13:44 | 19.07.19 | Նորություններ | 2249

Հակոբ Արշակյանը մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ - Ջավադ Ազարի Ջահրոմիի հրավերով հուլիսի 17-19-ը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին:

Այցի ընթացքում նախարար Արշակյանը մասնակցել է իրանական ամենախոշոր էլեկտրոնիկայի եւ համակարգչային տեխնիկայի ELCOMP-2019 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը։

ELCOMP-ը տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների ոլորտում իրանական շուկայի ամենախոշոր առեւտրային եւ տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ ավելի քան 20 երկրներից։

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ - Ջավադ Ազարի Ջահրոմիի ուղեկցությամբ նախարար Արշակյանը՝ մի շարք այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով։

Այցի շրջանակում Իրանի գիտության եւ տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սուրենա Սատտարին նախարար Արշակյանին, Իրաքի կապի նախարար Նաիմ Ալ-Ռուբայեին է ներկայացրել վերջին տարիներին իրանական ընկերությունների տեխնոլոգիական ձեռքբերումները։

Այցի շրջանակում նախատեսվում է Հակոբ Արշակյանի եւ Մոհամմադ - Ջավադ Ազարի Ջահրոմիի երկկողմ հանդիպումը։