11:31 | 20.02.18 | Նորություններ | 25851

Թիմ Դրեյփերը ներդրում է կատարել SmartGateVC-ում

Ամերիկացի վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը Skype, Baidu, Hotmail եւ Tesla ընկերություններում առաջինն ներդրողներից է, ինչպես նաեւ բիթքոինին ամենաառաջին հավատացողներից մեկը, ներդրում է կատարել SmartGateVC-ում:

Ներդրման չափն այս պահին հրապարակման ենթակա չէ:

Դեռ 2012թ. Թիմ Դրեյփերը Սիլիկոնյան հովտում հիմնել է Draper University-ն, որի նպատակն է ձեռներեցություն եւ բիզնես վարելու հմտություններ սովորեցնել:

SmartGateVC-ն միկրո վենչուրային հիմնադրամ է՝ $3 մլն թիրախային ծավալով: Այն մինչեւ  $100 հազ. ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում:

Hero House քովորքինգ տարածքում գործող հիմնադրամը հիմնականում ներդրումներ է կատարում արհեստական բանականության, անվտանգության եւ իրերի ինտերնետի ուղղություններում: Ընկերության առաջին երկու ներդրումներն են XCloud Networks եւ 2Hz ստարտափները:

SmartGateVC-ում նշել են, որ 2015թ. համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանն ընդունվել էր Draper University: Ավելի ուշ Համբարձումն իր ընկերներ Վազգեն Հակոբջանյանի եւ Աշոտ Արզումանյանի հետ հիմնել է SmartGateVC հիմնադրամը:

Խոսելով ներդրման մասին՝ Թիմ Դրեյփերը նշել է, որ իրենք հավատում են իրենց ուսանողներին եւ աջակցում նրանց նախաձեռնություններին:

«Հավատում ենք, որ մեր շրջանավարտները կտարածեն համալսարանի մշակույթն ամբողջ աշխարհում եւ աշխարհն ավելի լավը կդարձնեն: SmartGateVC-ում ներդրումը ցույց է տալիս իմ վստահությունն իմ ուսանողի եւ այն պլանների նկատմամբ, որոնք նա ունի իր թիմի եւ շրջապատի ձեռներեցների հետ միասին՝ կապված հայաստանյան ստարտափ էկոհամակարգի հետ»,- նշել է Թիմ Դրեյփերը:

«Մենք հավատում ենք, որ սա կյանքը փոխող իրադարձություն է ոչ միայն մեր, այլեւ ամբողջ հայաստանյան ՏՏ էկոհամակարգի համար: Այսօր Draper Venture Network-ը գործում է աշխարհի շուրջ 60 քաղաքներում, ունի $1,8 մլրդ կոլեկտիվ ակտիվներ՝ շուրջ 500 պորտֆոլիո ընկերություններում: Թիմ Դրեյփերի ներդրումը SmartGateVC-ում դեպի այս ցանց հայ հիմնադիրներին մեկ քայլ առաջ է տանում»,- նշել է Համբարձում Քաղկեցյանը:  

SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանն էլ հավելել է, որ Թիմ Դրեյփերի հետ միասին իրենց հիմնադրամին աջակցում է նաեւ ձեռներեցների եւ ՏՏ ոլորտի դեմքերի մեծ խումբ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից: