14:25 | 03.05.19 | Հոդվածներ | exclusive 76308

Եվգենի Եֆիմով. QA-ը Հայաստանում շատ զարգացած է

DataArt-ի QA (որակի ապահովման) առաջատար մասնագետ Եվգենի Եֆիմովը Yerevan Testing Days համաժողովի շրջանակում հանդես է եկել «Ինչպես տապալել ձեր թեստավորման դեպարտամենտը՝ երեք պարզ քայլ» ելույթով:

Itel.am-ի հետ զրույցում Եվգենի Եֆիմովը ներկայացրել է իր ելույթի առանցքային կետերը:

***

Երբ խոսում ենք ՏՏ պրոդուկտների մասին, նկատի ունենք տարբեր ներքին թիմեր, այդ թվում՝ ծրագրավորողների եւ թեստավորողների: Թեստավորողները պատասխանատու են պրոդուկտի որակի համար, նրանք փորձում են հասկանալ՝ այն լավն է, թե ոչ:

photo © Մեդիամաքս

Իմ դասախոսության ընթացքում լսարանին ներկայացրի տարբեր գործոններ, որոնք կարող են թեստավորողների աշխատանքը վատացնել: Խոսում էի՝ հիմնվելով իմ փորձի վրա: Այդ գործոնները մի քանի խմբի եմ բաժանել:

Առաջինը թեստավորման ենթակա պրոդուկտն է եւ թեստավորման հետ կապված գործոնները: Եթե ցանկանում եք թեստավորել՝ արդյոք ճի՞շտ է աշխատում գրիչը, դա ավելի հեշտ գործընթաց է, քան ավտոմեքենայի դեպքում: Լսարանին ուզում էի ասել, որ անհրաժեշտ է վերլուծել՝ արդյոք պրոդուկտը հե՞շտ է, թե՞ բարդ թեստավորելու համար:

Հարկավոր է հաշվի առնել պրոդուկտի եւ առկա միջավայրի բարդությունը: Պատկերացրեք, որ պետք է ստեղծեք մեքենա, որը, երբ ճանապարհին եք՝ մեքենա է, երբ գետում եք՝ նավ է: Ենթակառուցվածքների ստեղծումը, որը կօգնի թեստավորել ձեր մեքենան, առանձին հմտություն է, որը պետք է հաշվի առնեք:

Անկազմակերպվածությունը կարող է թեստավորման գործընթացը դարձնել պակաս արդյունավետ: Եթե փորձում եք թեստավորել մեքենան մինչեւ այն վարելը, ապա դա անելը բարդ կլինի:

Ծրագրավորողները սիրում են լուծել հանելուկներ, եւ երբ շատ ես խորանում հանելուկ լուծելու գործընթացում, կարող ես մոռանալ իրական կյանքի մասին:

Դասախոսությանս հիմնական ուղերձն այն էր, որ եթե մենեջեր ես, ապա պետք է մտածես աճելու ուղղությամբ, եւ տարբեր հետաքրքրություններ գտնես: Տարբեր բաներ փորձելը լավ բան է: Պետք չէ մոռանալ սեփական անձի եւ զարգացման ներուժի մասին:

***

QA-ը Հայաստանում շատ զարգացած է: Երբ Հայաստանում խոսում էի մասնագետների հետ, տպավորություն ստացա, որ իմ դասախոսությունում ներկայացված կետերն արդեն վաղուց օգտագործվում են այստեղ, ինչը շատ լավ է:

Շատ լավ տպավորություններ եմ ստացել նաեւ Software Testing Armenian Cup թեստավորման մրցույթից, որտեղ ժյուրիի կազմում էի: Մասնակիցները շատ մոտիվացված էին, եւ նրանք իսկապես լավ են հասկանում եւ անում իրենց գործը, ունեն հիանալի տեխնիկական հմտություններ:

Նարինե Դանեղյան