16:36 | 12.04.19 | Հոդվածներ | exclusive 52000

ServiceTitan-ը Հայաստանում տաղանդներ է որոնում

Հայ հիմնադիրներ ունեցող, տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերությունը տարեսկզբին Հայաստանում գրասենյակ բացեց:

Itel.am-ի հետ զրույցում ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանը նշել է, որ ներկայում գրասենյակն աշխատակիցների որոնման ակտիվ փուլում է:

ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանը ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանը
photo © ServiceTitan

«Ցանկանում ենք այս տարի Երեւանի թիմը մեծացնել՝ հասնելով 50 աշխատակցի»,- նշել է նա:

Աշոտ Տոնոյանի խոսքով, աշխատակիցների ընտրության հարցում ServiceTitan-ը բարձր նշաձող է սահմանել:

«Մեծ թվով հայտեր ենք ստանում, սակայն թեկնածուների մեծամասնությունը թեստերի եւ հարցազրույցների փուլում դժվարությունների է հանդիպում: Սա նշանակում է, որ կամ պետք է հետ քայլ կատարենք եւ իջեցնենք պահանջների նշաձողը, կամ օգնենք թեկնածուներին՝ հասնելու այդ նշաձողին: Որոշեցինք ընտրել երկրորդ տարբերակը», ընդգծել է նա:

Առաջիկայում ServiceTitan-ը խորացված .NET դասընթաց կկազմակերպի՝ փորձառու ինժեներների համար: Աշոտ Տոնոյանի խոսքով, սա կլինի ընկերության առաջին քայլը՝ Հայաստանի բարձրորակ տաղանդի կրթության ուղղությամբ:

«Մենք թեկնածուներից ոչ միայն բարձր սպասելիքներ ունենք, այլեւ տրամադրում ենք շատ մրցակցային կոմպենսացիա եւ առավելություններ, այդ թվում՝ բաժնեմաս, միջազգային մակարդակի առողջապահական փաթեթ, անվճար լանչ եւ այլն:

Մեր թիմում կան ինժեներներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ֆրիլանս ռեժիմով՝ արտերկրից ընկերությունների համար, եւ նրանց դեպքում հաջորդ քայլը հիմնականում դիտարկվում է արտերկիր տեղափոխվելը: Սակայն այդ մասնագետները որոշել են միանալ ServiceTitan-ի թիմին՝ որպես աշխատակիցներ: Մենք ուրախ ենք նպաստել, որ տաղանդը մնա Հայաստանում»,- եզրափակել է Աշոտ Տոնոյանը:

ServiceTitan-ի երեւանյան գրասենյակում թափուր աշխատատեղերի հաստիքներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ ServiceTitan-ը գրասենյակներ ունի Լոս Անջելեսում եւ Ատլանտայում, որտեղ ավելի քան 600 հոգի է աշխատում: 2018թ. մարտին ընկերությունը ներդրումային C շրջանում $62 մլն ներգրավեց: Ներդրումային շրջանը գլխավորեց Battery Ventures-ը: Նույն տարվա նոյեմբերին ընկերությունը ներդրումային D ռաունդում $165 մլն ներգրավեց եւ այսուհետ գնահատվում է $1,65 մլրդ: Ներդրումային ռաունդը գլխավորում էր Index Ventures-ը: