Հայ հիմնադիրներ ունեցող, տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերությունը հայտարարել է Հայաստանում գրասենյակ բացելու մասին:
Ընկերությունն արդեն գրասենյակներ ունի Լոս Անջելեսում եւ Ատլանտայում, որտեղ ավելի քան 600 հոգի է աշխատում:
«Մեր արմատները Հայաստանում են եւ մեզ համար իսկապես կարեւոր է ոչ միայն ներկայություն ունենալ այստեղ, այլ նաեւ ներդրում կատարել համայնքում: Մեր նպատակն է աջակցել աշխատուժի կրթությանը եւ տրամադրել հնարավորություններ, որպեսզի լավագույնները հարկադրված չլինեն լքել երկիրը»,- ասել է ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը:
Ընկերությունն այսօր ունի 2500 հաճախորդ ընկերություն ԱՄՆ-ում եւ Կանադայում: Դրանք ներկայացնում են 50 հազ. տեխնիկական մասնագետի, որոնք տարեկան ավելի քան 10 մլրդ գործարքներ են իրականացնում տնային ծառայությունների ոլորտում:
«Երեւանում սկզբում կգործի մեր ինժեներական գրասենյակը, որտեղ կաշխատեն ավագ ինժեներներ՝ հիմնականում մեր պրոդուկտի զարգացմամբ զբաղվող թիմն ընդլայնելու նպատակով: Եթե դա հաջողությամբ ստացվի, ապա աշխատակիցների թիվը կաճի: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արդյունավետ եւ արագ մենք կկարողանանք զարգանալ»,- նշել է Վահե Կուզոյանը:
2018թ. մարտին ServiceTitan-ը ներդրումային C շրջանում $62 մլն ներգրավեց: Ներդրումային շրջանը գլխավորեց Battery Ventures-ը: Նույն տարվա նոյեմբերին ընկերությունը ներդրումային D ռաունդում $165 մլն ներգրավեց եւ այսուհետ գնահատվում է $1,65 մլրդ: Ներդրումային ռաունդը գլխավորում էր Index Ventures-ը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը