17:22 | 02.09.19 | Նորություններ | 3340

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն «Արմաթ»-ին 70 համակարգիչ է նվիրել

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ ստորագրվել է փաստաթուղթ, որի համաձայն ընկերությունը Արմաթ ինժեներական լաբորատորիաներին է փոխանցել 70 համակարգիչ։

Դրանցով կհամալրվի շուրջ 20 դպրոցի ինժեներական լաբորատորիա` Հայաստանի մարզերում։ Խմբակներում կընդգրկվի շուրջ 500 երեխա։

«Լինելով Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը՝ մենք անչափ կարեւորում ենք հմուտ մասնագետների` արդի ինժեներական գիտելիքներով եւ հմտություններով զինվածությունը մեր ընկերությունում եւ մշտապես նպաստում ենք նրանց մասնագիտական աճին։ Համակարգիչները, որոնք նախկինում օգտագործվում էին մեր ընկերության աշխատակիցների կողմից, այսօր՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, արդեն հասանելի են մեր երիտասարդներին։ Լիահույս ենք, որ մեր աջակցությամբ ՀՀ դպրոցների համակարգչային եւ ինժեներական լաբորատորիաները կհամալրվեն տեխնիկայով՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին նոր ձեռքբերումներ գրանցել եւ խթանել մեր երկրում ՏՀՏ ոլորտի զարգացումը»,- նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Հասարակական կապերի տնօրեն Էլինա Մարգարյանը:

«Շատ կարեւոր է, որ այլ ոլորտների մեր ընկերությունները, գիտակցելով ինժեներական կրթության զարգացման դերը, աջակցում են Արմաթ ինժեներական լաբորատորիաներին։ Այս նվիրատվությունը լուրջ օգնություն կլինի մեր այն լաբորատորիաների համար, որոնք ունեն սարքավորումների պակաս»,- իր հերթին ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։

Ներկայում Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Արմաթ ծրագիրը նախագծված է այնպես, որ 14 տարեկանը լրացած աշակերտները, ձեռք բերելով համապատասխան գիտելիք ու հմտություններ ծրագրավորման, եռաչափ մոդելավորման եւ էլեկտրոնիկայի ոլորտում, ուսմանը զուգահեռ ստանում են աշխատելու եւ գումար վաստակելու հնարավորություն։