06:55 | 15.03.16 | Հոդվածներ | exclusive 97004

Pixomatic. Հայկական սմարթ ֆոտոխմբագրիչ՝ AppStore-ում

Գործարկվել է լուսանկարների խմբագրման Pixomatic հավելվածը, որն իրենից սմարթ ֆոտոխմբագրիչ է ներկայացնում:

14 լեզուներով (այդ թվում՝ հայերենով) առկա հավելվածը հասանելի է AppStore-ում:

Pixomatic-ը մշակվել է Qube հայկական ընկերության կողմից: Հավելվածն արժե $2.99:

Itel.am-ի հետ զրույցում ընկերության մարքեթինգի պատասխանատու Գարիկ Ավետիսյանը պատմել է, որ պատկերների մշակման սեփական համակարգի միջոցով հավելվածը հնարավորություն է տալիս հեշտորեն խմբագրել նկարները` դրանց հաղորդելով կրեատիվ տեսք: 

«Pixomatic ֆոտոխմբագրիչն ամբողջովին պատրաստվել է մեր փոքր թիմի կողմից: Այն հնարավորություն է տալիս հարմար եւ մատչելի ձեւով հեռացնել եւ փոխել նկարի ֆոնը, կարգավորել գույները եւ իրականացնել սելեկտիվ ուղղումներ: Հավելվածի մշակումը տեւեց շուրջ 5 ամիս: Ցանկանում էինք վստահ լինել, որ այն զվարճալի է, արագ եւ հարմար օգտագործման համար»,- նշել է Գարիկ Ավետիսյանը:


 
Qube-ի գործադիր տնօրեն Գեւորգ Համբարձումյանն էլ ընդգծել է, որ այսօր նկատելի է մեծ անդունդ՝ տեխնոլոգիական վերջին հաջողությունների եւ iOS հավելվածների սովորական օգտատերերի միջեւ:

«Գործառույթներից մեկը, որը հաստատ դուր կգա օգտագործողներին, ընտրված օբյեկտի եզրագծերի (կոնտուրի) ավտոմատ որոշումն է, որը հնարավորություն է տալիս այդ օբյեկտը լրիվ անջատել ֆոնից եւ ստեղծել հետաքրքիր եւ կրեատիվ կոմպոզիցիաներ»,- տեղեկացրել է Գեւորգ Համբարձումյանը:

Նա պատմել է, որ Qube-ը հիմնադրել են 3 ընկերներով անցած տարվա հունիսին:

«Ցանկանում էինք կենտրոնանալ C++ աութսորս ծառայությունների վրա: Սակայն մեկնարկից 2 ամիս անց սկսեցինք մտածել սեփական պրոդուկտ մշակելու ուղղությամբ: AppStore-ը հետազոտելով պարզեցինք, որ ավտոմատացված ֆունկցիաներով սմարթ ֆոտոխմբագրիչի բաց է առկա: Արդեն օգոստոսից սկսեցինք որոշ ֆունկցիաներ ավտոմատացնել, հավելվածն էլ անվանեցինք Pixomatic (Pixel automation), որն ընդգծում է մեր նպատակը՝ սմարթ ֆոտոխմբագրիչի ստեղծումը»,- նշել է Qube-ի գործադիր տնօրենը:



Pixomatic-ի ծրագրավորողների թիմի ղեկավար Սասուն Համբարձումյանն իր հերթին ընդգծել է, որ այսօր իրենց նպատակն է պատրաստել գլոբալ մակարդակի iOS հավելված, որից հետո միայն կկենտրոնանալ Android տարբերակի մշակման վրա:

«Pixomatic-ը հարմար է օգտագործման համար, գրեթե բոլորը կարող են դրանով աշխատել»,- նշել է Սասուն Համբարձումյանը: 

Ֆոտոխմբագրիչի մշակմամբ զբաղվող թիմը նախատեսում է յուրաքանչյուր 1-2 շաբաթը մեկ թարմացնել հավելվածը: Մոտ օրերս էլ հավելվածը հասանելի կդառնա iPAD-ի համար: Հեղինակների խոսքով՝ այն կընդգրկի ավելի շատ ավտոմատ գործառույթներ:

Նարինե Դանեղյան