ընթացքում իրենց մտքերը կփոխանակեն «Սեւ կարապի» տեսության, «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձեւվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքա՞ն «կանաչ» է Սիլիկոնյան հովիտը», «Մեքենաները հառնում են» եւ այլ թեմաներով։

Օրակարգի թեմաները մշակում է միջազգային հեղինակավոր մասնագետներից կազմված ավագ խորհրդատվական կոմիտեն։

«WCIT 2019»-ի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանող ՏՀՏ նախարարների կլոր սեղան-քննարկման թեման թվային զարգացումների կարգավորման մեխանիզմերն ու լավագույն փորձն է։

Մեկ այլ կլոր սեղանի շուրջ «խելացի» քաղաքների քաղաքապետերը կքննարկեն տեխնոլոգիաների կիրառությունն ու դրական ազդեցությունը մարդկանց առօրյայի վրա եւ բացասական ազդեցությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։