17:39 | 17.05.18 | Նորություններ | 15413

SmartGateVC-ն ներդրում է կատարել Embry ստարտափում

SmartGateVC միկրո վենչուրային հիմնադրամը հայտարարել է Embry ստարտափում ներդրում կատարելու մասին:

Նախասաղմնային փուլում որպես համաներդրող հանդես է եկել Citymobil ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Ռադիկ Վերդյանը:

Embry-ն քաշի կառավարման նոր սերնդի կրելի սարք է: Այն տեղեկացնում է քաշի ավելացման դեպքում ու հեռախոսային հավելվածի միջոցով տալիս քաշը պահպանելու ու սննդակարգի վերաբերող խորհուրդներ:

Նախնական թիրախային լսարանը զբաղված կանայք են:

«Վաղ շրջանում դու ներդրում ես անում թիմում եւ տեսլականում: Embry-ի տեսլականը վիթխարի է, եւ արդեն 3 տարի է, ինչ գիտենք ստարտափի հիմնադիրներին: Տեսնում ենք շարունակական զարգացում նրանց աշխատանքում եւ, պարզ ասած, սա ներդրում է անհավատալի աճ արձանագրած մարդկանց մեջ»,- նշել է SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը:

«Երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի SmartGateVC-ի ցանցի եւ ռեսուրսների միջոցով ստարտափը հաջողակ դարձնենք Սիլիկոնյան հովտում»,- ասել է SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը:

«Այս նախասաղմնային փուլի ներդրումը կօգնի մեր նախատիպը դարձնել վերջնական պրոդուկտ եւ հանել շուկա, ինչպես նաեւ փորձարկել մարքեթինգային տարբեր ռազմավարություններ: SmartGateVC-ի թիմին մեր կողքին ունենալը թույլ կտա մեզ ավելի խելացի գործել եւ ավելի արագ»,- ասել է Embry-ի համահիմնադիր Սարգիս Կարապետյանը:

SmartGateVC-ի հիմնադիր խորհրդատու Վազգեն Հակոբջանյանն էլ հավելել է, որ Embry-ն հայտնաբերել է «տեխնոլոգիական ստարտափի քաղց ունեցող շուկա»:

$3 մլն թիրախային կապիտալով SmartGateVC հիմնադրամը մինչեւ $100 հազ. ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, անվտանգությունը եւ իրերի ինտերնետը:

Հիմնադրամը փետրվարի վերջին հայտարարեց, որ ներդրում է ստացել ամերիկացի վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերից, որը Skype, Baidu, Hotmail եւ Tesla ընկերություններում առաջին ներդրողներից է: Երևանում ֆոնդը գործում է Hero House քովորքինգ տարածքում: