16:03 | 02.09.19 | Նորություններ | 2081

Գործարար կանայք կարող են մասնակցել ՏՀՏ ոլորտի վերաբերյալ դասընթացի

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը «Գործարար կանայք» ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպում է «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները բիզնեսում» քառօրյա դասընթաց:

Այն հատուկ մշակվել է հայաստանյան գործարար կանանց համար՝ հաշվի առնելով տեղական շուկայում բիզնես գործընթացների առանձնահատկությունները, գործարար միտումները, հնարավորություններն ու սահմանափակումները։

ՎԶԵԲ-ում տեղեկացրել են, որ մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվելու են ոչ միայն ժամանակակից ՏՀՏ գործիքներն ու լուծումները, ՏՀ տեխնոլոգիաների կիրառման ամբողջական գործընթացը, այլեւ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում առաջացած փոփոխությունների կառավարման գործիքները։

Դասընթացը կօգնի.

- հասկանալ՝ ինչ է ՏՀՏ-ն եւ ինչ կարելի է անել Հայաստանում դրա օգնությամբ,
- բիզնեսում կիրառել ՏՀՏ գործիքները եւ լուծումները,
- ընտրել բիզնեսին անհրաժեշտ ՏՀՏ լուծումներ եւ գործիքներ, գնահատել յուրաքանչյուր գործիքի առավելությունները եւ թերությունները՝ տեղական շուկայի համատեքստում,
- օպտիմալացնել բիզնես գործընթացները ՏՀՏ գործիքների եւ լուծումների կիրառման միջոցով,
- կառավարել ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում առաջացած փոփոխությունները։

Դասընթացը քառօրյա է եւ անցկացվելու է 2 փուլով՝ սեպտեմբերի 18-19-ին եւ սեպտեմբերի 25-26-ին: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան մասնակցության վկայական:

Աշխատանքային լեզուն հայերենն է: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը կամ ներբեռնել այստեղից, լրացնել եւ ուղարկել zara.ohanyan@ebrd.com հասցեին մինչեւ սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ը:

ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2015-ին՝ նպատակ ունենալով ամրապնդել կանանց ներգրավվածությունը բիզնեսում։ Ծրագրի շրջանակում կին ձեռնարկատերերին տրամադրվում է ֆինանսավորում եւ բիզնես խորհրդատվություն, կազմակերպվում են դասընթացներ։

Ծրագիրը ֆինանսավորում են ՎԶԵԲ-ը, Եվրոպական միությունը՝ EU4Business-ի շրջանակում, Շվեդիան, Վաղ անցումային երկրների հիմնադրամը եւ Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը։