15:20 | 29.04.19 | Նորություններ | 3497

«Արմաթ»-ի մոդելը Մերձավոր Արեւելք արտահանելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն օրերս ներկայացրել է Աբու Դաբիում տեղի ունեցած «Bett Middle East Leadership Summit & Expo» բրիտանական գիտաժողով-ցուցահանդեսին:

«Ամփոփելով մեր մասնակցությունը, նշեմ, որ «Արմաթ»-ը, առաջ անցնելով տասնյակ երկրներից, «Bett MEA Awards 2019»-ի «Նորարարության» անվանակարգի մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել Հորդանանի, Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի կրթական ծրագրերի հետ: «Արմաթ» ցանցի մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի եւ՛մասնակիցների, եւ՛ այցելուների շրջանում»,- նշել է «Արմաթ» ծրագրի մեթոդաբանության եւ տեխնիկական գծով պատասխանատու Ավագ Սայանը:

Նա հավելել է, որ առաջարկներ են ստացել «Արմաթ»-ը Մերձավոր Արեւելքի երկրներ արտահանելու վերաբերյալ եւ այժմ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:

««Արմաթ»-ի մրցակցային առավելությունը նաեւ ճարտարագիտական կոմպլեքս գիտելիքներն են. ցուցահանդեսին «Արմաթ»-ն այն եզակի ծրագիրն էր, որ դպրոցականներին միաժամանակ սովորեցնում է մոդելավորում, ծրագրավորում եւ ինժեներություն», - նշում է «Արմաթ» ծրագրի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը:

Աբու Դաբիում ապրիլի 22-ին եւ 23-ին «Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցել են պետական եւ կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների եւ կրթության նախարարությունների պաշտոնյաներ եւ այլ ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին «Արմաթ»-ի մասնակցությանն աջակցել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:

«Արմաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն՝ ՀՀ Կառավարության եւ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: «Արմաթ» ցանցն այժմ ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Ախալքալակի շուրջ 270 դպրոց: