11:34 | 02.03.16 | Հոդվածներ | exclusive 2917

InSales.am հարթակը՝ միջնորդ բիզնեսի եւ հաճախորդի միջեւ

Գործարկվել է InSales.am հարթակը, որը հնարավորություն է տալիս անվճար ծանոթանալ եւ օգտվել տարբեր ընկերությունների կողմից ներկայացվող առաջարկներից, ակցիաներից եւ զեղչերից՝ պատասխանելով 3 հարցի:

Հարթակի հեղինակներն են Beap Media ընկերության համահիմնադիրներ Տարոն Պապիկյանը եւ Տիգրան Բաղդասարյանը:

Ընկերությունը մասնագիտացած է բիզնես գործընթացների համար թվային նորարար լուծումների մշակման գործում:

Թվային մարքեթինգի փորձագետ, ինովացիոն նախագծերի ղեկավար Տարոն Պապիկյանը նշել է. «Ենթադրենք դուք սրճարանի սեփականատեր եք, ունեք որեւէ առաջարկ կամ ակցիա, բայց ինքներդ չեք կարողանում այդ առաջարկը լսելի դարձնել: Մենք մշակում ենք նաեւ գովազդի կոնտենտը, պատրաստում դիզայնը, ձեւակերպում ակցիան եւ տեղադրում կայքում: Այն գովազդվում է թիրախավորված լսարանին Facebook-ի եւ Instagram-ի միջոցով»:

Նրա խոսքով` իրենք պատրաստել են հատուկ գովազդային խմբեր, որոնց համար թիրախավորված գովազդ են միացնում՝ ծանոթացնելով ակցիաներին:


Description Տարոն Պապիկյանը

«Առաջարկին ծանոթանալուց հետո այցելուն սեղմում է «Վերցնել կուպոն» կոճակը, լրացնում է իր անձնական տվյալները, պատասխանում 3 կարճ հարցի, նշված էլփոստով ստանում կուպոնը, այցելում տվյալ առաջարկը կամ ակցիան ներկայացնող ընկերություն եւ ներկայացնելով կուպոնային կոդը՝ ստանում զեղչ կամ նվեր»,- ասել է Տարոն Պապիկյանը:

ՏՏ փորձագետ, ՏՏ նախագծերի ղեկավար Տիգրան Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ այդ հարցումների միջոցով, վաճառքից բացի, լուծում են մարքեթինգի թիրախավորման խնդիրը, ինչին «Հայաստանում այսօր շատ քիչ գործարարներ են ուշադրություն դարձնում»: Իմանալով իր թիրախային լսարանը՝ բիզնեսը հետագայում ավելի արդյունավետ պրոմոյի հնարավորություններ է ստանում:


Description Տիգրան Բաղդասարյանը

«Արդեն 15 ընկերության հետ պայմանավորվածություն ունենք շուրջ 50 ակցիայի ներկայացման համար: Հարկ է նշել, որ զեղչերը եւ առաջարկներն իրական են լինելու, եւ գործընթացը մեր կողմից վերհսկվելու է: Այնպես չի լինելու, որ առաջարկի մասին հրապարակելուց առաջ բիզնեսը կտրուկ բարձրացնի ապրանքի գները, եւ հետո մեզ մոտ հայտարարի այսքան տոկոս զեղչի մասին»,- նշել է Տիգրան Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ իրենք հանդես են գալիս նաեւ անակնկալներով: Ներկայում, օրինակ, նրա խոսքով՝ գործընկերներից մեկի հետ համատեղ խաղարկվում է iPhone:

Մինչեւ ամառ կայքում անընդհատ նոր գործիքներ են ինտեգրվելու, երեք ամսից էլ պատրաստ կլինի մոբայլ հավելվածը:

Նարինե Դանեղյան