Ռոբերտ Լեւոնյանը
07:36 | 14.03.16 | Հոդվածներ | exclusive 15496
Գործարկվել է A2B Transport հավելվածը, որը հնարավորություն է տալիս գտնել Երեւան քաղաքի տրանսպորտային երթուղիները (ավտոբուսներ, տրոլեյբուսներ, միկրոավտոբուսներ):
Itel.am-ի հետ զրույցում հավելվածի հեղինակ Ռոբերտ Լեւոնյանը պատմել է, որ հիմնական նպատակն է մարդկանց օգնել հեշտ կողմնորոշվել տրանսպորտային երթուղիների որոնման հարցում։
«Մեկ տարի առաջ, երբ նոր էի սովորում Android ծրագրավորում, մտածեցի, որ հարկավոր է նման հավելված մշակել: Այն օգտակար կլիներ, քանի որ շատ են հանդիպում մարդիկ, որոնք կանգառներում մոտենում են ու հարցնում, թե տվյալ վայր ի՞նչ տրանսպորտ է գնում։ Ուղեւորները ստիպված են արագ կարդալ երթուղայինների կամ ավտոբուսների վրա մանր գրված տեքստերը կամ էլ մոտենալ ու հարցնել վարորդներին։ Մտածեցի, որ նման խնդիրներից խուսափելու համար լավ կլիներ ստեղծել հավելված, որը կպատասխաներ մարդկանց նմանատիպ հարցերին»,- պատմել է Ռոբերտ Լեւոնյանը:
Նրա խոսքով՝ շուկայի ուսումնասիրությունը պարզել է, որ նմանատիպ հավելվածներ կամ կայքեր թեեւ կան, սակայն օգտագործման համար այնքան էլ հարմար չեն:
«Որոշեցի, որ ամենամեծ շեշտը պետք է դրվի հենց հարմարավետության վրա։ Սկսեցի ինտերֆեյսը նախագծել, ինչին զուգահեռ ծրագրավորումն էլ էի անում։ Այդ ժամանակ ընկերներիցս մեկը՝ Անին, առաջարկեց ինտերֆեյսի մեջ փոփոխություններ անել ու գունային տարբեր նոր լուծումներ ավելացնել։ Երկուսով անցանք գործի ու մոտ մեկ շաբաթում ստեղծեցինք այն տեսքը, որն այժմ կա: Որոշվեց նաեւ ստանդարտ icon-ները փոխարինել մեր ստեղծվածներով։ Անին դրանք նկարեց՝ որպես հիմք վերցնելով Երեւանի քաղաքային տրանսպորտի գույնը՝ ավտոբուսները մանուշակագույն, երթուղայինները՝ դեղին, տրոլեյբուսները՝ կանաչ»,- նշել է Ռոբերտ Լեւոնյանը:
Նրա խոսքով՝ եթե հավելվածի նախնական տարբերակը միայն հնարավորություն էր տալիս ճիշտ կողմնորոշվել տրանսպորտային երթուղու ընտրության հարցում, ապա ավելի ուշ ավելացվեց նաեւ ընտրված երթուղու մանրամասները դիտելու հնարավորություն։
«Այժմ աշխատում ենք քարտեզների վրա, ինչը հնարավորություն կտա դիտել քարտեզի վրա ընտրված երթուղին, ինչպես նաեւ որոնում իրականացնել նշված երթուղիով։ Ավելացնելու ենք նաեւ ավտոմատ տեղորոշման հնարավորություն։ Այսինքն, ցանկության դեպքում, հավելվածն ինքը կորոշի, թե դուք այդ պահին որ կանգառի մոտակայքում եք։ Ավելացվելու են նաեւ ֆունկցիաներ՝ կապված ժամանման ժամանակի որոշման հետ, ինպես նաեւ կրովի սարքերի (Android Wear) համակարգի հասանելիություն»,- ընդգծել է հավելվածի հեղինակը:
Հավելվածն այսօր ներառում է Երեւանի երթուղիների գերակշրող մեծամասնությունը: Առաջիկայում ավելացվելու են նաեւ միջմարզային երթուղիները։
«Հնարավոր է՝ ավելացվեն ՀՀ այլ քաղաքների քարտեզը, որտեղ գործում է տրանսպորտային համակարգված ցանց: Ունենալու ենք նաեւ iOS, Windows Mobile եւ Web տարբերակները»,- եզրափակել է Ռոբերտ Լեւոնյանը:
Նարինե Դանեղյան