18:04 | 09.01.19 | Նորություններ | 15905

ՀԾԿՀ-ն «անհիմն» է որակել Ucom-ի պնդումները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացված է ստորեւ.

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) անհիմն է համարում նախօրեին «Յուքոմ» ընկերության կողմից Հանձնաժողովին հասցեագրված հակամրցակցային անհավասար պայմանների ստեղծման վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք վերաբերում են 811-821ՄՀց եւ 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթ հայտարարելուն:

Նախ տարակուսելի է խնդրի հանրայնացումը առնվազն նախօրեին՝ հաշվի առնելով, որ Հանձնաժողովի որոշումը տեւական ու համակողմանի քննարկում է անցել եւ համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր պետական մարմինների ու կողմերի հետ, այդ թվում՝ հրապարակվել www.e-draft.am եւ www.psrc.am կայքերում։ Առավել անհասկանալի է այն, որ ընկերությունը մասնակցել է Հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել է հիշյալ որոշումը եւ որեւէ առարկություն չի ներկայացրել։

Երկրորդ, ընկերության կողմից համադրում է կատարվել 2013 թվականին Հանձնաժողովի կողմից հայտարարված 800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթի հետ, ինչն ընդունելի չէ, քանի որ՝

Հանձնաժողովի կողմից 2013 թվականին հայտարարված մրցույթի 6,225 մլրդ դրամ մեկնարկային գինը եւ պարտավորությունները սահմանվել էին ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի արձանագրային որոշմամբ Հանձնաժողովին ներկայացված առաջարկության հիման վրա եւ նպատակաուղղված էին անալոգային հեռուստառադիոհեռարձակումից թվայինին անցնելու` ՀՀ-ի կողմից ԵՄ առջեւ ստանձնած պարտավորության կատարմանը, ինչպես նաեւ շարժական կապի LTE Advanced տեխնոլոգիայի ներդրմանը։ Արդյունքում մրցույթի պայմանները հետաքրքրեցին միայն շարժական լայնաշերտ ինտերնետ ծառայությունների շուկա նոր մուտք գործող «Յուքոմ» ընկերությանը, որն էլ ճանաչվեց հաղթող.

2013 թվականին հայտարարված մրցույթի ժամանակ, երբ հեռահաղորդակցության շուկայում ներդրված չէր շարժական կապի LTE Advanced տեխնոլոգիան, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությանն էր թողնված մրցույթի արդյունքում տրամադրվող թույլտվությամբ սահմանված՝ լայնաշերտ ինտերնետ ծածկույթով ապահովման ենթակա ՀՀ բնակավայրերի 80 տոկոսի ընտրությունը.

Հանձնաժողովի կողմից ցանկացած մրցույթի անցկացում, բնականաբար, ենթադրում է կոնկրետ ռեսուրսավճարի տեսքով համապատասխան մուտքերի ապահովում ՀՀ պետական բյուջե։ Սակայն, նշված հանգամանքը երբեւէ ինքնանպատակ չի եղել եւ մշտապես ուղղված է եղել տվյալ ժամանակահատվածում ոլորտի առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրների լուծմանը։ Նշված սկզբունքն ընկած է նաեւ միջազգային առաջավոր կարգավորումների հիմքում, համաձայն որի, օրինակ, մի քանի անգամ ավելի շատ ներդրումներ պահանջող շարժական կապի նորագույն սերնդի (5G) տեխնոլոգիաների ներդրումը կարգավորող մարմիններից պահանջում է առավել խթանիչ եւ ճկուն կարգավորման քաղաքականության իրականացում՝ միտված պահանջվող ներդրումներին համահունչ ռեսուրսավճարների նվազեցմանը։

Հանձնաժողովը, ելնելով նշվածից եւ հաշվի առնելով շարժական կապի LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված առավել խնդրահարույց 121 բնակավայրերի առկայությունը (բիզնես տեսանկյունից ներդրումների կատարման աննպատակահարմարություն, նոսր բնակչություն, բարդ տեղադիրք, ենթակառուցվածքների դժվար հասանելիություն), ինչպես նաեւ Հայաստանի հետ համանման շուկաներ ունեցող երկրներում նույն տիրույթների համար անցկացված մրցույթների շրջանակում ռեսուրսավճարների չափերը (Վրաստան, Մոլդովա), 2018 թվականին հայտարարված մրցույթի մեկնարկային գին սահմանեց 1,5 միլիարդ դրամը։

Միաժամանակ, հաղթող ընկերության համար 2013 թվականի մրցույթում առաջադրված պարտավորություններից բացի սահմանվեց վերը նշված 121 բնակավայրերը եւս LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով ապահովելու պարտավորություն։ Ընդ որում, նշված պարտավորության իրականացման համար ըստ «Յուքոմ» ընկերության նախկինում ներկայացրած գնահատականի՝ կպահանջվի 5,3-6,1 միլիարդ դրամի ներդրում:

Հետեւությունները թողնելով հանրության դատին՝ ցավում ենք, որ «Յուքոմ» ընկերությունը, տիրապետելով վերը նշված տեղեկատվությանը եւ մասնակցելով որոշման ընդունման գործընթացին, ապատեղեկատվության տարածմամբ փորձել է հանձնաժողովի որոշումը դարձնել տարաբնույթ շահարկումների առարկա»: