12:20 | 09.01.19 | Նորություններ | 3572
Samsung Galaxy սմարթֆոնների տերերը պարզել են, որ որոշ մոդելներից անհնար է ջնջել Facebook հավելվածը, գրում է Bloomberg օնլայն պարբերականը:
Պարբերականը նշում է, որ որոշ մոդելներ թույլ չեն տալիս օգտատիրոջը ցանկության դեպքում հանել հավելվածը սմարթֆոնից, եւ որ այն արդեն համակարգում է, երբ գնում ես հեռախոսը:
Bloomberg-ը զրուցել է մտահոգ օգտագործողներից մեկի հետ, որը չի կարողացել իր Samsung Galaxy S8 սմարթֆոնից ջնջել հավելվածը: Հեռախոսն առաջարկել է միայն հավելվածը անջատելու (disable) տարբերակը: Սա հեռախոսի տիրոջ մոտ հարցեր է առաջացրել. որքանո”վ է ստույգ, որ Facebook-ն այդպես անջատվում է, արդյո”ք անջատված, բայց հեռախոսի մեջ դեռեւս գտնվող հավելվածը կարող է մուտք ստանալ հեռախոսի տիրոջ տեղեկատվությանը, գտնվելու վայրին, եւ այլն:
«Մենք հաճախորդներս պետք է ասենք, թե ինչ են ուզում եւ ինչ չենք ուզում ունենալ մեր հեռախոսներում»,- ընդգծել է նա:
Bloomberg-ի հետ զրույցում Facebook-ի ներկայացուցիչը նշել է, որ հավելվածի անջատված տարբերակը նույն կարգավիճակն ունի, ինչպես ջնջված լինելու դեպքում: Այն չի շարունակում ինֆորմացիա հավաքել եւ դա փոխանցել Facebook-ին:
Ընկերությունում նշել են, որ հեռախոսից հավելվածի ջնջվել-չջնջվելու հնարավորությունը հիմնված է այն պայմանագրերի վրա, որոնք տարիների ընթացքում Facebook-ը կնքել է տարբեր ընկերությունների, այդ թվում Samsung-ի հետ: Թեեւ Facebook-ում չեն բացահայտել այդ պայմանագրերի ֆինանսական կողմը, սակայն նշել են, որ դրանք ուղղված են հեռախոսի տուփը բացելուն պես հաճախորդին առավելագույն հարմարություն հաղորդելուն:
Facebook-ը նաեւ հրաժարվել է տրամադրել այն գործընկերների ցանկը, որոնց հետ ինքը նախապես տեղադրված (pre-installed) հավելվածներ ունենալու պայմանագրեր է կնքել: Դա կարելի է անել միայն հեռախոսը գնելիս՝ հարցնելով վաճառողին, թե արդյոք տվյալ մոդելում Facebook-ն արդեն առկա է:
Թվային դեմոկրատիայի կենտրոնի գործադիր տնօրեն Ջեֆ Չեստերի խոսքով, մարդիկ միայն վերջերս են սկսել հասկանալ, որ մոբայլ հավելվածները լրտես են իրենց գրպանում:
«Facebook-ը պետք է հանրային փաստաթղթերով ցույց տա, որ իրոք որեւէ դատա չի ստանում կամ տրամադրում, երբ հավելվածը անջատվում է»,- նշել է նա:
Bloomberg-ը, որպես համեմատություն, խոսում է նաեւ Apple-ի մասին, նշելով, որ iPhone-ը, որը ԱՄՆ-ու ամենաշատ վաճառվող սմարթֆոնն է, իր նոր մոդելներում չունի նախապես տեղադրված Facebook կամ այլ՝ երրորդ կողմի հավելվածներ: