13:31 | 29.02.16 | Հոդվածներ | exclusive 7677

#ՏեխնոՓետրվարը՝ Արտաշես Վարդանյանի հետ

Itel.am-ը սկսում է նոր շարք՝ #ՏեխնոԱմիս. ամեն անցնող ամսվա վերջին օրը ՏՏ ոլորտի որեւէ հայ ներկայացուցիչ ամփոփում է ամիսը՝ խոսելով հայաստանյան, միջազգային տեխնո ձեռքբերումների, ինչպես նաեւ սեփական ընկերության հաջողությունների մասին:

Տեխնոլոգիական փետրվարն ամփոփում ենք Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) տնօրեն Արտաշես Վարդանյանի հետ: Նրա գլխավորությամբ կենտրոնը փետրվարին կազմակերպեց Demo Day միջոցառումը:

#ՏեխնոՓետրվարը՝ Հայաստանում

«Այբ» դպրոցում փետրվարի 21-ին կայացավ ՄԻԿ Աքսերելացիոն ծրագրի «Դեմո օրը», որին ներկա էր ՏՏ ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչ, այդ թվում՝ հավանական ներդրողներ եւ ձեռներեցներ, Հայաստանի ստարտափ եւ ՏՏ համայնքի ներկայացուցիչներ:

«Դեմո օրը» մրցույթ չէ, այնտեղ չկան հաղթողներ ու պարտվողներ: Ստարտափները ներկայացնում են իրենց պրոդուկտները: Սովորաբար հանդիսատեսի շրջանում լինում են մարդիկ, որոնք հետաքրքրվում են այս կամ այն ստարտափի հետ համագործակցությամբ, նրանում ներդրում կատարելու հնարավորությամբ:



Միջոցառման շրջանակում 10 ստարտափից 6-ը առաջին կապերը հաստատեց հավանական ներդրողների, ինչպես նաեւ գործընկերների հետ: 

«Դեմո օրը» նաեւ ՏՏ համայնքին մեկ տեղում հավաքելու, եւ վերջին զարգացումները ներկայացնելու լավ հարթակ է:

Կարեւոր է նաեւ այն, որ մեծացավ հետաքրքրությունը Աքսերելացիոն ծրագրի նկատմամբ: Միայն այդ օրը շուրջ 10 ստարտափ թիմ հետաքրքրվում էր, թե ինչպես եւ երբ դիմել աքսելերացիայի հաջորդ փուլին մասնակցելու համար:

#ՏեխնոՓետրվարը՝ աշխարհում

Փետրվարին հայերը հերթական անգամ միջազգային տեխնոլոգիական բարձունքում էին:

Մեր հայրենակիցներ Հրաչիկ եւ Թաթուլ Աջամյանների ստեղծած Wakie մոբայլ հավելվածը ԱՄՆ-ում միացավ Y Combinator-ին: Նշեմ, որ սա մեծ ձեռքբերում է, քանի որ Y Combinator-ում մրցակցությունը չափազանց մեծ է, հազարավորների մեջ ընտրվում է ընդամենը մի քանի տասնյակ ստարտափ:



Պարզ դարձավ նաեւ, որ Wakie-ն վերջին շրջանում տարբեր ներդրողներից եւ բիզնես հրեշտակներից ներգրավել է $1 մլն: Հատկանշական է նաեւ այն ցուցանիշը, որ Wakie-ով արդեն շաբաթական 1 մլն զանգ է իրականացվում:

Այս ամիս հերթական միջազգային մրցանակը Հայաստան բերեց Shadowmatic-ը: Վերջինս հաղթեց Ամստերդամում կայացած Indie Prize Awards-ի շրջանակում՝ Best Game Art անվանակարգում:


Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը Indie Prize Awards-ում

#ՏեխնոՓետրվարը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

ՄԻԿ-ը՝ Մայքրոսոֆթի հետ համագործակցությամբ եւ ՀՀ կառավարության աջակցությամբ սկսել է ծրագիր, որի նպատակն է տարբեր ոլորտների Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) համար խնդիրներ վեր հանել եւ ամպային տեխնոլոգիաների հիման վրա լուծումներ առաջարկել: Դրանցից են CRM, ERP, Productivity, Sales Cycle management, Warehouse management, Daily operations management եւ մի շարք այլ ուղղությունների վերաբերող լուծումները:

Այսօր ԱՄՆ-ում ցանկացած փոքր եւ միջին բիզնես ունի տարբեր լուծումներ, որոնք թեթեւացնում են առօրյա հոգսերը եւ կառավարում առօրյան՝ միաժամանակ լինելով շատ մատչելի, հնարավորություն են տալիս բիզնեսին կենտրոնանալ ավելի շատ զարգացման, քան առօրյա հոգսերի վրա:

Օրինակ, դա կարող է լինել մոբայլ հավելված, որը հնարավորություն կտա տեսնել, թե քո վարսավիրը որ ժամերին կարող է հաճախորդ ընդունել եւ կոճակի մեկ հպումով ամրագրել քեզ հարմար ժամը: Սա ազատում է վարսավիրին անհարկի զանգերից, երկար խոսակցություններից:

Հիմա ՄԻԿ-ում Մայքրոսոֆթ ԷրԷյ-ի հետ փորձում ենք վեր հանել տարբեր ուղղություններով ՓՄՁ-ների տարածաշրջանային խնդիրները եւ դրանց համար լուծումներ առաջարկել: Լուծումները նախատեսվում է թեստավորել Հայաստանում, ինչից հետո հաջողված պիլոտային ծրագրերը Մայքրոսոֆթի օգնությամբ դուրս կհանվեն տարածաշրջանի, այդ թվում՝ Արեւելյան Եվրոպայի երկրներ: 



Հայաստանում կա շուրջ 65 հազ. ՓՄՁ: Հաշվի առնելով այն, որ ինտերնետից օգտվում է բնակչության շուրջ 70%-ը, ապա 40-50 հազ. ՓՄՁ կարող է թիրախում լինել:

Արդյունքում, ամսական 600 հազ. դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսը կարող է իրեն թույլ տալ ամսական օրինակ 10 դոլար վճարելով ձեռք բերել լուծում, որը կթեթեւացնի իր առօրյա աշխատանքը:

Ծրագրի շրջանակում տարեսկզբին հայտարարեցինք ՄԻԿ-ի թիմին միանալու հայտերի ընդունման մասին: Դիմեց շուրջ 400 հոգի, որից 120-ն ընտրվեց հարցազրույցի փուլին մասնակցելու համար:

Օրեր առաջ ավարտեցինք հարցազրույցի փուլը, եւ ընտրված մեծ ներուժ ունեցող ուսանողների հետ սկսելու ենք մարտից աշխատել: Նրանք ՄԻԿ-ում անվճար հիմունքներով մասնակցելու են ամպային տեխնոլոգիաներին նվիրված թրեյնինգների, ստանալու են խորհրդատվություն, կարճ ժամանակում ձեւավորվելու են թիմեր:

Պլանավորում ենք վեր հանել 10-12 խնդիր, որոնք այսօր ունեն հայաստանյան ՓՄՁ-ները, որից հետո թիմերին կհանձնարարենք պրակտիկ լուծումներ մշակել: Ենթադրում եմ, որ մոտ 3 ամսից արդեն կունենանք շուկայում թեստավորման ենթակա պատրաստի լուծումներ:

Նարինե Դանեղյան