09:28 | 29.04.19 | Նորություններ | exclusive 22078

Արսեն Բաղդասարյան. QA-ը Հայաստանում լավ զարգացած է

Հայաստանի ամերիկյան համալսարանում ապրիլի 29-ին մեկնարկել է Yerevan Testing Days համաժողովը, որի պլատինե հովանավորը DataArt ընկերությունն է:

20 տարի առաջ Հայաստանում «QA որակի ապահովման» մասին խոսակցությունները կարող էին զուգահեռ աշխարհից թվալ, իսկ այսօր, ինչպես պնդում են ոլորտի մասնագետները, ծառայությունը բավական զարգացած է եւ շատ մեծ հետաքրքրություն է վայելում։  

DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը Itel.am-ին պատմել է, թե ինչ ճանապարհ է անցել Հայաստանում QA որակի ապահովման ծառայությունը եւ ինչ մակարդակում է այսօր։


«Մոտ 20 տարի առաջ, երբ Հայաստանում հիմնվեց ՏՏ հանրությունը, եւ մեկ-երկու տարի անց մի քանի հայկական ընկերություններ արտասահմանից եկան Հայաստան, կարելի է ասել QA որակի ապահովման (Quality assurance) գաղափարն ընդհանրապես զարգացած չէր։ Փորձում էինք հասկանալ՝ առհասարակ ինչ է նշանակում դա, որն է ճիշտ՝ QA-ը՞, թե՞ թեստավորումը, ո՞ր թեստավորումն է ավելի լավ՝ ձեռքո՞վ, թե՞ ավտոմատ։ QA-ի առկայության պահանջը առաջացավ այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին իրենց ծրագրերը վաճառել պատվիրատուներին»,- ասում է Արսեն Բաղդասարյանը։

Պատվիրատուները, նրա խոսքով, մեկ-երկու գործողությունից հետո բավական լուրջ ծրագրային խնդիրներ էին հայտնաբերում, ինչն էլ հայաստանյան ՏՏ միջավայրում առաջ քաշեց ծրագրերը պատշաճ թեստավորելու անհրաժեշտության գիտակցումը։

«Այսպիսով՝ գրեթե 18 տարի առաջ Հայաստանում QA զարգացման սկիզբը դրվեց։ Հավաքվեցին մարդիկ, որոնք սկսեցին ուսումնասիրել ոլորտը, մոտավորապես պատկերացրեցին, թե ինչ է այն եւ ինչ բաժիններ ունի։ Տարիների ընթացքում տեխնոլոգիաները զարգացան, ինչին զուգահեռ՝ նաեւ QA-ը։ Սկզբնական շրջանում դա ավելի շատ ձեռքով թեստավորում էր, որտեղ կիրառվում էին հարակից ծրագրեր»,- պատմել է DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենը։

Թեստավորման մեջ ամենակարեւորը, ըստ նրա, արդյունքների ճշտությունն է։ Հարկավոր է ոչ միայն որոշել՝ արդյոք ծրագիրը կատարո՞ւմ է գործողությունները, այլեւ որքանո՞վ է այն ճիշտ կատարում դրանք։


«Թեստավորման եղանակները շատանում են, ծրագրերը՝ ընդլայնվում։ Վերջնաժամկետների մեջ տեղավորման պահանջներից ելնելով սկսեց զարգանալ ավտոմատ թեստավորման գաղափարը, որը մեծ ներդրում էր այդ ուղղության մեջ։ Այսօր, հավանաբար, չկա մի հայկական ՏՏ ընկերություն, որը չունենա QA բաժին։ Եթե անգամ առանձնացված բաժին չլինի էլ, թեստավորման վրա շատ լուրջ ուշադրություն է դարձվում։ Հայաստանում կան խմբեր, որոնք զբաղվում են «աութսորս» թեստավորմամբ, որոնք իրենց փորձով եւ հմտությամբ կարողանում են ամբողջական փորձարկում իրականացնել։ Իհարկե, անգամ թեստավորում անցած ծրագրի դեպքում խնդիրներ լինում են, բայց ամենակարեւորն այն է, որ թիմը՝ թեստավորման միջոցով, կարողանա ճիշտ հասկանալ դրանք եւ լուծումներ տալ»,- ասել է Արսեն Բաղդասարյանը։

Նա նշել է, որ QA-ի գաղափարն իր մեջ պարունակում է թեստավորման բոլոր տեսակները եւ տարրերը։ Այն ոչ միայն թեստավորում է, այլեւ որակի ապահովում, ինչը նշանակում է, որ պետք է հմուտ լինել, կարողանալ որակի ճշգրիտ գնահատում անել, եւ համապատասխան գործընթացում փոփոխություններ կատարելով՝ հասնել «բացարձակ» որակի։  

«Այսօր հայաստանյան ընկերություններում հասել ենք այն բանին, որ թեստավորողներն ու ծրագրավորողները մեկ թիմ են, որովհետեւ ծրագրավորողն ու թեստավորողն առանց միմյանց չեն կարող որակյալ աշխատանք կատարել։ Այս թիմային աշխատանքը շատ կարեւոր է։ Հայաստանում կան մոտ 10 ընկերություններ, որոնք QA ծառայություններ են մատուցում։ Այն կարծրատիպը, որ թեստավորողը ոչ որակյալ ծրագրավորողն է, մենք կարողացանք կոտրել վերջին 10 տարում, եւ արմատավորել գաղափարը, որ թեստավորումը լուրջ աշխատանք է, որը ծրագրերի վերջնական տեսքի հասցնելու անբաժան մասն է»,- եզրափակել է Արսեն Բաղդասարյանը։