Միխայիլ Զավիլեյսկին եւ Յուլիյա Զավիլեյսկայայան
Նարինե Դանեղյանը զրուցում է DataArt-ի ներկայացուցիչների հետ
Յուլիյա Զավիլեյսկայայան
Միխայիլ Զավիլեյսկին
Արսեն Բաղդասարյանը
10:00 | 14.03.19 | Հարցազրույցներ | exclusive 101930
Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերությունը հունիսին մասնաճյուղ կբացի Հայաստանում:
20 տարուց ավելի գործունեություն ծավալող DataArt-ն ունի մասնաճյուղեր ավելի քան 20 երկրում՝ այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արգենտինայում եւ այլն։
Itel.am-ը բացվող մասնաճյուղի եւ Հայաստանի հետ կապված ակնկալիքների շուրջ Երեւանում զրուցել է DataArt ընկերության գլխավոր մենեջեր Միխայիլ Զավիլեյսկիի, մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Յուլիյա Զավիլեյսկայայի եւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Բաղդասարյանի հետ:
- Ձեր առաջին այցը Հայաստան այս տարվա հունվարին էր, եւ այդ ժամանակ արդեն խոսվում էր Հայաստանում գրասենյակ բացելու մտադրության մասին: Մոտ մեկուկես ամիս է անցել եւ վերադարձել եք՝ արդեն գրասենյակ բացելու հստակ որոշմամբ: Ինչպե՞ս կայացվեց որոշումը:
Միխայիլ - Արսենի հետ ծանոթացել ենք մեկուկես տարի առաջ, փոխադարձ այցելություններ ենք իրականացրել: Այդ ընթացքում DataArt-ի տարբեր մենեջերներ են Հայաստան այցելել: Շատ էինք ցանկանում համագործակցել, բայց սպասում էինք հարմար առիթի: 2019թ. սկզբին դա հնարավոր դարձավ:
Միխայիլ Զավիլեյսկին
Մեր ընկերությունը պատրաստվում էր զարգացման նոր ալիքին եւ հնարավորություն առաջացավ նոր գրասենյակ բացել: Միաժամանակ, հայաստանյան քաղաքական վերջին զարգացումները երկիրը շատ ավելի հրապուրիչ դարձրեցին ներդրումների համար: Այնպես որ, հանգամանքները առավելագույնս նպաստավոր էին, եւ մենք որոշեցինք օգտվել դրանցից:
-2018թ. մի շարք օտարերկրյա ՏՏ ընկերություններ ներկայություն հաստատեցին Հայաստանում: Արդյո՞ք նաեւ սա էր պատճառներից մեկը, որ դուք դիտարկեք այստեղ հաստատվելու հնարավորությունը:
Միխայիլ - DataArt-ն իրականում միշտ մարդկանց է հետեւում: Այս դեպքում դա Արսենն էր: Բոլոր հրապուրիչ շուկաներն այսօր զարգացման փուլում են եւ նոր շուկաներում ներկայանալու հնարավորություններ կան: Ներկայում մի շարք հնարավորություններ ենք դիտարկում նաեւ Ռումինիայում, Սերբիայում, Իսպանիայում:
-Որքանով տեղյակ եմ, ընկերությունը չունի գրասենյակ Ասիայում: Արդյո՞ք ծրագրում եք Երեւանում բացվող գրասենյակն օգտագործել ասիական շուկա մուտք գործելու համար:
Միխայիլ - Մենք փնտրում ենք կամուրջ-շուկաներ, անընդհատ նոր հնարավորություններ ենք դիտարկում, եւ եթե նեթվորքինգն ու կապերը մեզ ուղղորդեն Ասիա, մենք կարող ենք դիտարկել այդ հնարավորությունը: Այս պահին, սակայն, չունենք որեւէ հստակ ծրագիր՝ կապված ասիական շուկայի հետ:
- Ինչպիսի՞ մասնագետներ եք փնտրում Հայաստանում:
Յուլիյա - Երեւանյան գրասենյակը մեզ համար դառնալու է առաջին, այսպես կոչված, ոչ սովորական գրասենյակը, որը կհամատեղի բիզնեսի զարգացման եւ Quality Assurance-ի (ծրագրային ապահովման թեստավորում եւ որակի վերահսկում) գործառույթները:
Միխայիլ - Այս փուլում կարիք ունենք ավագ մասնագետների՝ գործընթացը սկսելու համար, բայց մեր հիմնական նպատակն է նաեւ սկսնակներին եւ նորավարտ մասնագետներին զարգացման հնարավորություններ ընձեռելը:
- Հետաքրքրված մասնագետներն ինչպե՞ս կարող են դիմել նորաբաց գրասենյակում աշխատանքի համար:
Յուլիյա - Ներկայում աշխատանքներ ենք տանում ենթակառուցվածքների կազմակերպման ուղղությամբ: Ինչ-ինչ գործընթացներ դեռեւս հեռակա են կառավարվում, քանի որ ընկերության աշխատանքները խորը ինտեգրված են՝ անկախ աշխարհագրական դիրքից:
Յուլիյա Զավիլեյսկայայան
Հայաստանում առաջիկայում կունենանք առանձին մասնագետ, որը կկարողանա հանդիպել աշխատանքով հետաքրքրվող թեկնածուներին եւ պատմել ընկերության մասին:
Միխայիլ - Ընկերությունը երկու ուղղությամբ է աշխատում: Առաջինը՝ կոնկրետ թափուր աշխատատեղի մասին հայտարարություն ենք տեղադրում: Մյուս կողմից՝ սիրում ենք նոր մարդկանց հետ ծանոթանալ եւ համագործակցության հնարավորություններ քննարկել: Այնպես որ, հետաքրքրվող մասնագետները կարող են ուղղակի ծանոթանալ հայաստանյան մեր գործընկերների հետ: Գրասենյակը դեռ փոքր է եւ թվարկածս երկու տարբերակներն էլ հնարավոր են:
-Մինչեւ տարեվերջ որքա՞ն մասնագետ եք պլանավորում աշխատանքի ընդունել հայաստանյան գրասենյակում:
Յուլիյա - 30 աշխատակից ունեցող գրասենյակն այն տարբերակն է, որն ամենահարմարն է զարգացման շրջան տեղափոխվելու համար: Մեծ գրասենյակների դեպքում ավելի դժվար է, քանի որ նրանք ունեն ինտեգրման, աշխատակիցների նեթվորքինգի հետ կապված խնդիրներ:
Միխայիլ - Նշեմ, որ 3 տարվա մակարդակով պլանավորում ենք 100+ աշխատակից ունենալ հայաստանյան գրասենյակում: Լավ գրասենյակի չափը մեզ համար 120 աշխատակիցներից բաղկացած թիմն է:
Արսեն Բաղդասարյանը
Արսեն - Հավատացնում եմ, որ DataArt ընկերության հայաստանյան գրասենյակում մարդիկ իսկապես հաճույքով կաշխատեն: Իմ կողմից ամեն բան կանեմ, որպեսզի ընկերությունն այստեղ աշխատանքի առաջարկների վարկանիշներում լինի առաջատար, զարգանա եւ իրականացնի բոլոր սպասումները:
-Որքանո՞վ է Հայաստանի կառավարությունը ձեզ աջակցում:
Յուլիյա – ՀՀ կառավարության կողմից նման հյուրընկալությունն ու թափանցիկությունը, ինչպես նաեւ օգնելու ցանկությունը, շատ հրապուրիչ է: Հույս ունեմ, որ գրասենյակն արագ կզարգանա, քանի որ այստեղ մեծ թվով հետաքրքիր մարդկանց ենք արդեն հանդիպել, ինչը հիանալի հիմք է, որ գրասենյակը փորձառու մասնագետներով համալրվի եւ DataArt-ի գլոբալ ընտանիքին հաղորդի ազգային կոլորիտ:
Արսեն - Հուսով եմ, որ նոր կառավարության հետ մեր համագործակցությունը կլինի փոխօգնության տեսքով: Ցանկանում եմ, որ ՏՏ ոլորտի ընկերություններին արտոնություններ տրամադրող օրենքը, որը ներկայում քննարկման փուլում է, հաստատվի: Այդ արտոնությունների շնորհիվ վերջին 4 տարիներին կրկնակի աճել է ՏՏ ընկերությունների թիվը:
Նարինե Դանեղյանը զրուցում է DataArt-ի ներկայացուցիչների հետ
Միխայիլ - Կառավարությունը մեզ աջակցել է այնքանով, որ հրավիրել է մեզ այստեղ:
Կառավարության՝ բիզնես միջավայրի օպտիմալացման եւ հարկերի կրճատման մտադրությունը բավական հրապուրիչ է, քանի որ այլ երկրներում տեսնում ենք հակառակը:
DataArt-ն ընկերություն է, որտեղ աշխատում են ոչ թե ինչ-որ գրասենյակում, այլ ինչ որ գրասենյակից: Մեզ համար մարդիկ առաջին տեղում են, եւ այս համատեքստում կարծում ենք, որ Հայաստանում մեզ լավ կզգանք:
Հարցազրույցը՝ Նարինե Դանեղյանի