17:15 | 12.02.19 | Նորություններ | 9673

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է լուսավորել սահմանապահ գյուղերի փողոցները

Արդեն չորս տարի, Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդյունավետ գործընկերություն են ծավալվում՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում:

2016-ից Բերդավանում իրականացվել է երկու ծրագիր, որոնց արդյունքում տեղակայվել է 202 LED լուսարձակ՝ լուսավորելով 6100 մ երկարությամբ տարածք։ Այժմ էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 67-ով, լուսավորվել է հիմնական փողոցներից դեպի սահման ձգվող հավելյալ 2400մ ճանապարհահատված:

Իրականացված ծրագրերի շնորհիվ ընդհանուր առմամբ լուսավորվել է 8500 մ երկարությամբ ճանապարհահատված:

«Մեր գործընկերների հետ ձգտում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կոնկրետ մի քանի խնդիր են լուծում. դրանք թույլ են տալիս հեռավոր գյուղերն ապահովել ժամանակակից ենթակառուցվածքներով, նպաստում են միջոցների տնտեսմանը, էներգիայի խնայողությանը եւ հասարակությանը սովորեցնում են բնական ռեսուրսներից օգտվելու քաղաքակիրթ մոտեցումը: Եթե մարդիկ սովորեն տնտեսել եղածը եւ փնտրեն հարցերի կարգավորման արդյունավետ ճանապարհ՝ առկա խնդիրներն ավելի արագ կլուծվեն: Մեր բնությունը դա թույլ է տալիս: Բերդավան գյուղում, դեռեւս 2016 թվականի աշնանը, համատեղ ուժերով LED համակարգով լուսավորել ենք կենտրոնական փողոցները: Անցյալ տարի գյուղի դպրոցում գործարկել ենք արեւային ջրատաքացուցիչ: Այսօր ունենք նոր ձեռքբերում. լուսավորվել են նաեւ երկրորդական փողոցները: Սակայն, ամենամեծ ձեռքբերումը կլինի այն ժամանակ, երբ երկարաժամկետ այս ծրագրերի արդյունքում, մարդիկ կսովորեն մերժել սպառողական մոտեցումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: